24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոյկոտելու որոշումը Մարուքյանը չի ընդունում (վիդեո)

Henaran.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

-Պարո՛ն Մարուքյան, մի շարք տեսակետներ են հնչում, որ իշխանությունը բարեփոխումներ է անում, նկատի ունեմ գազի, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցում, քանի որ նախընտրական PR ակցիաների կարիք կա, մեկ այլ խումբ էլ ասում է, որ ուղղակի իշխանությունը վախենում է չվերընտրվել: Դուք ի՞նչ եք կարծում:

-Ես գտնում եմ, որ այդ հնարավորությունը եղել է ավելի վաղ, և իշխանությունները կարող էին ավելի շուտ հասնել նրան, որ նվազեցվեին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, դրա համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն, և այն, ինչ որ հիմա արվում է, կոսմետիկ բնույթ է կրում, որովհետև ինչ-որ զգալի բան ես չեմ տեսնում: Բնականաբար, դա ունի կոնկրետ ինչ-որ նպատակ, այսինքն` ընտրություններից առաջ մեղմել մեր քաղաքացիների զայրույթն ընդդեմ այս համակարգի, որ մենք ունենք:

Ձեր կուսակցությունն անո՞ւմ է ինչ-որ քննարկումներ` խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ:

-Այո, անում է, բայց դեռևս ներսում:

Այլ քաղաքական ուժերի հետ միավորվելու վերաբերյալ քննարկումներ կա՞ն:

-Առայժմ ներսում են քննարկումները:

Այլ կուսակցությունների հետ միավորվելու բանակցություններ, այսինքն, չկա՞ն դեռևս:

-Ոչ, երբ մենք ներսում կկողմնորոշվենք` ինչ ենք ուզում, ում հետ կարող ենք համագործակցել, ում հետ ոչ, այդ ժամանակ արդեն կոնկրետ մեր մոտեցումներով կսկսենք քաղաքական կոնսուլտացիաներ, եթե դրա կարիքը լինի, եթե ոչ, ուրեմն` ոչ, ուրեմն, մենք առանձին կմասնակցենք:

-Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի կողմից առաջարկ եղավ բոյկոտել ընտրությունները` նման կերպ դրանք չլեգիտիմացնելով: Կո՞ղմ եք այդ առաջարկին:

-Մոտեցումը մեր կուսակցության բազային հիմնադիր փաստաթղթերին դեմ մոտեցում է: Միանշանակ, գտնում եմ, որ մասնակցելը ճիշտ է:

-Ինչո՞ւ, վստահություն կա՞, որ կեղծիքներ չեն լինի. ընդդիմությունը մշտապես հայտարարում է, որ բոլոր ընտրությունները կեղծված են եղել և լինելու:

-Գոնե 2012 թվականի ընտրությունների վերաբերյալ ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող ասել, որ ինքը հավաքել է 100 հազար ձայն, բայց արձանագրվել է 50 հազար ձայն: Սա մեկ և երկրորդ` եթե ընտրությունները կեղծվեն, դա չի նշանակում, որ պետք չէ պայքարել, որ չկեղծվեն, որ պետք չէ հսկել, որ պետք չէ քաղաքացիների հետ աշխատանք տանել, որ մարդիկ պայքարեն իրենք իրավունքների համար: Կարծում եմ եթե ֆրանսիական հեղափոխության ժամանակ ինչ-որ գործիչներ լինեին, որ ասեին` պետք չի պայքարել, կամ Ամերիկան փորձում էր գաղութատիրությունից ազատվել և դեմոկրատական երկիր դառնալ, և կոչեր անեին, թե պետք չի ընտրություններ անել, մասնակցել, այդ երկրները նորմալ երկիր չէին դառնա, և բնականաբար, այն մոտեցումները, որ ներկայացվում են, մեր առաքելության հետ որևէ կապ չունեն:

 

Զրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ