25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ականատեսը կլինենք, թե ինչպես է «քարը քարին դրվում». Դ. Ջամալյան

Henaran.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ  Դավիթ Ջամալյանն անդրադառնում է երեկվանից սահմանի լարվածությանը, հայկական բանակի մարտունակությանն ու մեր քաղած դասերին:

– Պարոն Ջամալյան, երեկ ՊԲ-ը  հաղորդագրություն տարածեց, համաձայն որի ադրբեջանական կողմը ժամեր շարունակ արկակոծում  է հայկական որոշ դիրքեր: Ի՞նչով է պայմանավորված այս ակտիվացումը, արդյոք սա պատերազմի մեկնարկի մասին է խոսում:

 –Ադրբեջանի հետ հակամարտությունը բնորոշվում է ցիկլայնությամբ՝ հարաբերական անդորրի փուլին որոշ ժամանակ անց փոխարինելու է գալիս լարվածության փուլը: Ընդ որում, այդ հարաբերական անդորրի տևականությունը ուղիղ համեմատական է լարվածության շրջանում թշնամու կրած կորուստների չափից. որքան կորուստներն` ավելի մեծաթիվ, անդորրն` այնքան ավելի տևական: Հերթական լարվածության փուլը վրա է հասնում այն դեպքում, երբ Ադրբեջանում մեծ կորուստների հանրային հնչեղությունը թուլանում է, երբ այդ կորուստները դառնում են անցյալ, երբ դժգոհության և ընկճվածության ճնշող մթնոլորտը ցրվում է:

Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները հատեցին «կրիտիկական» սահմանը: Ու նաև հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն, որ հակառակորդն արդեն ապրիլի 4-ի երեկոյան հրադադար խնդրեց: Եվ այդ պատճառով էլ հրադադարի ռեժիմը, հարաբերական անդորրը պահպանվեց քիչ, թե շատ երկար: Անշուշտ ադրբեջանական կողմը նաև խնդիր ուներ վերականգնելու իր ուժերը: Ապրիլին հակառակորդը մեր դեմ էր հանել իր ամենամարտունակ ստորաբաժանումները, որոնք քառօրյա մարտերի ընթացքում, բառի բուն իմաստով, մաղվեցին: Հատկապես մեծ կորուստներ կրեցին հատուկ նշանակության ուժերը: Ընդ որում, հատկապես զգայուն կորուստ էր այդ հատուկ նշանակության ուժերի հրամանատարական կադրերի զգալի մասի սպանվելը: Հակառակորդի մեծ կորուստները պայմանավորված էին նաև մեր հրետանու կողմից թշնամու կուտակումներին դիպուկ հարվածներ հասցնելու հանգամանքով:

Հիմա՝ ապրիլյան իրադարձություններից յոթ ամիս անց, ամենայն հավանականությամբ ալիևյան վերնախավն իրեն պատրաստ է համարում լարվածության նոր փուլ սկսելուն: Ըստ այդմ, ելքը մեկն է. մեր հակազդեցությունը պետք է լինի պրոֆեսիոնալ առումով գրագետ և ցավոտ, միաժամանակ:

՞նչ եք կարծում, սա որևէ կերպ կապ ունի Ադրբեջանում ընթացող զորավարժությունների հետ:

 – Զորավարժություններն, անշուշտ, Ադրբեջանի զինված ուժերի մարտական կարողությունների վերականգնմանն ուղղված քայլ է: Այդ զորավարժությունների ընթացքում կերևա, թե ինչ մարտավարական հնարքներ է թշնամին փորձելու կիրառել մեր դեմ իրական ագրեսիայի դեպքում: Հետևաբար այդ զորավարժությունները մեզ համար ունեն «ճանաչողական» նշանակություն:

Ինչ վերաբերվում է ծավալուն մարտական գործողությունների վերսկսման հավանական լինել չլինելուն, ապա զինվորակաները սկզբունքորեն չպետք է բացառեն իրադարձությունների զարգացման և ո՛չ մի սցենար, և վստահ եմ, որ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկված են: Եվ հետո տեղի ունեցողը մեր զինվորականության համար նոր բան չէ, և նման դեպքերում պրոֆեսիոնալները գիտեն, թե ինչպես է պետք գործել: Ի վերջո, Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է արցախյան ազատամարտի թոհ ու բոհով անցած ու ստեղծագործական միտք ունեցող պրոֆեսիոնալ զինվորական Մովսես Հակոբյանը, ով, ինչը շատ կարևոր եմ համարում, ունակ է համարձակ որոշումներ կայացնել բարդ իրավիճակներում: Պետք է նկատի ունենալ, որ ռեսուրսների առավելություն ունեցող հակառակորդի հետ հակամարտությունում մեր հաջողության գրավականներից մեկն ակտիվ նախաձեռնողականությունն է, համարձակ որոշումներով հակառակորդին ապշահար անելը:

Ընդհանուր առմամբ հետևությունը մեկն է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հրաժարվել իր ագրեսիվ հավակնություններից և, ապրիլյան իրադարձություններից հետո ուշքի գալով, կրկին նախապատրաստվում է նոր ագրեսիայի: Հետևաբար մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը, ագրեսիայի զսպման պոտենցիալի բազմապատկումը եղել և լինելու է առաջնահերթություն:

-Պարո’ն Ջամալյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դասեր քաղել ենք, դրա մասին շատերն են խոսում, փաստեր ներկայացնում: Ամեն դեպքում, ի՞նչպիսին է հիմա Հայոց բանակը, մարտական ոգին:

-Ապրիլյան մարտական գործողությունները փորձություն էին և՛ մեր բանակի, և՛ ընդհանուր առմամբ պետական համակարգի համար: Կարծում եմ, որ ի հայտ եկած բոլոր բացերով հանդերձ մենք, այնուամենայնիվ, հաղթահարեցինք այդ փորձությունը: Անթերի համակարգեր չեն լինում, և, բնականաբար, պատերազմը վեր է հանում պետական համակարգի, այդ թվում նաև պաշտպանական կառույցի խոցելի կողմերը: Սկզբունքորեն կարևորը, թերությունները, որոնք կրկնում եմ անխուսափելի են, տեսնել կարողանալն ու ժամանակին դրանք վերացնելն է: Առիթ ունեցել եմ ասելու, որ ինքնաքննադատականությունը բնորոշ է եղել Սեյրան Օհանյանի աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ շատ բան է արվել: Վստահ եմ, որ այդ մոտեցումը կշարունակի տիրապետել մեր պաշտպանական կառույցում, ու մենք նաև ապագայում ականատեսը կլինենք, թե ինչպես է «քարը քարին դրվում»: Կարող եմ ասել հետևյալը. մենք նաև ապրիլյան մարտերի փորձով իմաստացած պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ