13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Երբևէ չեմ երազել դերասան դառնալ»

14502777_1269555529762035_3738024439155410877_n

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, պարզվում է, երբեք չի երազել դերասանուհի դառնալ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորելու որոշումն էլ կայացրել է միանգամից, անսպասելիորեն: Այս և նմանատիպ այլ հետաքրքիր հարցերի մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ:

-Օլյա՛, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դերասանուհի դառնալ: Արդյո՞ք մանկուց երազել եք  դերասանուհի դառնալու մասին:

-Միգուցե տարօրինակ թվա, բայց երբևէ չեմ երազել դերասան դառնալ: Երբ դեռ երեխա էի, շատ էի սիրում նկարել, տիկնիկներիս համար զգեստներ էի կարում: Այդպես, ծնողներս որոշեցին ինձ նկարչության դասերի ուղարկել: Այնուհետև սկսեցի հաճախել «Atex» նորաձևության կենտրոն ու 12 տարեկանից սկսած՝ մրցույթների էի մասնակցում: Բուհ ընդունվելուց մեկ տարի առաջ սկսեցի  պարապել՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունվելու համար: Բայց ամեն անգամ, երբ մտնում էի այդ շենքը, հասկանում էի, որ չեմ ուզում ժամերով նստել մի տեղում ու նկարել, թեև,  իսկապես, շատ էի սիրում նկարչությունը: Ես արդեն ընկերներիս հետ եղել էի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ու երբ պետք է գնայի որպես դիմորդ գրանցվելու ու փաստաթղթերս հանձնելու, ճանապարհս փոխեցի ու Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա գնալու փոխարեն՝ գնացի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ստացվեց այնպես, որ, փաստորեն, բախտս բերեց: Պարզվեց՝ իմ շատ սիրելի, լուսահոգի Արմեն Մազմանյանը պետք է ուսանողների կուրս կավաքեր, ու ես հայտնվեցի հենց այդ կուրսում: Շատ գոհ եմ, որ ամեն ինչ հենց այդպես ստացվեց:

-Ձեր կերտած կերպարներից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին ու ամենահոգեհարազատը:

-Կարծում եմ՝ ես դեռ պետք է խաղամ այն դերը, որն ինձ համար կդառնա ամենահոգեհարազատն ու սիրելին, բայց պետք է ասեմ՝ շատ սիրել եմ վհուկի դերը՝ Իոնեսկոյի «Մակբեթ» պիեսից:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր կերտած կերպարներից ո՞րի շնորհիվ Դուք սիրվեցիք ու հանրության սերը նվաճեցիք. ասում են՝ բոլոր դերասանների կյանքում կա մի այդպիսի առանցքային նշանակություն ունեցող կերպար:

-Կարծում եմ՝ հանրությունն ինձ սիրեց «Վերադարձ» հեռուստասերիալից Մարիշի կերպարով: Իսկ հիմա խաղում եմ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Քանի որ կերպարը բացասական է, հեռուստադիտողները նրան չեն սիրում, և այդ փաստը հուշում է այն մասին, որ կերպարը քիչ թե շատ ստացված է, քանի որ կարողացել եմ այդ կերպարը կերտել այնպես, ինչպես նախատեսված է սցենարով:

-Կա՞ ինչ-որ մեկը, ով Ձեզ համար իդեալ է. եթե այո, կցանկանայի՞ք նմանվել նրան:

-Կան շատ դերասաններ, որոնցից կարելի է սովորել, բայց ես չէի ուզենա ինչ-որ մեկին նմանվել կամ նմանակել, բայց, անշուշտ, մեծերից սովորելը յուրաքանչյուր դերասանի միայն օգուտ կբերի:

– Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ երազում եք խաղալ նույն բեմում կամ նկարահանվել նույն հրապարակում:

-Հարցը շատ հերաքրքիր է։ Կան բազմաթիվ դերասաններ, որոնց հետ ես կցանկանայի  նույն նկարահանման հրապարակում հանդես գալ: Եթե այդ բոլորի  անունները թվեմ, հնարավոր է՝ այս հարցազրույցին ևս մի քանի էջ ավելանա (ժպտում է՝ Հ.Բ.), բայց հիմա մի քիչ երազանքների գիրկն ընկնեմ ու թվեմ մի քանիսին. Գարի Օլդմեն, Ջարեդ Լետո, Շոն Փեն, Մերիլ Սթրիփ:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Նախասիրություններիս անդրադառնալով՝ ասեմ՝ կցանկանամ հետագայում մոդելավորման հետ կապված՝ փոքրիկ գործ ունենալ: Շատ կցանկանայի լինել տարբեր երկրներում, ուսումնասիրել այդ երկրների մշակույթը, հասկանալ,  թե ինչպիսին է այդ երկրներում ապրող ազգերի տեսակը… Ես իմ կյանքում ինքս ինձ համար մի օրենք եմ սահմանել՝ ամեն օր նոր բան սովորել տարբեր ոլորտներից: Բարեբախտաբար, այսօր մեզանում կա այդ հնարավորությունը ու բոլորս կարող ենք լրացնել այն բացը՝ ինքնակրթվելով ու անընդհատ կարդալով:

-Սիրու՞մ եք կարդալ: Ո՞վ է Ձեր ամենասիրելի հեղինակը:

-Կարդալ, իհարկե, սիրում եմ: Իմ սիրած հեղինակներից կառանձնացնեի Կաֆկային, Դոստոևսկուն, Չեխովին, Ժորժ Սանդին:

-Ի՞նչ թերություններ կան մեր թատրոնի ու կինոյի ասպարեզներում: Դուք ի՞նչը կցանկանայիք փոխել:

-Թերությունների մասին խոսել չէի ցանկանա, քանի որ դա ծավալուն թեմա է: Անդրադառնալով առավելություններին ՝ կարող եմ ասել, որ այսօր հեռուստասերիալների բազմազանության մեջ դերասանը կարողանում է իր տաղանդի ու մասնագիտական կարողությունների շնորհիվ գումար վաստակել: Ժամանակին այդ հնարավորությունը չկար, իսկ այժմ կա. այդ փաստն ինձ շատ է ուրախացնում:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ