25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տա Աստված վարչապետի հարցում սխալվեմ

Իշխանությունները օրհնությու՞ն  են, թե՞ պատիժ: Henaran.am-ի զրուցակիցն է Շիրակի  թեմի հոգեւոր առաջնորդը` Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Նրա հետ հարցազրույցները անկանխատեսելի են, լրագրողները նման զրուցակիցներին  այլ կերպ են բնորոշում․ «լավ սինխրոնատու»՝ սուր անկյուններով,  բազմաբովանդակ ենթատեքստերով:

Այս անգամ հետաքրքրում էր եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները, քաղաքական գործընթացների նկատմամբ եկեղեցու դիրքորոշումն ու ապագայից սպասելիքները։

Սրբազա՜ն, Ձեր կարծիքով, ինչպիսի իշխանություն ունենք այսօր, արդյո՞ք քրիստոնեական սկզբունքներին հետևող ու հոգևոր արժեքներով առաջնորդվող ղեկավարներ ունենք։

– Իշխանությունը Աստծուց է, ասում է առաքյալը, բայց սրա բացատրությունն էլ կա։ Իշխանություն կա օրհնություն է, իշխանություն կա պատիժ և խրատ  է։ Թե որն է ժողովրդին բաժին հասել,  ինքը ժողովուրդը պետք է որոշի։ Որոշելու համար էլ պետք է առաջնորդվել Ավետարանով։ Բացե՛ք սուրբ Գիրքը, տեսե՛ք, Աստված Ձեզանից ինչ է պահանջում,  կատարեք այն ինչ պահանջում է Ձեզանից։

Վարչապետի փոփոխությունը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել։

-Աստված տա, ես ինչ որ բան չեմ կապում նրա հետ,  բայց  Աստված տա, որ լինի փոփոխություն, բայց եթե ասում ենք չէ, չի նշանակում վատատես ենք ու ուզում ենք, որ այդպես լինի։ Երբեմն ես բաներ եմ ասում, վատատես, բայց  միշտ ասում եմ, Աստված տա  սխալվեմ։ Բայց Աստված տա վարչապետի փոփոխությունը ձևական չլինի, այլ համակարգային լինի։  Մենք մտածելակերպի փոփոխության կարիք ունենք։ Եթե մտածելակերպը չփոխվի, չի փոխվի նաև վարքը։

Ինչքանով է իշխանությունները քրիստոնեավայել վարք դրսևորում։ Եկեղեցին ինչպես է վերաբերում դրան։ 

-Մենք շատ չենք պահանջում մեր իշխանավորներից, բայց երևի պետք է շատ պահանջեինք, բայց քանի որ  մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, մեր պետությունն էլ ազգային պետություն է, երկուստեք փոխադարձ զիջումներ ենք անում, որը  պետք չէր  անել, որովհետեւ այդ զիջումները խղճիդ հետ է զիջման տանում։

Ժողովրդի մոտ ինչ վերաբերունք կա իշխանությունների նկատմամբ՝ ատելությու՞ն, հիասթափությո՞ւն, թե՞ արդեն համակերպվածություն։

-Ատելությունը լավ բառ չէ, ոչ էլ լավ երևույթ է։ Ես երբեք չէի էլ ցանկանա, որ ժողովուրդը ատի իր իշխանությանը։ Կա ցավ, արհամարհանք, կա անտարբերություն, բայց ատելություն որպես էդպիսին լավ է, որ չկա,  իր խորքի մեջ, իր որակներով  մեր ժողովուրդը քրիստոնյա է։ Ատելությունը թույլ մարդու բան է, իսկ մեր ժողովուրդը թույլ ժողովուրդ չէ։

Հեռանկարում, ի՞նչ եք տեսնում, ի՞նչ կլինի, ի՞նչ սպասել։ Ինպիսին եք տեսնում Հայաստանի ապագան։

– Ես հազար անգամ ասել եմ, որ Աստված, ի վերջո, ինչ-որ  մի բան փոխելու է։ Եթե մենք չփոխենք, ինքը փոխելու է դեպի լավը մեր կյանքում։ Ես հավատում եմ հայ ժողովրդի առաքելությանը։ Եվ եթե իր առաքելությունը հայ ժողովուրդը ինքնուրույնաբար  չի կարողանում փոխել, կլինի Աստվածային միջամտություն։ 301 թվականին, 406 թվականին,  Սարդարապատի ճակատամարտին  չի՞  եղել Աստավածային միջամտություն, թե դուք Աստծո մատը չե՞ք տեսնում այդտեղ։  Լավ է լինելու։ Մենք թոթափելու ենք եսակենտրոն մտածումները և ստեղծելու ենք հզոր Հայաստան՝ հոգևոր և նյութական։ Ես դրանում կասկած չունեմ, որ դա լինելու է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ