16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չորս թեկնածուի դեպքում՝ դասական ընտրություններ. Առավոտ

”Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով,  ճիշտ կլինի՝ քաղաքական ուժերը արդեն իսկ հայտարարեն իրենց նախագահների թեկնածուների մասին եւ անդրադառնում հավանական թեկնածուներին:

“Քանի որ, նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ` այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը “Ա1+”-ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմնորոշվի իր թեկնածությունը առաջադրելու կամ չառաջադրելու հարցում, որովհետեւ հանրահավաքի մասնակիցները, բացի քննադատություն լսելուց, կցանկանան իմանալ, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի մարտավարությունը նախագահական ընտրություններում:

Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում` չնայած կա նաեւ այլ տեսություն, համաձայն որի` որքան շատ պահես գաղտնիության մշուշը, այնքան լավ: Բոլոր դեպքերում, որքան էլ առաջին նախագահը ցանկանա օր առաջ վերադառնալ իր գրքերին, նա չառաջադրվելու, ինչպես ասում են, տարբերակ չունի, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսը, որպես միասնական ուժ, այլեւս գոյություն չի ունենա: Պարզ է, որ ՀԱԿ-ի բոլոր լիդերներն իրենցից բարձր են դասում միայն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ տեղում տեսնում են հենց իրենց, իսկ դա նշանակում է, որ ոչ մի այլ թեկնածություն նրանք չեն ընդունի: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն թեմայով հանդես եկավ ԲՀԿ առանցքային դեմքերից մեկը` Վարդան Օսկանյանը, որը կարծիք հայտնեց, թե իր կուսակցությունը պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով, եւ ցանկալի է, որ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե վերջինս չհամաձայնի, ապա ինքը` Օսկանյանը, նույնպես պատրաստ է մասնակցել ընտրություններին:

Դա նույնպես միանգամայն ճիշտ մոտեցում է. որոշակի ընտրազանգվածային եւ նյութական ռեսուրս ունեցող կուսակցությունը պետք է առաջ քաշի իր լիդերին, ոչ թե օգնի այլ գործիչների, այդ թվում` նախկին կամ ներկա նախագահներին: Ստացվում է, որ ՀՀԿ-ի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է դա ակնհայտ է առանց որեւէ վերլուծության, ՀԱԿ-ինը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ինը` Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը:

Եթե մոտակա երեք ամիսներին որեւէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահի հիմնական թեկնածուները կլինեն այս չորս գործիչները: Եթե այդպես լինի, ապա, ինձ թվում է, նրանց մրցակցությունը կլինի ավելի խաղաղ, հանդարտ եւ, կարելի է ասել, “դասական”, քան երբեւէ եղել է նախորդ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն ասել եմ, որ այդ չորս գործիչներից ոչ մեկից ես վտանգ չեմ զգում: Որովհետեւ նրանք, շատ տարբեր լինելով, ադեկվատ, հոգեկան լուրջ շեղումներ չունեցող մարդիկ են”,-իր խմբագրականում եզրակացնում  է Արամ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ