29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը խիստ է լինելու

image_21876

Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը:

Այս օրերին ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է` համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել “Վերջին զանգի” հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:

Դա բոլորիս ցանկությունն է, եւ համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն:

Ոստիկանությունը մայիսի 24-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ