25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչական դատարանի ֆորմալիստական եւ բովանդակազուրկ որոշումը. ”Բարև Երևան”

2013թ. մայիսի 15-ին ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքը ՀՀ Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

 

Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը՝ քաղված բացառապես չորս աղբյուրներից (ՏԸՀ գրանացամատյաններ, հատուկ կարծիքներ եւ արձանագրություններ, վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, Transparency Internatiօnal ՀԿ դիտորդների վկայություններ) Վարչական դատարան էր ներկայացվել 9 հատորներով՝ շուրջ հազար էջ ընդհանուր ծավալով:

 

Մայիսի 17-ին կայացած դատական նիստում նախագահող դատավոր Կ. Ավետիսյանը նախ ջանաց ապացուցել անապացուցելին՝ ԿԸՀ 112-Ա որոշումը «Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրության արդյունքների վերաբերյալ», բաղկացած 9 էջից, որով գնահատվել է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքը,  ընտրության արդյունքների վրա ընտրախախտումների ազդեցությունը, ընտրությունների վերաբերյալ վարչական ակտ չէ, այդքանով էլ ենթակա է մեկ դատավորի կազմով քննության: 

 

Այնուհետ դատավոր Կ. Ավետիսյանը դատավարության ընթացքում հրաժարվեց ներկայացված փաստական ապացույցների անվերջանալի ծավալին անդրադառնալ, որով հիմնիվեր ոչնչացվում էին ընտրությունների օրինականության մասին ԿԸՀ պնդումները:  Եթե նախորդ ընտրություններին իշխանությունները աղմկել են, իբր ընդդիմությունը չի ներկայացնում ընտրախախտումների փաստեր, այս անգամ հավաստիության կասկած չթողնող աղբյուրներից քաղված հարյուրավոր փաստերը, հազար էջից ավելի ծավալով, ներկայացված էր դատարան:

 

Ամեն գնով խուսափելով ընտրախախտումների մասին փաստական նյութին անդրադառնալուց, Ավետիսյանը պատճառաբանեց, իբր գրանցամատյաններում առկա ընտրախախտումների գրառումներին, բողոքներին, քրեական արարքների մասին հաղորդումներին ԸԸՀ-ները անդրադարձել են որոշումներով, եւ այդ որոշումների առանձին-առանձին չբողոքարկվելը թույլ չի տալիս դրանցում առկա պնդումներին անդրադառնալ ԿԸՀ ամփոփիչ որոշման վիճարկման գործում: Սույն ձեւապաշտական եւ բովանդակազուրկ պատճառաբանությամբ դատարանը հրաժարվեց ընտրությունների արդյունքի վրա աներկբա ազդեցություն գործած համատարած, զանգվածային, պարբերական եւ համակարգված բնույթ կրած ընտրախախտումներին անդրադառնալ:

 

Վարչական դատարանի 20 մայիսի 2013թ. հրապարակված որոշումն էլ կառուցվել է նույն սոփեստի տրամաբարությամբ՝ անկախ նրանից ինչ ծավալի եւ բնույթի ընտրախախտումներ են արձանագրվել, դրանց վերաբերյալ ինչ փաստական նյութեր են ներկայացվել Վարչական դատարան, ԿԸՀ 112-Ա որոշումը հենվել է ԸԸՀ չվիճարկված, այդքանով էլ իրավաչափ համարվող որոշումների վրա, հետեւաբար իրավաչափ է:

 

Իսկ թե անբարեխղճության եւ կամայականության ինչ սահմաններ է հատել դատավոր Կ. Ավետիսյանը իր որոշման մեջ, անգամ հայցադիմումի պահանջների շարադրման հատվածում չնշելով եւ շրջանցելով հայցվորի կողմից Վարչական դատարան ներկայացրած հարյուրավոր ընտրախախտումների աղյուսակներն ու գրավոր ապացույցների շուրջ մեկ տասնյակ հատորները՝ հարյուրավոր էջեր ծավալով, վեր է մեկնաբանությունից:

 Վարչական դատարանի որոշումից հետո ”Բարեւ Երեւան” դաշինքի կողմից ԿԸՀ ներկայացված հայցադիմումի առնչությամբ հաջորդ քայլերը կլինեն քրեական արարքների մասին առկա նյութերը ՀՀ ոստիկանություն ուղարկելը, վարչական իրավախախտումներ կատարած ՏԸՀ ղեկավարներին օրենքով սահմանված կարգով տուգանելուն հետամուտ լինելը, իսկ դատավոր Կ. Ավետիսյանի գործողություներից եւ որոշումից դժգոհությունը ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնախմբին հասցեագրելը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ