25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես եմ եղկելի Հուդան

Ես եմ, եղկելի Հուդան: Եկել եմ դարերի խորքից` ձեզ հետ խոսելու և հայտնելու ամենաահավոր ճշմարտությունը, որ միայն ես կարող եմ ասել: Մի’ գնացեք իմ ճանապարհով: Իմ ճանապարհը դրամասիրությունն է, որ տանում է նախանձի, մատնության և, ի վերջո, կործանման:

Ես այն մարդն եմ, որ ապրեց Երկնքին շատ մոտ, բայց իր վախճանը գտավ դժոխքում: Ես այն մարդն եմ, որ Առաքյալ լինելու առանձնաշնորհը շահագործեց և բարձրագույն պատեհությունը վերածեց ահավոր աղետի: Ձեր սերնդից ոմանք փորձում են արդարացնել ինձ` փնտրելով պատճառը: Ոմանց կարծիքով` ազնիվ նպատակն է մղել ինձ: Բոլորովին պետք չէ: Եվ բացարձակապես ճիշտ չէ: Ուշադի’ր եղեք իմ պատմությանը: Ձեզ այն ներկայացնում եմ ոչ թե ներում հայցելու հույսով, այլ` հասկացողություն: Եթե կարելի է, մեկ վայրկյան մոռացե’ք կյանքիս տխուր և ահավոր վախճանը և հիշե’ք, որ ես էլ մարդկային էակ եմ և գործել եմ որպես այդպիսին: Ինչ որ արեցի, յուրաքանչյուր ոք կարող է անել, կարող եք անել նաև դուք…

Երբ դարեր առաջ ծնվեցի, ծնողներս ինձ չափազանց սիրում էին և շնորհակալ եղան Իսրայելի Աստծուն իրենց շնորհված այն թանկագին պարգևի համար, որ ես էի: Այս գիտեմ, որովհետև անուններից ամենաազնվականն ընտրեցին ինձ համար: Ինձ կոչեցին «Հուդա», որ նշանակում է «Աստծո փառքը»: Նրանց բարի ու միամիտ սրտերը կմղկտային, եթե իմանային` մեկ օր Քրիստոս, իմ մասին խոսելով, պետք է ասեր. «Լավ էր այն մարդուն, եթե ծնված չլիներ»:

Մյուս տղաների պես, ես էլ հասակ առա Հուդայի երկրում` սովորելով հավատալ մեր հայրերի Աստծուն: Երբ չափահաս դարձա, խորունկ հետաքրքրություն ցուցաբերեցի հոգևոր աշխարհի հանդեպ: Ապա եկավ կյանքիս մեծագույն օրը: Նազարեթցի Մարգարեն ինձ կանչեց. «Արի’ իմ հետևից»:  Ինձ դրեց ճանապարհի վրա, որ բարձունքներն էր տանում: Գուցե սա է, որ կնճռոտում է ձեր միտքը: Դուք չեք կարող հասկանալ, թե ինչու Քրիստոս ինձ նման մեկին որպես Առաքյալ ընտրեց: Ներեցեք… կարո ՞ղ եք բացատրել, թե ինչու Նա ձեզ ընտրեց որպես հետևորդներ: Աստված չի նայում, թե ի’նչ է մարդը, այլ ի’նչ պետք է լինի:

Իմ անկումն ու խորտակումը մի գիշերվա պատահար չէր, այլ ժամանակի ընթացքում, աստիճանաբար, կրքի սողոսկմամբ: Իմ գլխավոր կիրքն ագահությունն էր, և քանի որ ես մեր փոքր խմբի գանձապահն էի, փորձությունը հաճախ էր այցելում ինձ: Մեր դրամարկղի մեջ շատ քիչ գումար ունեինք, բայց մի օր այդ արծաթից մի քանի հատ մատներիս կպած մնացին ու ընկան գրպանս…կարծեմ դուք այդ արարքը մեղք եք համարում…բայց ես մեղք չհամարեցի… ինքս ինձ ասացի. «Մի օր կվերադարձնեմ, իսկ եթե չվերադարձնեմ, մի՞թե, որպես գանձապահ, այդքան վարձի իրավունք չունեմ»:

Եթե ուզում եք մողք գործել, սատանան մի՛շտ պատրաստ է պատճառաբանություններ առաջարկելու, և այդ պատճառաբանությունները ծածկում են ձեր անձի անարգումը ձեզանից: Այժմ, երբ հետադարձ հայացքով եմ նայում, ափսոսում եմ, որ առաջին անգամ գողություն անելիս չբռնվեցի այդ հանցանքի համար: Երբ հանցանքի ժամանակ բռնվեք, Աստծուն շնորհակալ եղեք: Մեղքերը, որ ծածկվում են, ձեզ ամրապնդում են գալիք նոր մեղքերի համար… և դուք վերստին փորձում եք ու փորձում:

Ժամանակ ընթացքում, առանց խղճի խայթի, ես հաճախ ավելի մեծ գումարներ էի գողանում, և իմ փորձառությունն ապացուցում է այն ճշմարտությունը, որ երբևէ-ն այնքան կարևոր չէ, որքան հիմա-ն, քանի որ ապրվող կյանքն ավելի հեշտ է հակվում դեպի անկում, քան բարձրացում: Երբեք չասեք, թե Աստված չի նախազգուշացնում ձեր մեղքերի մասին: Դուք անտեսում եք Նրա հանդիմանությունները մինչև ձեր անկման վաղորդայնը, ապա հետ եք նայում, ողբում ու աղաղակում. «Ինչպե ՞ս կարող էի այսքան կույր ու խուլ լինել…»:

Իմ կյանքի պատմությունը նաև ցույց է տալիս, թե ինչպես մեղքը կարող է քաղցկեղի նման մեծանալ ու տարածվել: Այն ամբողջովին ապականում է այլ զգացումներ ևս, և դրանք պարարտանում են անբնականորեն…

Եթե Նա կարող է սամարացի կնոջ մտքերն իմանալ, ուրեմն կարող է կարդալ նաև Հուդայի սրտի գաղտնիքը: Անկեղծության զգացումը, որով միացել էի Քրիստոսի խմբին, սկսեց կամաց-կամաց մշուշվել, ու դարձա կեղծավոր:

Երբեք մի’ ներկայացեք մարդկանց ձեր մեղքերի խոստովանությամբ: Ձեր մեղքը մարդկանց հոգը չէ, այլ հաճույքն է…

Մեկնելուցս առաջ թույլ տվեք մեկ խոսք ևս ասել: Ես առաջին կամ վերջին ինքնասպանը չեմ: Ձեր աշխարհում ամեն օր նվազագույնը 60 հոգի ինքնասպան է լինում: Նրանք աշխարհի ամենաչհասկացված անձերն են: Ձեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր գիտեն ինքնասպանության չարչարանքը, ոմանք էլ զգացել են դրա սարսափը: Ինքնասպանությունը երբեք դասակարգերի չի բաժանվում: Կան այնպիսինները, որոնց միտքը խանգարված է, և Աստծո ու մարդկանց առաջ այլևս պատասխանատու չեն իրենց արարքների համար, նման այն երաժշտին, որին պարտադրում են կտրված լարով ջութակ նվագել…

Ինքնասպանների մեծամասնությունն ամաչում է իր անցյալից: Սա էր իմ պարագան: Միայն իմ մեղքի մասին կարող էի մտածել: Երբ դառնացած` փորձում եք չհիշել ձեր մեղքի մասին, երբ մենակության մեջ նստած խորհրդածում եք, դուք ձեզ հուսահատության եք մատնում:

Դուք, որ անհուսության եք մատնված ձեր մեղքերով, Աստծո տուն գնացեք: Այն ժամանակ դուք վերստին կերգեք: Ես ` եղկելի Հուդաս, երգ չունեմ:  Անկասկած, սպասում եք, որ կասեմ. «Փորձե’ք մոռանալ ինձ»: Իսկ ես ասում են. «Հիշեցե’ք ինձ ` Հուդային` Աստծո փառքին, որ նաև մատնեց Փրկչին»:
Իմ կյանքը ձեզ համար երբեք ներշնչում չի լինի, սակայն կարող է ուժեղ ազդարար հանդիսանալ…

Վազգեն արքեպիսկոպոս Քեշիշյան, “Ճանապարհ դարձի”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ