23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայոց դպրոցը պատվով ու փառքով հանձնեց ազգի նվիրյալ հերոսներ դաստիարակելու քննությունը․ Հ. Նաղդալյան

Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների եւ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից Ուսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգեւատրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և իր երախտագիտության խոսքը հղելով դահլիճում ներկա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մանկավարժներին, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ուսուցիչներին՝  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանը մասնավորապես նշել է.

 

,,Տարին մեկ անգամ մենք  խորին երախտագիտությամբ, խոնարհումով ու ոգեշնչմամբ  նշում ենք Ուսուցչի տոնը, որը մեր ժողովրդի համար  ամենասիրված  տոներից մեկն է , մեծարելու ձեզ և ասելու այն բոլոր խոսքերը, որ, իմ կարծիքով, ամեն օր պիտի ասվեն, որովհետև դուք ուսուցիչ եք ամեն օր ու նաև ամեն տեղ: Իրականում, Ուսուցչի տոնը ճիշտ այնքան պատմություն ունի, որքան հայոց գրերը, որովհետև Հայոց աշխարհի առաջին ուսուցիչը եղել ու մնում է Մեսրոպ Մաշտոցը, և մենք բոլորս նրա աշակերտներն ենք:

Ու եթե ուսուցչի տոնը հազարամյակների խորքից է գալիս,  ուրեմն մենք պարզապես իրավունք չունենք չասելու, որ հայոց պատմության և իրականության մեջ ուսուցիչը նաև  զինվոր է  եղել՝ հազարամյակներ շարունակ պահպանելով ոչ միայն հայոց գրերը, այլև երկիրը, որը չի ունեցել պետականություն, աշխարհում ամենից շատ մայրաքաղաքներն է ունեցել, որովհետև թշնամին միշտ ավերել է իր տունը, բայց նա կարողացել է  միշտ պահպանել իր ոգին ու իմացության ծարավը:

 

Ձե՛ր շնորհիվ, որ գիտելիքի  հետ   ու  գիտելիքից  առաջ  ձեր սաներին սովորեցրել եք հայրենիքը սիրել, հայրենիքը պաշտպանել ու հայրենիքը կյանքից առաջ ու վեր դասել: Այսօր մեզ հետ են ապրիլյան   պատերազմի  հերոսների ուսուցիչները և սա հատկապես կարևոր է դարձնում մեր հանդիսությունը:

Նրանք նաև ձեր զավակներն են, ու նաև ձեզ պիտի շնորհակալ լինենք, որ կարողացել եք այդպիսի որդիներ պարգևել հայրենիքին:

 

Իրենց մայրերի ու հարազատների հետ նաև ձեր ցավը պիտի ամոքենք նրանց կորստի համար, որովհետև դուք մանկությունից  եղել  եք  նրանց  կողքին՝  կրթության   հետ միասին  նաև  ազգային բովանդակություն ու ազգային ոգի սերմանելով:

Այսպես նաև կերտելով մեր երկրի ապագա քաղաքական գործչին ու որմնադրին, հողագործին ու ճարտարապետին, բանվորին ու ինժեներին, մշակույթի գործչին , հայրենիքի պաշտպան զինվորին և սպային:

Հայաստանի անկախացման և Արցախյան ազատամարտի հաղթանակից հետո, մեր ժողովրդն ունեցավ նաև ապրիլյան հաղթանակը, և  հպարտորեն կարող ենք ասել, որ հայոց դպրոցը պատվով ու փառքով հանձնեց մեր բազմադարյան պատմության ամենակարևոր քննությունը՝ ազգի նվիրյալ հերոսներ դաստիարակելու քննությունը:

Սա՛ է մեր դպրոցի և մեր ուսուցչի մեծագույն պատմական հաղթանակը:

Այն պարգևները, որ այսօր հանձնվելու են ձեզ Ազգային ժողովի, վարչապետի, պաշտպանության նախարարության, կրթության և գիտութան նախարարության անունից, ընդունեք իբրև ամբողջ ժողովրդի, պետության կողմից շնորհակալություն ու ձեր աշխատանքի արժևորում:

Շնորհավորում եմ, մաղթում եմ նախևառաջ խաղաղություն, հետո բեղմնավոր աշխատանք: Թող ձեր կյանքում միշտ հնչի դպրոց կանչող զանգը, և ձեր ու ձեր սաների կյանքի գրատախտակին գրվեն միայն լուսավոր բառեր:

Շնորհավոր ձեր տոնը և Տերն ընդ ձեզ,,:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ