19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խախտումներ են արձանագրվել մսի վաճառքի կետերում

Ս/թ սեպտեմբեր ամսին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա­վերլուծական կենտրոնի կողմից` ընթացիկ տարվա պլանավորած բարձր ռիսկային կատորեգորիայի մթերքների իրացման կետերի ռիսկի գնահատման աշխատանքների շրջանակներում իրականացվել է Երևան քաղաքի N1 շուկայի հարևանությամբ՝ Խորենացի փողոցի վրա գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա) 50-ից ավելի  տաղավարների ռիսկի գնահատում՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիների ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տպագրված է գիտական ամսագրերում և ծանուցված` պատկան մարմիններին:

Ուսումնասիրություններն իրականացվել են Կենտրոնի կողմից ներդրված, միջազգային չափորոշիչներին համապատասխան ռիսկի գնահատման ժամանակակից մեթոդով, որի արդյունավետությունը ապացուցվել է լաբորատոր փորձարկումների միջոցով:

Աշխատանքների ընթացքում բացահայտվել է, որ տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում, ավելին՝ ռիսկի հայտնաբերված մակարդակը չի երաշխավորում սպառողների առողջության ապահովումը: Իրացման կետերից 28-ում միսն իրացվում է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնք չունեն անգամ սառնարան, չկան նաև լվացվող և ախտահանվող մակերեսներ, մսեղիքը տեղափոխվում է սննդի համար չնախատեսված, կեղտոտ ստվարաթղթե արկղերով կամ կեղտոտ պարկերով, պահպանվում է աղբամանների կողքին, միջատներն ունեն անմիջական հասանելիություն մսեղիքին, իսկ որոշ դեպքերում մսեղիքն անգամ դրված է ասֆալտին:

Իրացման կետերից 20-ում առկա է սառնարան, բայց մսեղիքը պահպանվում է նաև սառնարանից դուրս, հաճախ սառնարանների վրա դրված փայտե տախտակների վրա, հայտնաբերվել է նաև, որ հաճախ սառնարանները ձևական բնույթ են կրում և միացված չեն: Նշված կետերում ևս ռիսկի մակարդակը բարձր է և չի երաշխավորվում սպառողների առողջության պաշտպանությունը:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է, որ մսեղիքի տեղափոխումն իրականացվում է հակասանիտարական պայմաններում, մսեղիքի համար չնախատեսված մեքենաների կեղտոտ բեռախցիկներով:

Նշված շուկայում խնդիրները չեն սահմանափակվում միայն իրացվող մթերքի որակի և անվտանգության խախտումներով, առկա են նաև հանրային առողջապահական (հանրային անասնաբուժական) նշանակություն ունեցող գործոններ: Ինչպես հայտնի է, էխինոկոկոզ հիվանդության սահմանափակ ախտահարումների դեպքում ոչնչացվում են միայն ախտահարված մկանների հատվածները կամ օրգանները: Նշված իրացման կետերի շուրջ թափառում են փողոցային կենդանիներ, մասնավորապես շներ, որոնց իրացման կետի աշխատակիցները կերակրում են մսեղիքի և ներքին օրգանների հարդարման ժամանակ հեռացված կտորներով (այս շուկայից ընտանի կենդանիներ պահողները ևս ձեռք են բերում ոսկոր կամ ենթամթերքներ) ինչը կարող է նպաստել հիվանդության տարածմանը և մարդկանց հիվանդացության ավելացմանը: Այս հանգամանքը թույլ է տալիս փաստել վերը նշված խնդրի գերվտանգավոր լինելը՝ հանրային առողջապահության տեսանկյունից:

Տեղեկացնենք, որ ստացված արդյունքները համեմատվել են նախորդ տարիներին Կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների հետ` արձանագրվել է բացասական միտում և, փաստացի, բարձր ռիսկային տաղավարները պակասելու փոխարեն ավելացել են:

Ուսումնասիրությունների ընթացքում նկատվել է, որ հաճախ անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի վրա առկա չէ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի համարը, ուստի հորդորում ենք պատկան կառույցին՝ անասնաբուժական ռիսկերի գնահատման ժամանակ խիստ ուշադրություն դարձնել նշված հանգամանքին:

Մինչև լիազոր մարմնի կողմից համապատասխան խնդրի կարգավորումը և նշված թերությունների վերացումը՝ սպառողներին հորդորում ենք.

  1. Զերծ մնալ նմանատիպ պայմաններում իրացվող մսի և սպանդային մթերքների ձեռքբերումից:
  2. Միս և մսամթերք ձեռք բերել միայն հիգիենիկ պայմաններ ունեցող վաճառակետերից, որոնք ապահովված են սառնարանով, որում պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմը:
  3. Ուշադրություն դարձնել, որ վաճառակետում առկա լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականը՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթի համարով:

 

 

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի

Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ