25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչի իմաստը

«Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» /Մատթեոս 10:38/:
«Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն: Ի՛նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» /Մատթեոս 16:24-26/:

…Խաչը քրիստոնյաներիս համար է, որ խոր իմաստ ունի: «Խաչ վերցնելը» մեր պատասխանատվությունները խոնարհությամբ կրել-կատարելն է Աստծո առջև: Իսկ ոչ քրիստոնյաների կամ Բուն Քրիստոսից դուրս, այլ քրիստոս քարոզողների համար սովորական իր է հասկացվում, որ կարող են ծաղրել, կոտրել, կրակը գցել և այրել` անվանելով կուռք: Սակայն Խաչը մեր պատասխանատվությունները կրել-կատարելու իմաստով է սարսափ դևերի համար, քանի որ խաչ նշանակում է` խաչը հանել մեր ցանկությունները, ինչպես Քրիստոս խաչը հանեց մեր հանցանքները:

Իսկ մեղքն ու ցանկությունը, հանցանքը խաչը հանելով չարչարվելը` հանուն հավիտենական կյանքի` սարսափելի է դևերի համար, և նրանք խաչի նշանի իմաստից են հեռու քաշվում: Ինչու՞ են խաչի նշանով բազմաթիվ հրաշքներ ու կյանքի փրկություններ լինում: Որովհետև փորձանքները դևերն են բերում` մեր ոչ արդար որևէ ցանկության հետ միաբանելով, որ դեռ թողել ենք մեր ներսում, արմատախիլ դեռ չենք արել: Իսկ այս աշխարհի համար մեր խաչված ապրելու ժամանակ դևերը հալածվում են ու չարը հեռանում է, վանվում մեզանից:

Սակայն ահա մի խաչընդդեմ դարձած մոլար «քարոզիչ», ում համար ի սրտե ցավում ենք, քանի որ, ըստ իր գրած կենսագրականի` Ազատամարտի ժամանակ աղոթակից է եղել` ի պաշտպանություն մեր բնակավայրերի: Սակայն մայր եկեղեցու դեմ, ցավոք, բողոքելով` լրիվ այլ քրիստոս է որոնել և բողոքական քարոզիչ դառնալով` գրում է. «Մի օր Տերը ասաց. «Խաչը ինչից ուզում է սարքված լինի, գցիր կրակի մեջ, տես կարո՞ղ է իրեն փրկել: Եթե իրեն չի կարողանում, քեզ ինչպե՞ս է փրկելու»:

Այս մարդը խաչի իմաստն է ուրանում և նշանը, որ իմաստով է գործում, դիտում է որպես իր: Ավետարանը կյանքի փրկության գիրքն է, սակայն նույնպես կարող է կրակի մեջ այրվել որպես թղթե իր, եթե հիմարությամբ ենք մոտենում Աստծո խորհուրդներին և ոչ թե իմաստությամբ: Այս մոլորված, տկարամիտ քարոզչի խոսքում, ցավոք, ըմբռնում չկա խաչի իմաստի մասին, որ Հիսուս է քարոզում, այլ ցինիկացված, սատանայական, իրային է դիտումն արել, և առանց ամոթի Տիրոջն է վերագրում չարի հուշած այդ սակավամտությունը:

Այս ծակմիտ փիլիսոփային ըստ իրեն` կարող ենք հարց տալ. Եթե խիստ ձմռանը վերարկուդ գցես կրակի մեջ ու նայես, զարմանք չէ, որ կայրվի, «ինքն իրեն փրկել չի կարողանա», մինչդեռ վերարկուդ քեզ տաք էր պահում, որ չմրսես-չհիվանդանաս: Տունդ էլ եթե կրակը գցես` ինքն իրեն չի կարող փրկել, մինչդեռ այնտեղ կարող էիր ապրել: Մինչդեռ թե վերարկուդ, թե տունդ` իրենց գործնական իմաստի մեջ են կենսալից-օգտակար:

Այո, խաչը նյութական իրից է պատրաստված, բայց խաչ կրողը գիտի, որ խաչի իմաստի համար է խաչ կրում և ոչ թե որպես «գեղեցիկ զարդ» ունենալու: Չենք ժխտում, որպես գեղեցիկ իր խաչը կրողներ էլ կան` թաթախված իրենց մեղքերի հորձանուտում, ոմանք էլ` տղմուտում, քանի որ Խաչ կրելը նշանդրություն է մահվան ու հարության հետ, եկեք բուն իմաստը հարգենք, որ հիմարական, թունավոր բամբասանքներից հեռու լինենք:

Քրիստոսը խաչի իմաստի մասին Ավետարանում է. «Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ: Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» /Մատթեոս 10:34-42/:

…Այսինքն, խաչ կրել-վերցնելը ԲՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՑ պատգամվված հանձնառություն է Աստծո առջև` հորը, մորը, որդիներին, դստրերին սիրելուց կարևոր, որպես ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆ: Այսինքն, խաչ վերցնելը այնքան մեծ նվիրում է Աստծուն, որ նախընտրելի պիտի լինի քրիստոնյաներիս` հորից էլ, մորից էլ, սիրելի կնոջից էլ, որդիներից ու եղբայրներից էլ, քույրերից էլ: Խաչն իր տեսքով կենդանի քարոզություն և վերհիշեցում է Տիրոջ տված խաչակրության պատվերի: Նման խաչակրությունը հավասար է առաքելություն իրագործելուն` խաչի իմաստը մեր կրելու չափուկշռին հավասար:
Եվ երբ Խաչին ըստ իմաստի ենք նայում, դառնում է երկինք-երկիր կապող բանալի, և ահռելի, նախախնամ զորություններն են իջնում վար: Ըստ իմաստի է նշանը դառնում նաև բանավոր զենք: Ծովափնյա մի գյուղ կար: Պատերազմ էր, և գյուղի բոլոր տղամարդիկ, անգամ պատանիները գնացել էին կռիվ: Գյուղում մնացել էին միայն կանայք ու երեխաները և ծերունի քահանան: Սակայն ահա թշնամու ռազմանավն է ափին մոտենում: Շուտով նախճիր կսկսվեր:

Քահանան երկու փայտերով մի մեծ խաչ է սարքում, և աղոթքով, թե` Տեր Քո Խաչելությամբ, որով հաղթեցիր մահին ու դևերին, այդ նույն նշանով Դու հաղթանակդ հիշեցնես հակառակորդին, և իջնես` պատերազմես: Եվ քահանան սաղմոս երգելով շարժվում է թշնամու դեմ: Կանայք ու երեխաներն էլ նրա ետևից: Եվ երբ Տիրոջ այս բանավոր և հավատավոր զորքը հասնում է ծովին, քահանա այրը հենց խաչի ներքևի ծայրը հպում է ջրին` ահռելի փոթորիկ է սկսվում ու կործանում թշնամու ռազմանավն իր բոլոր ավարառուներով:

Եվ քահանայի հավատով` գյուղը փրկվում է բնաջնջումից: Մեր նշանավոր գրողներից` Անահիտ Սահինյանը, որ իմ խմբագիրն է եղել, Աստված հոգին լուսավորի, իր գրքերում պատմում է խորհրդային տարիների անաստվածների մասին, ովքեր եկեղեցիների գմբեթների խաչերն էին հանում, “նրանց մի մասը կամ արագ մեռնում էին կամ` բերան-երեսներն էին ծռվում, և կամ արժանանում պատասխանատվության չար ճակատագրերի”,- վկայում է նշանավոր արձակագրուհին:

Կոնստանդինոս արքան, երբ անօրեններից կրած մի շարք պարտություններից հետո աղոթեց Աստծուն, բացահայտ տեսիլք տեսավ. երկնքում երևաց խաչի նշանը և մի գրություն, թե՝ Սրանո՛վ /Խաչով/ հաղթիր: Եվ իր դրոշակը Խաչը դարձրեց, իսկ բոլոր զինվորները իրենց վահանների վրա խաչը դրվագելով, փոքրաթիվ խմբով հարձակվեցին բարբարոսների մեծաթիվ բանակի վրա եւ հրաշալի հաղթանակ տարան:
Հիշենք որ Խաչի նշանի այդ գաղտնիքն իմանալով` Արցախյան ազատամարտում քահանայի թոռ, գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանը հրամայեց, որպեսզի մեր զինվորները թե զենքերի վրա և թե թիկունքներին խաչի նշանը դնեն ու… փառավոր հաղթանակ տարան:

Տարիներ առաջ մեր ընկերակից գրողներից մեկն իր մեքենայով, ցավոք, վթարի ենթարկվեց ու մահացավ, իսկ կողքին նստած իմ մեծ բարեկամներից հայտնի լրագրող Տիգրան Ֆարմանյանը միայն մի քանի աննշան քերծվածք ստացավ: Եվ վկայեց, որ վթարի պահին Խաչի նշանը երևաց ու Աստված փրկեց իրեն: Այդ վկայությունից հետո սկսեցին լրագրողներ գալ ու ինձնից փայտե խաչ խնդրել, որ հյուսն Կարապետն էր սարքում և քահանային օրհնել տալով` բերում էր: Թերևս նրանց մնում էր բացատրել, որ խաչն իր իմաստի մեջ է գործուն, քարոզ է Քրիստոսի Խաչելության մասին և ոչ թե իր:

Խոսքը շարունակենք Նարեկացու Մատյանով. «… և Խաչո՛վդ էր, որ՝ անարատ հանդերձ հագցրիր Հարսիդ՝ ի սեր Փեսայի՛դ: Փոքր այս խթանով երկու կե՛ս արիր վիթխարությունը ապերասանի, և ստամբակին ընդդիմանալու կրթության համար՝ ստվար լո՛ւծը այս կարգադրեցիր և չարախոսի վայրաբա՛ն, վանո՛ղ կզակի վրա Խաչդ դարձրիր զսպո՛ղ մի կապանք» /Բան ՂԲ/:

Եվ որպեսզի Խաչի խորհուրդն ավելի հասկանալի լինի, շարունակենք մեր ընթերցումը Մատթեոսի ավետարանով. «Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» /Մատթեոս 16:24-25/:

Այսինքն` մարդը երբ «հոգևոր պատասխանատվությունների իր խաչն է վերցնում» հավասար է ինքն իր անձը ուրանալուն` հանուն Աստծո, որով նորից է կյանք գտնում և բազմապատիկով առավելը գտնում, քան ուներ: Եվ մենք ինքնակամ մտնելով մեր Աստծո առջև մեր պատասխանատվությունների Խաչը կրելու նեղությունների մեջ, Խաչակրության արդար ու իմաստալից խղճմտանքի մեջ, այդպե’ս ենք միայն արժանի դառնում հետևորդելու Քրիստոսին: Այդ իսկ է Ավետարանի գերական` քրիստոնյաներիս համար:

Շարունակենք ընթերցումը. «Վարդապե՛տ, այդ բոլորը /բոլոր պատվիրաններ պահելու մասին է խոսքը/ իմ մանկությունից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Եվ Հիսուս նրան նայելով՝ սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կունենաս. և վերցրո՛ւ խաչդ և արի՛ իմ հետևից»: Եվ մարդը այդ խոսքի վրա խոժոռված՝ գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր» /Մարկոս 10:20-22/:

…Ամեն ինչ թողնելով խաչը վերցնել, մանավանդ հարուստների, նյութապաշտների համար դժվար է, անտանելի, քանի որ իրենց ցանկություններն ավելի են սիրում, քան Աստծուն, որով է միայն իրենց կյանք ունենալը պայմանավորված, և նմանները խառն ու տգետ բազում վկայություններով դիտմամբ Խաչ կրելու իմաստն են մերժում-անարգում, ծաղրում, հայհոյում, որպեսզի… չհանդիմանվեն իրենց հարստությունների ճահճին կուլ գնալն ու հեշտություններին գերեվարվելը, չգիտակցելով, որ մահից հետո իրենց ունեցվածքներից զրկվելու են` մնալով անվարձ և պատժվելով իրենց գայլային ագահությունների ու ճղճիմ ցանկությունների պատճառով:

Խաչ վերցնելու իմաստը Տիրոջ տված իմաստությամբ, մեր մեղքերը խաչը հանելն է, որից մարմինը նեղության մեջ չարչարվելով` չի կարողանում խանգարել մեր հոգուն, այդպես են Հոգու պտուղները մեր մեջ առավելանում և աճում. «Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա: Իսկ նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ: Եթե ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք» /Գաղատացիներին 5;22-26/:

Այսինքն, երբ խաչն ենք հանում մեր մարմինները` կրքերով ու ցանկություններով հանդերձ, հանուն ճշմարիտ հավիտենական կյանքի, այդժամ է, որ Հոգով ենք ապրում: Այսինքն թե, Տիրոջ պատվերի համաձայն, մեր Խաչը վերցնելով ու Նրան հետևելով, մենք բարձրանում ենք մեր անհատական Գողգոթան: Հիսուս Քրիստոսի հետևից գնալ, Նրա հետքով քայլել. քրիստոնյաներիս գերակա նպատակն այդ պիտի լինի:
Նույնն նպատակի համար խաչակնքում ենք մենք մեզ, այսինքն` ամեն անգամ մենք մեզ խաչակնքելիս. «Խաչն ենք հանում մեր մարմինները` կրքերով ու ցանկություններով հանդերձ»:

Այսինքն թե, ԽԱՉԱԿՆՔԵԼԸ ԵՎՍ ԻՄԱՍՏԱԼԻՑ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ: «Խաչը հանել մեր մարմինները` կրքերով ու ցանկություններով հանդերձ»: Դա է մեր խաչակնքվելու նպատակը: Իսկ բողոքականները, ցավոք, կարծում են, թե մեր մեջ եղած Սուրբ Հոգուն ենք Խաչը հանում, երբ հակառակը, մենք «Խաչն ենք հանում մեր մարմինները կրքերով ու ցանկություններով հանդերձ», որպեսզի դրանք մեր մեջ աշխատող Սուրբ Հոգուն չխանգարեն: Ինչպես առաքյալն է խրատում, որպեսզի մեր կրքերն ու ցանկությունները մեռնելով` չխանգարեն Սուրբ Հոգու գործունեությանը: Այդ պատճառով, մենք խաչակնքվելիս զորանում ենք, բժշկություններ գտնում, իսկ այլոք` տկարանում` խաչակնքելու իմաստը, ցավոք, սխալ ըմբռնելու պատճառով:

Իսկ Խաչ վերցնել մերժողների մասին Պողոս առաքյալը գրում է. «…որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում: Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից և ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի իր փառավոր մարմնին, այն զորությամբ, որ կարող է հնազանդեցնել ամեն բան իր իշխանությանը» /Փիլիպեցիներին 4:18-21/:

Իսկ եթե մեր Խաչը չենք կրում, ինչպե՞ս պիտի «խոնարհ լինեն մեր մարմինները»: Կամ մի՞թե եղել են աշխարհում առաքյալներից ավելի մեծ մտերիմներ ու սիրելիներ Քրիստոսին: Բնականաբար, ո’չ: Իսկ երբ անկարելի է, որ իրենց խաչերը կրած, իրենց անհատական Գողգոթան ելած առաքյալներից ավելի մեծերը լինեին Քրիստոսի խոսքն ու կարգերը մեզ փոխանցողներ, ապա չէ՞ որ առաքյալների հիմնադրած եկեղեցիներն էլ պիտի ամենահետևորդողը լինեին, ինչպես որ է: Նաև երանի թե մեր եկեղեցին էլ իր թերություններից ու թյուրություններից ազատագրվի` մեր ամենքի ուղիղ դարձերով:

Այստեղ զարմանալու բան ամենևին չկա, երբ առաքելական եկեղեցիներն են արմատական հաստատունները եղել ու մնում: Եվ առաքելական մեր եկեղեցիների գմբեթների խաչերը, կենդանի աղաղակներ են, կենդանի քարոզություններ, թե. «յուրաքանչյուրը, ով իր խաչը վերցնելով չգնա Քրիստոսի հետևից` Նրան արժանի չէ»: Մեր եկեղեցիների գմբեթների խաչերը այդ են աղաղակով քարոզում. լավ է մեզ հոգով ընթանալ, և լավ է լսենք այդ աղաղակները` մեզ համար օգտակար խրատ քաղելով: Ամե’ն:

Մաքսիմ Ոսկանյանի “Զրույցներ” գրքույկից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ