25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը` Վոլոչկովայի, իր ունեցվածքի մասին. Առավոտ

Նախագահի ընտրությունից հետո, շատ խոսվեց Երեւանի Ավան  վարչական շրջանում Սերժ Սարգսյանի պարտության մասին: Շատերը ակնկալում էին ձեր հրաժարականը, ինչը տեղի չունեցավ: Ինչո՞ւ հրաժարական չտվեցիք:

– Նախ պետք է շեշտեմ, որ Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանը պարտություն չի կրել: Ցավոք, որոշ շրջանակների համար նախագահական ընտրությունների արդյունքները քաղաքական շահարկումների ու վաղուց կուտակված վերաբերմունքի հիմք ծառայեցին: Հիասթափեցնեմ. որպես Երեւանի քաղաքապետ` հրաժարականի հիմք չունեմ: Հատկապես, եթե խոսում ենք ընտրական տրամաբանությամբ, մայրաքաղաքում, որը, որպես կանոն, լինում է ընդդիմադիր, Սերժ Սարգսյանը հաղթել է:

Երեւանցիներին, մասնավորաբար, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մեղմ ասած, դուր չէր գալիս, որ քարոզարշավը դեռ չմեկնարկած ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ առաջին տեղն են զբաղեցնելու: Երեւանի միշարք համայնքներում Սերժ Սարգսյանի պարտությունից հետո ի՞նչն է ՀՀԿ-ն այդքան լավատեսություն տալիս:

– Ես չեմ տեսել քարոզչությանը մասնակցող որեւէ քաղաքական ուժ, որը ընտրություններից առաջ հայտարարում է, թե ինքը պարտվելու է, հատկապես, որ հաղթանակի ամենամեծ հայտերը վերջին բոլոր ընտրություններում ներկայացրել են հանրապետականները:

Ժողովրդավարական գործընթացները թելադրում են նոր իրավիճակներում ընտրությունների անցկացման եւ կազմակերպման ավելի կատարյալ մեխանիզմների ներդրում:  Մենք կարող ենք պարտվել որոշ տեղամասերում. դա բնական եւ նորմալ երեւույթ եմ համարում: Հասուն քաղաքական ուժերը դրանից անում են հետեւություններ, որպեսզի հասկանան` ինչո՞վ է պայմանավորված ընտրողի նման տրամադրվածությունը:

Այսօր Դուք չեք  գտնի որեւէ քաղաքական կուսակցություն, որը պատրաստ է հայտարարել, որ ինքը պարտվելու է, իսկ ՀՀԿ-ի նշաձողը միշտ եղել է շատ բարձր, ուստի ակնհայտ է, որ առաջին տեղից բացի, ցանկացած այլ տեղ մեզ համար անհաջողություն է:

Քաքաքապետարանի գործունեության լուսաբանման քողի տակ գովազդվում է ՀՀԿ-ական քաղաքապետը: Ինչո՞ւ եք խախտում օրենքը:

– Ձեր հարցադրումները լավ իմաստով մի փոքր սադրիչ են, ինչն ինձ թույլ է տալիս ավելի բաց ու անկեղծ լինել: Եթե հանրապետական քաղաքապետը լավ է աշխատում, ապա դա ամենալավ քարոզչությունն է, եւ գործող քաղաքապետը Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանումը չի օգտագործում քարոզչության նպատակներով:

Այլ հարց է, որ գուցե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ քաղաքապետարանը, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, լավ է աշխատում: Երեւանի քաղաքապետարանի միջոցառումներն ու ծրագրերը հիմնականում երեւանցիների կողմից ընդունելի են եւ վայելում են նրանց աջակցությունը: Հարցադրման մնացած պնդումներն իմ մեկնաբանության տիրույթից դուրս են:

Ձեր նախընտրական շտաբի պետը եւ այլ կուսակից ընկերներ հայտարարեցին, որ վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն եք: Որքանո՞վ է սա իրականություն կամ չափազանցություն:

– Սոցիոլոգիական հարցումները մեկնաբանելն անշնորհակալ գործ է: Դրանք հաճելի են, եթե մատնանշում են քո առավելությունները եւ դիտվում են խնդրահարույց,  եթե դու առաջինը չես: Սովորաբար այդպես է բոլորի, բնականաբար, նաեւ ինձ համար: Սոցիոլոգիան Հայաստանում զարգացում է ապրում նույնքան, որքան այլ հասարակական գիտությունները՝ հետզհետե ավելի բարձր մակարդակ է դրսեւորվում ամեն ասպարեզում:

Ես չեմ ուզում մեկնաբանել՝ լավագույն քաղաքապետն եմ, թե ոչ: Համենայն դեպս, իմ գործընկերներն այդ մասին խոսելիս հղում են անում սոցհարցումներին, ու դրանք մաստակ սարքելը, կարծում եմ, մեր թիմի ներսում որոշակի պառակտում մտցնելու մղումով են թելադրված, որը, սակայն, որեւէ արդյունք չի տալիս: Ուզում եմ նշել, որ ես բարձր եմ գնահատում  Երեւանի նախկին քաղաքապետերի աշխատանքը:

Երեւանի յուրաքանչյուր նոր քաղաքապետ համարվում է նախորդի գործի շարունակողն ու ժառանգորդը, եւ ամեն մեկը յուրովի մասնակից է դառնում Երեւանի զարգացմանն ու  ունենում իր ներդրումը մայրաքաղաքի զարգացման գործում: Աշխատանքի ընթացքում որեւէ մեկը թերություններից  ու սխալներից երաշխավորված չէ, բնականաբար, բացթողումներ ունեմ նաեւ ես:

Ձեր շնորհիվ պատգամավոր դարձավ Ձեր կնոջ եղբայրը, ինչը շահարկումների տեղիք տվեց: Ինչո՞ւ այլոց նման մեծացրեցիք Ձեր խոցելիության աստիճանը:

– Այս խնդիրը ժամանակին շահարկվեց: Ռոբերտ Սարգսյանին պատգամավոր են ընտրել ավանցիները: Այո, որոշակի առումով սա գուցե նաեւ վստահության քվե էր՝ տրված ինձ: Բայց գործող քաղաքական գործիչների հետ բարեկամանական եւ հարազատական  կապ ունենալը չի նշանակում, թե այդ կապը պետք է դառնա շահարկման առիթ, ու նրանց քաղաքական կամ մասնագիտական առաջընթացը դրանից պետք է տուժի:

Աշխատանքի բերումով հանդիպել եւ հանդիպում  եք բազմաթիվ անձանց, սակայն ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ հանդիպումը չի մոռացվում եւ ասում են, որ առաջիկա օրերին գալու է Երեւան` հատուկ Ձեր քարոզարշավի համար: Ինչո՞ւ է հատկապես Վոլոչկովայի հետ Ձեր հանդիպումը քննարկվում եւ ե՞րբ է նորից Երեւան գալու Վոլոչկովան: 

– Այս հարցին մի քիչ կատակով պատասխանեմ. երբ հերթական լրատվամիջոցներից մեկում Վոլոչկովայի հետ կապված հերթական հրապարակումն էր լույս տեսել, իմ գործընկեր  եւ ընկեր Արմեն Աշոտյանը կես-կատակ, կես-լուրջ ասաց. ՙՏարոն ջան, ներվերդ պինդ պահի, մի մասը Վոլոչկովային է  նախանձում, մի մասն էլ` քեզ՚:  Կատակի մեջ երեւի որոշ ճշմարտություն կար: Իսկ եթե ավելի լուրջ, ժամանակակից քաղաքականության,  այսպես կոչված, գլամուրային դրսեւորումները եւ ՙդեղին ոճը՚  նորմալ երեւույթ են, ես ըմբռնումով եմ մոտենում:

 –ՙԵրեւան՚ հիմնադրամի 2012թ. հաշվետվության համաձայն, նախորդ տարվա ընթացքում ՙԵրեւան՚ հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսել է 3 728 138 133 ՀՀ դրամ: Հաշվետվության մեջ, սակայն, ինչպես հարկն է, նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել, եւ որքա՞ն գումար է հատկացվել յուրաքանչյուր ծրագրի համար:

Տրված է միայն ծրագրերի ընդհանուր նկարագիրը՝ բարեկարգում, կանաչապատում, կառուցապատում, սպորտային, մշակութային ծրագրերի իրականացում եւ այլն:Հիմնադրամը ֆինանսական միջոցներ է ստացել Երեւան քաղաքի բյուջեից ստացված աղբյուրներից՝ 2 473 757 365 դրամ, (որպես նպատակ, հաշվետվության մեջ անորոշ նշվում է` ՙմիջոցառումների համար՚): Բացի դրանից, հիմնադրամին CIUDAD Gospel ծրագրի իրականացման համար 30 995 489 դրամ է հատկացրել Եվրամիությունը:

Սակայն ՙֆինանսական աղբյուրները՚ հոդվածի ամենաաուշագրավ հատվածը հետեւյալն է՝ ՙԵրեւան՚ հիմնադրամը նախորդ տարվա ընթացքում 1 միլիարդ 118 միլիոն 20 հազար 754 դրամ գումար է ստացել ՙկազմակերպություններից եւ անհատներից՝ քաղաքի բարեկարգման, կրթական, մշակութային եւ այլ կազմակերպություններին, անհատներին օժանդակություն տրամադրելու նպատակով՚:

Թե քանի՞սն են այդ ՙկազմակերպություններն ու անհատները՚, ի՞նչ է դրանց անունը, որքա՞ն գումար է նրանցից յուրաքանչյուրը հատկացրել հիմնադրամին եւ ի՞նչ նպատակով, հաշվետվության հեղինակները չեն նշել: Եվ, ընդհանրապես, օպոնենտ քաղաքական ուժերը Ձեզ շատ մեղադրեցին նաեւ մայրաքաղաքի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման մեջ: Ինչո՞ւ եք ՙքամուն տվել՚ երեւանցիների գումարները:

– ՙԵրեւան՚ հիմնադրամը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հաշվետվություն է ներկայացնում  իր գործունեության վերաբերյալ: Նախորդ 4 տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության առնչությամբ որեւէ քննադատություն չի հնչել:

Հիմնադրամի խնդիրն այսօր քաղաքական շահարկման թեմա  է դարձել: Կարծես, նոր են տեղն իմացան: Ցավոք, մեր որոշ քաղաքական գործընկերներ սեւ PR-ի` տարիներով դրսեւորված հմտություններ կիրառեցին,  եւ այդ ամենն ինձ վրա քաղաքական կոմպրոմատների պայքարի տպավորություն է թողնում: Բայց ես վստահ եմ, որ երեւանցու ընտրության վրա այդ ամենն ազդեցություն չի ունենա:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ձեր հայտարարագրված եւ չհայտարարագրված ունեցվածքի մասին: Դուք որեւէ կերպ չարձագանքեցիք: Ձեր չհայտարարագրված ունեցվածքի մասին հրապարակված ցանկում եղած ՙօբյեկտները՚ իսկապե՞ս Ձեզ են պատկանում:

Ի դեպ, Ձեր հայտարարագրված ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կուտակել, մանավանդ, որ գործարարությամբ չեք զբաղվել. եղել եք Ավան համայքի ղեկավար, փոխքաղաքապետ եւ քաղաքապետ:

– Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի  թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարագրում էր նաեւ իմ հայրը՝ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա:

Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երեւանի  քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկն կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով ՙխիստ՚ մտահոգվողները պետք է  ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները եւս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետեւ երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջեւ մեծ խզում է լինում:

Ինչո՞ւ քարոզարշավը տարվեց Ձեր անձի շեշտադրմամբ եւ ոչ թե կուսակցության: Կարծում եք ՀՀԿ-ի ներկայիս ոչ բարենպաստ իմիջը կխանգարե՞ր Ձեզ:

– ՀՀԿ-ն այն բացառիկ ուժերից է, ով հայտարարում է, թե ով է լինելու Երեւանի  քաղաքապետը` իր հաջողության հասնելու պարագայում: Մեր շատ քաղաքական  մրցակիցներ այս հարցի պատասխանը հստակ չեն ներկայացրել հասարակությանը:

Այո, իմ ընկերներն ասում են, որ իմ անձնական վարկանիշը որոշ դեպքում ավելի բարձր է, քան կուսակցության քաղաքական վարկանիշը: Բայց ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցության Երեւանի կառույցի պատասխանատուն  եւ պարտավորություն ունեմ` իմ գործունեությամբ նպաստել կուսակության վարկանիշի բարձրացմանը:

Ամեն կուսակցություն ունի իր քարոզչական ռազմավարությունը: Եթե Երեւանի ավագանու քարոզարշավն ավելի շատ կառուցվում է իմ անձի շուրջ, դա չի նշանակում, թե կուսակցության գործերը վատ են: Դա ընդամենը նշանակում է, որ մենք ավելի բաց ու ազնիվ ենք: Չմոռանանք, որ ես ընտրության եմ գնալու մեծ թիմով, ավագանու ցուցակով. նրանք միշտ ուղեկցում են ինձ նախընտրական հանդիպումների ժամանակ: Ես պատիվ եմ համարում այդ թիմը գլխավորել:

Ի դեպ, ողջ քարոզարշավի ընթացքում Ձեր թիմակիցները՝ Ձեզ ուղղված իրենց գովեստներում շեշտադրում էին այն, որ Դուք լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին եք եւ ինքներդ էլ հինգ երեխայի հայր: Տպավորություն էր, որ Դուք այլ արժանիքներ չունեք Երեւանի քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար:

– Քարոզարշավի ընթացքում գովեստները երեւի անխուսափելի են. պետք է խոստովանեմ, որ ինքս միշտ խուսափում եմ գովասանքի խոսքերից: Մի տեսակ` իմ ոճը չէ: Իմ հպարտությունն է, որ ես Անդրանիկ Մարգարյանի որդին եմ, Մարգարյանների գերդաստանի ներկայացուցիչը եւ այդ գերդաստանը շարունակում եմ 5 երեխաներով:

Վստահ եմ, որ անգամ Դուք, որ տալիս եք այս հարցը, գիտեք, որ դա իմ միակ արժանիքը չէ: Ինչ խոսք, ես պատասխանատու եւ հաշվետու եմ նաեւ հորս հիշատակի եւ երեխաներիս ապագայի առջեւ: Ես Մարգարյանների ընտանիքում, ինչպես ցանկացած այլ երիտասարդ, կամուրջ եմ` իմ տոհմի նախնիների եւ սերունդների միջեւ:

 Ինչ է անելու Տարոն Մարգարյանը մայիսի 6-ին:

– Մայիսի 6-ին, ինչպես մնացած բոլոր օրերին, պարզ ճակատով նայելու եմ երեւանցիներին, իմ ժողովրդին, ինձ ընտրած եւ չընտրած մեր քաղաքացիներին: Շարունակելու եմ աշխատել հանուն ավելի լավ Երեւանի: Հարյուր հազարավոր մարդիկ հույսեր են կապել մեզ հետ եւ այդ հույսերը արդարացնելու ենք:

 Հ. Գ.- Հարցազրույցն արդեն պատրաստ էր, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով քրեական գործ հարուցել, պարզել Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան:

Ի դեպ, ՙԱռավոտն՚ անսալով Տարոն Մարգարյանի բազմաթիվ հորդորներին` հարցերը ուղղել է գրավոր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ