24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է. Լևոն Մնացականյան

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ առկա է, ավելին՝ այն բարձր է. Regnum գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Վերջինիս խոսքով՝ հակառակորդի այսօրվա վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ «նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից»: «Հետևաբար ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այդուհանդերձ, ապրիլյան պատերազմը որոշ զսպիչ ազդեցություն է ունեցել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց կայտառություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրում, ապա այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք վերջնականապես կհրաժարվեն իրենց մտադրություններից»,- Regnum-ի հետ զրույցում նկատել է Մնացականյանը:

Հարցադրմանը, թե ապրիլյան պատերազմի առաջին օրերին զոհերի մեծ թիվն ու տարածքային կորուստները հետախուզության ձախողման արդյունք էին, Լևոն Մնացականյանը հակադարձել է. «Իսկ ո՞վ ասաց, որ կորուստները մեծ էին: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ հաշվվում է, և ցանկացած կորուստ անընդունելի է, սակայն ռազմական գործողությունները հենց նրանով են դաժան, որ դրանց արդյունքում լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական կորուստներ: […] Ինչ վերաբերում է ադրբեջանական հարձակվող զորքերի կորուստներին՝ դրանք մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները, և դա հաշվի առնելով այն փաստը, որ նրանք օգտագործել են անսպասելիության գործոնն ու էլիտար ստորաբաժանումները: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը իր խնդիրը պատվով է կատարել»: Հետախուզության ձախողման մասին պնդումներին անդրադառնալով՝ ԼՂՀ ՊՆ ղեկավարն ասել է, որ իրենք ունեցել են «որոշ տեղեկատվություն» հակառակորդի գործողությունների մասին և ձեռնարկել են «որոշ նախապատրաստական քայլեր»: «Հետևաբար հետախուզության գործողությունները ձախողված համարել չի կարելի: Այդուհանդերձ, մենք տեղյակ չէինք, որ հարձակման մասշտաբն այդպիսին կլինի: Այդ իմաստով որոշ թերացումներ եղել են: Մենք չէինք ակնկալում հարված շփման գծի ողջ երկայնքով: Մենք կորցրեցինք որոշ հենակետեր, ինչը, սակայն, իրապես չի ազդել ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: […] Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք կունենայինք ավելի լայն հնարավորություններ: Ես այդ չնչին կորուստները չեմ համարում անդառնալի և վստահ եմ, որ կունենանք կորցրած դիրքերի վերականգնման հնարավորություն»:

Լևոն Մնացականյանը մեկնաբանել է նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Ստեփանակերտին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքները. «Եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցները: Թե ինչ միջոցներ՝ թող նրանց համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանը կլինի անհամաչափ»: ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, պատասխանելով Սփյուռքի հավաքագրած միջոցների՝ 8 մլն դոլարի ներդրման մասին հարցին, ասել է, որ «այսօր մեր զինված ուժերը ստանում են միջոցների այնպիսի քանակ, ինչպիսին անհրաժեշտ է»: «Մենք կատարել ենք մեծածավալ աշխատանք բոլոր ուղղություններով: Այդ գործընթացը շարունակվում է և կշարունակվի»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ ներդրվող միջոցները «նշանակալիորեն գերազանցում են հարցում նշված գումարը»:

Թարգմանությունը՝ Civilnet-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ