25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանն ԱՄԷ ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ խնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը

Նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը:

Մուհամադ Ահմադ Մուրին եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես  կարեւորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ:

Աբու Դաբիում կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները:

ՀՀ եւ ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական եւ մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Երկուստեք կարեւորվեց Երեւանում ԱՄԷ դեսպանության հիմնումը:

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի խնդիրների` Գազայի հատվածում լարվածության աճի եւ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրվող ջանքերը:

Նախարարներ Նալբանդյանն ու Ալ Նահայանը անդրադարձան միջազգային հարթակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների սատարման հարցերին:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջեւ օդային կապը:

Հայ-էմիրաթյան առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր  նվիրված  ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը:

Նախարար ալ-Քասիմին ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունները եւ գոհունակությամբ նշեց, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում:

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձան Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում ունեցավ ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ