20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոստոնի պայթյունների առնչությամբ հայկական կապի մասին կեղծ մեղադրանքը պետք է դատապարտվի

Անցյալ շաբաթ Բոստոնի մարաթոնի բարբարոսական պայթյունների առնչությամբ շատ անպատասխան հարցեր են մնում:

Հաստատված փաստերի բացակայության պայմաններում դժվար է հիմնավորված եզրակացության հանգել եւ գտնել Ցարնաեւ եղբայրների (Թամերլան, 26 տարեկան  եւ Ջոխար, 19 տարեկան) արյունահեղ գործողությունների շարժառիթը: Հետաքրքիր է նշել, որ Թամերլանը կրում է 14-րդ դարի միջինասիական արյունարբու զորապետի (Լենկթեմուրի) անունը, որը հողին է հավասարեցրել ամբողջ քաղաքներ եւ կոտորել միլիոնավոր անմեղ մարդկանց:

Նախընտրելի է չեչենների, մահմեդականների եւ Ցարնաեւ ընտանիքի մասին անհիմն եզրակացություններ եւ ընդհանրացումներ անելու փոխարեն մի շարք կարեւոր հարցեր առաջ քաշել.

– Դեռեւս 2011 թվականին, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունները խնդրեցին Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) հետաքննել Թամերլանի արմատական իսլամիստական կապերն ու ընդհատակյա խմբերին միանալու մտադրությունները, ՀԴԲ-ն որքանո՞վ լավագույնս իրականացրեց այդ առաջադրանքը: Եթե ՀԴԲ-ի գործակալները մանրազնին աշխատանք կատարեցին եւ կասկածելի ոչինչ չգտան, ինչո՞ւ մի քանի ամիս անց չհետեւեցին Թամերլանին, երբ վերջինս 2012 թվականին վերադարձավ Միացյալ Նահանգներ, վեց ամիս անցկացնելով Չեչնիայի եւ Դաղստանի խռովության մեջ գտնվող հանրապետություններում: Եվ, ինչո՞ւ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները չհետաքննեցին Թամերլանի համակարգչում հայտնաբերված ջիհադական տեսահոլովակներն ու արմատական իսլամիստական կայքերի հղումները:

– Եթե ռուսական նախազգուշացումը լրջությամբ չհետապնդվեց Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից, արդյոք նրանց որոշումը հիմնված էր քաղաքական նկատառումների՞ թե՞ ահաբեկչության ռիսկի պատշաճ գնահատման վրա: Արդյոք Միացյալ Նահանգների պաշտոնատարները գերադասեցի՞ն չմիջամտել Ռուսաստանի ներքին հակամարտությանը, քանի որ չեչեն ապստամբները մարտնչում էին Ռուսատանի դեմ իրենց անկախության համար: Արդյոք Միացյալ Նահանգները չեչեն “ահաբեկիչներին” դիտում է որպես “ազատության մարտիկնե՞ր”, եզրակացնելով, որ նրանք վտանգ չեն ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Առավել կարեւոր է, թե ի՞նչ դեր են խաղացել հակառուսական դիրքորոշում ունեցող ազդեցիկ նոր պահպանողական ամերիկյան շրջանակները Թամերլանի վերաբերյալ զգուշացումները գնահատելիս:

– Արդյոք Ռուսաստանի հատուկ ծառայությունները մանրամասն հետաքննե՞լ են Թամերլանին, երբ նա հայտնվել էր նրանց տեսադաշտում Դաղստան եւ Չեչնիա կատարած վեցամսյա այցի ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ դժգոհ էին մնացել իրենց ավելի վաղ հարցմանը ՀԴԲ-ի սառն արձագանքից:

– Արդյոք այս ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվեցին չորս եւ վիրավորվեցին մոտ 200 ամերիկացիներ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին կմղի՞ ավելի սերտ համագործակցության իրենց ռուս գործընկերների հետ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն ահաբեկչության դեմ, անկախ միջազգային քաղաքական նկատառումներից:

– Արդյոք Միացյալ Նահանգները կհետաքննի՞ 2003 թվականին Թամերլանի եւ նրա ընտանիքի երեք անդամների՝ Թուրքիա կատարած տասնօրյա այցը, ինչպես բացահայտել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը: Ի՞նչ նպատակով էին Ցարնաեւներն այցելել Թուրքիա եւ ո՞ւմ հետ էին շփվել այնտեղ:

Անդրադառնալով Ցարնաեւ եղբայրների շատախոս հորեղբայր Ռուսլան Ցարնիին, նշենք, որ նա վիճահարույց եւ հակասական մեկնաբանություներ արեց, որոնք տարածվեցին ամբողջ աշխարհում CNN-ի, NBC-ի, Wall Street Journal-ի, Reuters-ի, Time շաբաթաթերթի եւ այլոց կողմից: Հորեղբայր Ցարնին մեղադրեց իսլամացած կրոնափոխ մի անանուն հայի Քեմբրիջից՝ Թամերլանին արմատական դարձնելու համար:

Մերիլենդի բնակիչ Ցարնին “NBC Today” շոուին պատմեց, որ իր հայ ծանոթներից մեկը հայտնել է Թամերլանի վրա “արտաքին ազդեցության” մասին. “Նա [ծանոթը] ասաց, թե ինչ-որ մեկը լվանում է նրա [Թամերլանի] ուղեղը, ով նոր է իսլամություն ընդունել: Ես ուզում եմ շեշտել, որ նա [ծանոթը] հայկական ծագում ուներ”:

Սակայն, հորեղբայր Ցարնին բոլորովին այլ բացատրություն տվեց CNN-ին իր զարմիկների քստմնելի արարքների համար: Նա մեղադրել է նրանց որպես «ձախողվածների», պնդելով, որ նրանք խայտառակել են իրենց ընտանիքի եւ չեչեն ժողովրդի պատիվը: Սակայն, հետագայում NBC Today-ին նա ասաց, որ իր զարմիկներին «ձախողվածներ» է անվանել զայրույթի պահին եւ նա հիմա վստահ է, որ նրանց հանցագործությունը կապ չունի Ռուսաստանի կամ Չեչնիայի հետ: Նաեւ, Ցարնին հակասեց ինքն իրեն, պնդելով, որ «վերջերս իսլամացած հայկական ծագում ունեցող» անձը նա է, ով Թամերլանի «ուղեղն է լվացել» եւ ոչ թե իր ծանոթը:

Հարց է ծագում, թե ո՞վ է Ցարնին եւ ինչո՞ւ է նա մեղադրում հայերին: Համացանցային մի թեթեւ որոնումից պարզ դարձավ, որ նա անմիջական կապեր ունի կասպյան տարածաշրջանում ներգրավված արեւմտյան էներգետիկ  ընկերությունների հետ: Նա աշխատել է Big Sky Energy, Golden Eagle Partners եւ Nelson Resources Ltd ընկերություններում. բոլոր երեքն էլ ուղղակի ներդրումներ ունեն Կասպից ծովի էներգետիկ նախագծերում: Կարե՞լի է արդյոք էներգետիկ այս ընկերությունների հետ Ցարնիի ունեցած կապերով բացատրել նրա մեղադրանքներն ընդդեմ հայի:

Վերջապես, ինչո՞ւ ոչ մի հայկական կազմակերպություն կամ հայ պաշտոնյա չբողոքեց լրատվամիջոցներին, որոնք Ցարնիի անհիմն ու զրպարտչական հայտարարությունները տարածեցին՝ մեղադրելով մի հայի Թամերլանին արմատական դարձնելու մեջ: Նման մի իրավիճակ ստեղծվել էր տարիներ առաջ, երբ ավստրալիական The Canberra Times թերթը հաղորդեց, որ «Հռոմի պապի վրա հայ մարդասպան է կրակել»: Իրականում, Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վրա կրակել էր թուրք Մեհմեդ Ալի Աղջան:

Ժամանակն է, որ հայերը հակազրպարտչական մի կազմակերպություն հիմնեն, որը ակտիվորեն կհետապնդի բոլոր նրանց, ովքեր զրպարտում եւ անվանարկում են հայերին ամբողջ աշխարհում:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ