23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը քայլարշավ կկատարի դեպի թուրքական դեսպանատուն

Այսօր` ապրիլի 23-ին Հոլանդիայի “Հայ Դատ”-ի հանձնախումբը Հ.Յ.Դ “Գարեգին Նժդեհ” երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ կանցկացնի ցույց, ապա քայլարշավ դեպի Դեն Հագի թուրքական դեսպանատուն: Այդ նույն օրը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) “Երեւան” հաստատության համագործակցությամբ Ալմելո քաղաքում կկազմակերպի կլոր սեղան “թուրք-քրդական մերձեցումը եւ Հայոց Ցեղասպանությունը” թեմայով: Բանախոսներն են լինելու քուրդ լրագրող եւ գրող, “Հայ Ազգային Շարժումը եւ 1915-ի ցեղասպանությունը” (թուրքերեն) գրքի հեղինակ պարոն Ռեջեփ Մարաշլին եւ “Հայ-թուրքական հարաբերություններն Օսմանյան կայսրությունում” (հոլանդերեն) գրքի հեղինակ պարոն Նուբար Սիփանը:

Ապրիլի 24-ին Հոլանդահայ Ֆեդերացիայի “Ապրիլ 24 Կոմիտեն” Ասենի քաղաքի “Արմենիա” հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է այցելություն Մեծ Եղեռնի հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի հիշատակին: Այս այցելությանը կհաջորդի հարակից “Դե Բոսկամպ” գերեզմանատան սրահում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունը, որտեղ ասմունքի եւ գեղարվեստական համարների հետ մեկտեղ կհնչեն ելույթներ Հայոց Ցեղասպանության թեմաներով:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակը արդեն իսկ հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումների մասին: Ապրիլի 19-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի “Ապրիլ 24” հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել “Ապրիլ 24” հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ ունեցան նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը եւ Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը եւ նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:

Բանախոսները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը եւ ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:

Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկել Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝ կատարելով “Եղեռն” եւ “Քարավան” պարերը, իսկ հոլանդական “Արմենս օրատորիում” երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ, , կատարեց Խաչատուր Ավետիսյանի “Օրատորիան” ՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի “Նյուվե Օստեր” հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվել են Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադեւոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ:

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը անրադարձել է հոլանդահայ համայնքի դերին’ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ կարեւորելով գործադրվող միասնական ջանքերը:

Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաեւ երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում’ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:

 

 

“Նիդերլանդական Օրագիր”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ