25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիտավորյալ սպանել են փորձագետին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում են, որ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի եւ Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են մեղսունակ:

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գ. Զոհրաբյանը եւ Ա. Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կ. Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գ. Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Միհրանյանին եւ Գ. Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով քննիչի որոշմամբ մեղադրյալների նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն:

Ստացված թիվ 55 եւ 38 եզրակացությունների համաձայն՝ ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս Ա.Միհրանյանը եւ Գ. Զոհրաբյանը  կարող էին եւ կարող են գիտակցել իրենց գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Այսպիսով, մեղսագրվող արարքի նկատմամբ նրանց, փորձագետների գնահատմամբ, հարկ է ճանաչել մեղսունակ:

Քրեական գործի քննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ