25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն․ Հռոմի պապ

«Ձերդ Սրբություն,

հույժ սիրելի Եպիսկոպոսներ,

սիրելի եղբայրներ և քույրեր,

այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջը բարձրացնել իմ շնորհակալությունը՝ միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին են բնակվում»:

Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու, որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք, թե մեկ է: «Մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը , մե՛կ Տեր, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն: Մե՛կ Աստված և Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ և մեր բոլորի մեջ». իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը:

Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք․ Սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս, որ առաջին անգամ քարոզեցին Ավետարանը այս աշխարհում, և սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են՝ տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդության:

Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար և ձեզ հետ. Փառք Աստծո: Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսավոր երեքսրբյանը բարձրացավ երկինք՝ օրհնաբանելով Աստծո սրբությունը։ Ամենաբարձրյալի օրհնությունը առատորեն իջնի երկիր՝ Աստվածամոր, մեծ սրբերի և վարդապետների, մարտիրոսների և հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք:

«Միածինը, որ այստեղ իջավ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միության մեջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան՝ իմը դարձնելով սքանչելի խոսքերից ոմանք, որ ձեր Ծեսի մեջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխոս ես մեզ համար, անմռունչ հեծություններով ողորմած Հոր մոտ, որ սրբերին պահում ես և մեղավորներին մաքրում», թող իջնի մեր վրա քո սիրո և միության կրակը, և «այս կրակով հալվեն մեր գայթակղության պատճառները», նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև: Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին, որ Աստված տվել է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհրուրդը՝ իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ»: Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնին, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում:

Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը, որ ներում և հաշտվում է: Ինչպես Առաքյալները Զատկի առավոտը, տարակուսանքով և անվստահություններով հանդերձ, վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արևագալից դյութված (հմմտ. Յվ 20,3-4), նույնպես մենք ևս, այս սուրբ Կիրակի, հետևում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության, և արագացնենք մեր քայլերը: Իսկ այժմ, Սրբություն, Աստծո անունով, խնդրում եմ, որ Ինձ օրհնեք, օրհնեք Ինձ և Կաթողիկե Եկեղեցին, օրհնեք մեր այս ընթա ցքը՝ դեպի կատարյալ միություն»։

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ

ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՊԱՊԻ

ԽՕՍՔԸ

Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

26.06.2016

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ