25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է. Դավիթ Ջամալյան

ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Henaran.am-ը զրուցեց Դավիթ Ջամալյանի հետ:

-Պարո՛ն Ջամալյան,  ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանագծում: Քաղաքական մի շարք տեսաբաններ առաջիկայում լայնամաշտաբ պատերազմի կանխատեսումներ են անում: Որպես նախարարի խորհրդական՝ Դուք ի՞նչ եք արձանագրել:

-Արցախ – Ադրբեջան պետական սահմանին այժմ անդորր է: Թե որքան երկար այն կտևի՝ դժվար է ասել, վստահ եմ սակայն, որ այն ժամանակավոր է: Պետք է անկեղծ լինել՝ նոր լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է: Վերջինիս պետք է պատրաստ լինենք: Նշեմ, որ հետպատերազմյան ժամանակահատվածում ահռելի ծավալի ինժեներական աշխատանքներ են տարվել Արցախի սահմաններին: Բացի այդ՝ բանակը համալրվում է ամեն անհրաժեշտով, և ինչը հատկապես կարևոր եմ համարում՝ կարևորագույն պաշտոններում նշանակվում են ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ աչքի ընկած հրամանատարներ: Ի դեպ նշեմ, որ կադրային գործոնը հակառակորդի ապրիլյան ագրեսիայի ձախողումը կանխորոշողներից մեկն է եղել:

-1994 թվականից հետո նոր պատերազմի հավանականությունը միշտ էլ եղել է: Այս 22 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ կարող եք առանձնացնել:

-Նախապատերազմյան այս տարիների կարևոր ձեռքբերումներից մեկն անկասկած ՊԲ հրամանատարական կազմի սերնդափոխությունն է: Հատկանշականն այն է, որ Պաշտպանության բանակի բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր պարգևատրվել են այս օրերին արժանացել են այդ պարգևներին ոչ միայն հանդես բերած պրոֆեսիոնալիզմի, հնարամտության, այլև՝ խիզախության, որոշ դպքերում բառի բուն իմաստով անձնուրաց խիզախության համար: Կրկնում եմ՝ խոսքը բարձր պաշտոններ զբաղեցրած հրամանատարների մասին է:

-Ձեր մատնանշած խիզախ կադրերի գործոնը որքանո՞վ է դրսևորվել քառօրյա պատերազմի օրերին և այս առումով՝ Դուք ինչ դիտարկումներ եք արել:

-Պաշտպանության բանակի հրամանատարությանը հաջողվել է կռահել հակառակորդի մտահղացումն ու կանխարգելիչ հարվածներով ձախողել այն: Պաշտպանության բանակի ղեկավարությունն այսօր վստահված է գեներալ – լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ով խստապահանջ և պրոֆեսիոնալ զինվորական է, ում վաստակը մեծ է թե՛ Արցախյան ազատամարտում հաղթանակի, թե՛ հետպատերազմյան շրջանում Պաշտպանության բանակի կայացման գործում: Ապրիլյան ագրեսիայի օրերին նա սառնասրտորեն ղեկավարել է բանակի գործողությունները: Ի դեպ քչերին է հայտնի, որ 2008–ի մարտի 3–ի լույս 4-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբը ներխուժել էր Լեոնարխ գյուղի մոտ գտնվող դիրքերից մեկը՝ մարտերին անձամբ մասնակցել է նաև Լևոն Մնացականյանը, ով այդ ժամանակ Պաշտպանության բանակի շտաբի պետն էր: Այդ ժամանակ հենակետը ազատագրվեց, ընդ որում մենք տվեցինք երկու վիրավոր, իսկ հակառակորդը՝ տասից ավելի զոհ:

Նշեմ նաև, որ քառօրյա ռազմագործողությունները ահռելի փորձ էր դասակ – վաշտ – գումարտակ օղակի երիտասարդ հրամանատարների համար: Նրանցից շատ – շատերն այդ օրերին նվաճեցին իրենց ենթակաների հարգանքը, դարձան ինքնավստահ:

-Քառօրյա պատերազմում փորձություն է անցել նաև նախարար Օհանյանի կողմից առաջ քաշված «հրամանատրում առաջադրանքով» սկզբունքը, որը ներդրվել է թե՛ ՀՀ Զինված ուժերում, թե Արցախի Պաշտպանության բանակում: Վերջինս իրենից ներկայացնում է հայոց երկու պետությունների զինուժների զարգացման մեթոդաբանական հիմքը, մարտական պատրաստության, պաշտպանության կազմակերպման տրամաբանությունը: Վերջինիս էությունը հետևյալն է՝ պատրաստել, ապա զորքերում՝ զինծառայության ընթացքում կայացնել մարտական բարդ իրավիճակում ինքնուրույն գործելու ունակ, համարձակ միտք ունեցող, նախաձեռնող հրամանատարներ: Ահա նման հրամանատարական ռեսուրս ձևավորելը եղել ու մնում է նախարար Օհանյանի աշխատանքի առաջնահերթություններից մեկը: Ու թեև այդ սկզբունքը ներդրված է բոլորովին վերջերս, այդուհանդերձ այն ապրիլյան այդ օրերին իր առաջին արդյունքները տվեց: Զորային կառույցի տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարներ ապրիլյան մարտերում գործել են համարձակ, ինքնուրույն ոչ ստանդարտ որոշումներ են կայացրել: Հենց այդ հրամանատարներին էլ այսօր վստահվում են պատասխանատու պաշտոններ:

-Կգնահատե՞ք հակառակորդի ռեսուրսները և մեր կորցրած հենակետերի մասով Ձեր դիտարկումները:

-Հակառակորդն այժմ վերականգնում է իր ուժերը: Հյուսիս – արևելյան և հարավ – արևելյան ուղղություններում լայնամասշտաբ հարձակման նպատակով ձևավորված խմբավորումներում հակառակորդը ներառել էր իր ամենամարտունակ, ամենապատրաստված անձնակազմները: Բայց անգամ այդ ուժերով հակառակորդին չհաջողվեց ճեղքել ՊԲ երկու միավորումների պաշտպանությունը: Այդ անձնակազմների մեծ մասը ոչնչացված է: Այո՛ հրադադարի հաստատման պահին հակառակորդի ձեռքին մնացին մի քանի հենակետեր: Առավել քան վստահ եմ սակայն, որ այդ կորուստը ժամանակավոր է. պատերազմը չի ավարտվել:

-Կպահպանվի՞ արդյոք հրադադարի ռեժիմը , թե՞ ստեղծվել է պարզապես խաղաղության պատրանք:

-Պետք է իրատես լինել. խաղաղությունն այսօր փխրուն է առավել քան երբևէ: Չեմ կարծում, թե Բաքվում հրաժարվել են Արցախը զավթելու նպատակից: Այո՛ ծանր կորուստները ստիպել են Բաքվին հրադադար խնդրել, այո՛ թնամուն ժամանակ է հարկավոր ռազմագործողություններում ընդգրկված ստորաբաժանումների մարտունակույունը վերականգնելու համար: Հետևաբար առաջիկայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ կպահպանվի: Սակայն անհիմն լավատեսության տրվել չի կարելի. Ադրբեջանի հարձակողական պոտենցիալը սկզբունքորեն վերականգնելի է: Հետևաբար թե՛ ՀՀ, թե՛ Արցախի պաշտպանական գերատեսչությունները ադրբեջանական նոր ագրեսիայի հեռանկարը համարելով միանգամայն իրական՝ պատրաստվում են վերջինիս՝ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների դասերը:

Հարցազրույցը վարեց Լուսինե  Ղազարյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ