20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը

ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց Հարկային օրենսգիրքը: Մինչև քվեարկությունը՝ վարման կարգով խոսք խնդրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հայտարարեց, թե նախագիծը պետք է հետ կանչվի:

«Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը նշեց՝ Էդմոն Մարուքյանի առաջարկը ճիշտ է: Նա ընդգծեց՝ անհասկանալի համառությամբ ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է նախագիծը դնել քվեարկության:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ նախագիծն առաջին ընթերցմամբ դրվում է քվեարկության՝ միջազգային կառույցների հետ խնդիրներ չունենալու համար: Ըստ Փաշինյանի՝  իշխանությունը խնդիր ունի այս ընթացքում ստացվող վարկային պամանագրերը վավերացնելու հետ, ահա թե ինչու է շտապում առաջին ընթերցմամբ ընդունել օրենսգիրքը:

ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  հայտարարեց՝ իրենք ձեռնպահ են քվեարկելու օրենսգրքին:

«Մենք լուրջ մտահոգություններ ունենք նախագիծն այս տեսքով ընդունելու վերաբերյալ: Առաջիկայում առաջարկությունների փաթեթ ենք ներկայացնելու, այս պահին մենք ձեռնպահ ենք քվեարկելու` հետագա մեր քվեարկությունը կապելով այդ փաթեթի առաջարկների վերաբերյալ ընդունած որոշումներով»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանն էլ ընդգծեց՝ վստահ է՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծում որևէ փոփոխություն չի կատարվելու:

«Այնտեղ կան կոնցեպտուլ փոփոխություններ, եթե ընդունվեց, անիմաստ է շարունակել քննարկել, դա ժամանակի կորուստ է, և մենք չենք եկել այդ օրենսգրքում ստորակետներ փոխելու համար», – ասաց Բագրատյանը:

«Ժառանգություն» խմբակցության անունից տեսակետ հայտնեց Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց՝  հանրությունը վստահություն չունի այդ օրենսգրքի  վերաբերյալ:

Պատգամավորը ևս դեմ քվեարկեց օրենսգրքին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փորձեց հակադարձել` ասելով, թե պետք է այժմ քվեարկել և ընդունել առաջին ընթերցմամբ, որից հետո այն կարժանանա քննարկումների և կարտահայտի բոլորի կարծիքները:

Ի վերջո, 68 կողմ, 21 դեմ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ