28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին

image_19381

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին եւ բնակչությանը մատուցվելիք ծառայություններին:

Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների եւ մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:

Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Համակարգը ներդնելու համար փորձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Դրա շրջանակներում արդեն իսկ գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որտեղ եւս այցելել է վարչապետ Սարգսյանը՝ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, այտեղ այցելող բնակիչների խնդիրներին:

Իրականացվել է նաեւ Արարատի մարզի վերոնշյալ կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստում:

Մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 20-ը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 16 կենտրոնների վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտվելուց հետո, դրանք եւս կընդգրկվեն վերոնշյալ փորձնական ծրագրում: Իսկ այդ կենտրոնների շուրջ 350 աշխատողների վերապատրաստման դասընթացները կսկսվեն ապրիլի 8-ից:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձեւավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման եւ վճարման աշխատանքները, իսկ սոցիալական այլ ծառայությունների մատուցման եւ սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները` համայնքային սոցիալական աշխատողների միջոցով:

  

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ