19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պառավթեւերը չեն կարող իրար բզբզել. Առավոտ

Աշխարհում տհաճ քաղաքական երեւույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթեւերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը` մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր “նաչալնիկներ”: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի “քառակուսի” եւ դատարկ:

Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը` չի ցանկանում որեւէ երեւույթի մեջ տեսնել որեւէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած “կուսակցական գծին”: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի եւ բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել “երիտթեւի” որեւէ ներկայացուցի` առանց թանկարժեք կոստյումի եւ փողկապի եւ առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի: Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ եւ ԲՀԿ “երիտթեւերը”:

Դա ունի իր բացատրությունը, առջեւում են Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը եւ, հետեւաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ “անկաշկանդ” մթնոլորտում տվյալ կուսակցությունների “պառավթեւերը” չեն կարող իրար “բզբզել” քիչ թե շատ բարձր մակարդակով` չափից դուրս շատ են ընդհանրությունները: Իսկ ահա երիտասարդներին կարելի է եւ նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել` գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթեւակի “փչացնելը” ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է “ավանդական” երկխոսությունը, “որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել”, “որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ”:

Մոտակա մեկ ամիսը դա է լինելու: Փորձեք հարցնել որեւէ “երիտթեւականի”` ինչո՞վ է տարբերվում իր կուսակցությունը մյուս կուսակցություններից: Նա կպատասխանի. “Իր գոյության ողջ ընթացքում իմ կուսակցությունն ապացուցել է, որ այն միշտ ժողովրդի կողքին էր, մշտապես ապրել է ժողովրդի ցավերով, մենք շատ չենք խոսել, մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել, ժողովրդի դարդին դարման ենք արել”: Եվ այլն:

Կազմեք կարճ նախադասություններ “ժողովուրդ” բառով, եւ դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որեւէ բովանդակություն չունեցող ֆրազները` գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են: Կարեւորը չմտածելն է եւ պատրաստի ձեւակերպումները վարժ առոգանությամբ կրկնելը:

Միայն մի հարց է ինձ հուզում`եթե 20 տարի բոլոր ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցությունները ժողովրդի մատից փշեր էին հանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան շատ փշեր մնացել:

 

Արամ Աբրահամյան
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ