25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերթը հասավ Գլաձորի բազմամետաղային հանքավայրին

Մայիսի 23-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի գյուղապետարանում,  տեղի կունենան «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Այս մաիսն գրում է Էկոլուրը եւ նշում, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում  է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում: Գլաձորը Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 3 կմ հեռավորության վրա: Հանքավայրից  6-10 կմ հեռավորության վրա գտնվում են Վերնաշեն, Հերմոն և Շատին գյուղերը:

Գլաձորի հանքավայրում հաշվարկվել է կապարի 628.37 հազ.տ, ցինկի 711.44հազ.տ, պղնձի 63.4հազ.տ, կադմիումի 2605.3տ, արծաթի 201.18տ, ոսկու 9789.0կգ պաշար: Մեկ տոննա հանքաքարում կապարի պարունակությունը 4.34% է, ցինկինը՝ 4.92%, պղնձինը՝ 0.44%, կադմիումինը 0.018%, արծաթինը՝ 13.90 գր/տ, ոսկունը՝ 0.68գր/տ:

Նախատեսվում է Գլաձորի հանքը շահագործել 3 բացհանքերի եւ ստորգետնյա եղանակով:

Բացահանքերի մոտավոր արտադրողականությունը կկազմի՝

  • բացահանք 1 – շուրջ 83 հազ.տ,
  • բացահանք 2 – շուրջ 57 հազ.տ,
  • բացահանք 3 – շուրջ 62 հազ.տ:

Բացահանքերի շահագործման ընդհանուր տևողությունը կազմելու է մոտ 2 տարի: Ստորգետնյա հանքով նախատեսվում է արդյունահանել շուրջ 14080 հազ.տ  հանքաքար:  Թե քանի տարի կշահագործվի ստորգետնյա հանքը, հայտում չի նշվում: Նշվում է, որ հանքաքարը տեղափոխվելու է ֆաբրիկա, թե ինչ ֆաբրիկա, չի նշվում: Ինչպես նաեւ չի նշվում, թե հանքավայրի տարեկան արտադրողականությունը որքան է և որքան դատարկ ապար կառաջանա:

Միայն բացհանքերն ու լցակույտի տարածքը միասին զբաղեցնելու են 22.5 հա տարածք, մինչդեռ, Գլաձորի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի համաձայն, Գլաձոր համայնքը ունի  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի  7,6 հեկտար հող:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքը գտնվում է Արփա գետի միջին հոսանքի և նրա վտակ Եղեգիսի ավազանում: Բարձրությունը տատանվում է 920մ-ից (Արփայի հովիտ) մինչև 2946մ  (Գնդասար լեռ): Հայտում նշվում է, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի մոտակայքում բնության  հատուկ պահպանվող տարածքներ չկան: Մինչդեռ այդտեղ է գտվում Եղեգնաձորի արգելավայրը (արգելավայրի տեղադիրք՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազան, ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա): Արգելավայրը պահպանում է տեղի անտառային լանդշաֆտներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհը:

Հայտում նշվում է. «Գլաձորի հանքավայրի տարածքը ներառված է Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանում, որտեղ հանդիպում են կաթնասունների ավելի քան 220 տեսակ: Հանդիպում է գորշ արջ, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու: Թռչուններից են քարակաքավը, բազմաթիվ ճնճղուկազգիներ, սև ու սպիտակագլուխ անգղներ, գառնանգղ, քարարծիվ, ճուռակներև այլն: Շատ են սողունները՝ օձեր (գյուրզա, շահմար) և մողեսները»: Հայտում չի նշվում, թե այս կենդանիներից որոնք են գրանցված ՀՀ կենդանիների Կարմիր գրքում: Նշենք, որ գորշ արջը, կզաքիսը, անտառային կատուն, սեւ եւ սպիտակագլուխ անգղները, գառնանգղը, քարարծիվը, ճուռակները գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

Հայտում նշվում է. «Գլաձորի համայնքի շրջակայքում պահպանվել են Պռոշյան իշխանների բերդի պարսպի մեծ մասը, խաչքարեր, գերեզմանատներ: Համայնքի տարածքում է գտնվում «Սպիտակավոր» պատմամշակութային հուշարձանը, «Սուրբ Հակոբ» եկեղեցին, չորս մատուռներ: «Սպիտակավորը» կառուցվել է XII-րդ դարում Պռոշյանների կողմից, 80-ական թվականներին հուշարձանի տարածքում է ամփոփվել հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ – իմաստասեր Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը…: «Սուրբ Հակոբ» եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է: …Համայնքի վարչական տարածքից քիչ հեռու գտնվում է Թանահատի վանքը, որտեղ 13-րդ դարում գործել է Գլաձորի համալսարանը:

Հաշվի առնելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների մեթոդիկան, կարելի է փաստել, որ դրանք որևիցե բացասական ազդեցություններ հուշարձանների վրա չեն դրսևորվելու»: Հայտում չի նշվում, թե այս պատմամշակութային արժեքները հանքավայրից ինչ հեռավորության վրա են գտնվում:

Հիշեցնենք, որ ՀՀ ընդեքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածն արգելում է հանքարդյունաբերությունը, եթե ընդերքի հողամասի վրա գտնվող հողամասում կան՝

«1) գերեզմաններ.

2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.

3) Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով էլ արգելվում է. «ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Ըստ հայտի՝ նախնական հաշվարկներով տարեկան մթնոլորտ արտանետվող փոշու գումարային քանակը կկազմի շուրջ 790 տ: Նշվում է, որ ջրային ռեսուրսները չեն աղտոտվի «քանի որ նախատեսվում է արտադրական կեղտաջրերը հեռացնել լեռնային փորվածքներից հանքահորային ջրերի հետ միասին, իրականացնել նախնական մաքրում և կրկին օգտագործվել տեխնիկական նպատակներով»: Թե որքան արտադրական ջուր անհրաժեշտ կլինի հանքի շահագործման համար, որտեղից է այդ ջուրը վերցվելու, ինչ եղանակով է մաքրվելու, հայտում չի նշվում:

Հայտում չի նշվում նաեւ հանքավայրի շահագործման ազդեցությունը Գլաձոր եւ մյուս ազդակիր համայնքների վրա, թե որքան այն կազդի տեղի գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացման վրա, ինչ եղանակով են բացհանքերը ռեկուլտիվացվելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ