16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» անվանումից

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ                                                                                                                                    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

10 մայիսի 2016թ.

Պարոն Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ                                                                                                    Փետրվարի 20-ի փողոց, 3-րդ շենք                                                                                                        Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն

 

Արցախի Հանրապետության մեծահարգ Նախագահ,

Ստորև Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախում սպասվող սահմանադրական բարեփոխումների ընթացքում երկրի մայր փաստաթղթում Արցախի պաշտոնական անվան ամրագրման հետ կապված մի առաջարկություն:

Համաձայն պատմական վկայությունների՝ Արցախը «Ղարաբաղ» է կոչվել XIII դարից սկսած[1]:

Նման անվանում Արցախին տվել են քոչվոր թյուրք-թաթարական ցեղերը:                                               1920-ական թվականներից սկսած «Ղարաբաղ» անվանումը քաղաքական նպատակներով ենթարկվել է խեղաթյուրումների՝ ստանալով «Լեռնային» հավելումը: Հորինվել են նույնիսկ նոր անվանումներ՝ «Դաշտային» , «Ստորին» և «Վերին» հավելումներով[2]:

  Ինչպե՞ս են առաջացել այս հավելումները:  

Ելիզավետպոլի կամ Գանձակի նահանգի լեռնային ու նախալեռնային շրջաններում պատմականորեն ապրում էին հայեր, իսկ Կուր գետի աջափնյա հովտային ու ձախափնյա ամբողջ տարածքները բնակեցված էին մահմեդականներով, մասամբ էլ հայերով և այլ ազգություններով: Այս երկու հատվածների կյանքն ու կենցաղը, տնտեսվարման եղանակը, ողջ ապրելակերպն ընդհանուր առմամբ զգալի տարբերվում էին միմյանցից, եթե չասենք՝ հակադրվում էին միմյանց: Ամենատարբեր պատճառներով հաճախակի ընդհարումներ էին տեղի ունենում հայերի ու մահմեդականների, հատկապես՝ քոչվոր կամ կիսաքոչվոր կյանք վարող ցեղերի միջև:

Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշյալ տարածքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև վերոնշյալ ընդհարումները բացառելու, կամ նվազեցնելու նպատակով որոշում է նահանգի լեռնային մասն անջատել դաշտայինից:

Նախատեսվում է ստեղծել երկու նահանգ՝ Ելիզավետպոլի (մահմեդական) և Գանձակի (հայկական): Սակայն, այս ծրագրին միասնաբար ընդդիմանում են մահմեդական և վրացական քաղաքական ուժերը:

1917թ. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը նույնպես անդրադառնում է երկու առանձին նահանգներ ստեղծելու վերոնշյալ խնդրին: Անհամաձայնության պատճառով հարցը դարձյալ լուծում չի ստանում, բայց քաղաքական շրջանակներում արմատավորվում է «Լեռնային Գանձակ»  անվանումը:

1920-ական թվականների սկզբից սկսած խորհրդային Ադրբեջանի իշխանությունները մոռացության են տալիս «Լեռնային Գանձակ» արտահայտությունը՝ գործածության մեջ դնելով «Լեռնային Ղարաբաղ», «Հարթավայրային Ղարաբաղ» , «Վերին Ղարաբաղ» և «Ստորին Ղարաբաղ» կեղծ անվանումները[3]:

Զուրկ լինելով կոնկրետ բովանդակությունից՝ այս անվանումներն ունեին բավականին անորոշ իմաստ: Կախված հետապնդվող քաղաքական նպատակից, կարելի էր դրանց հաղորդել ցանկացած իմաստ:

Այսպիսով, նկատի ունենալով վերոգրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները՝

  1. «Ղարաբաղ» անվանումը չունի հայկական ծագում,
  2. «Լեռնային Ղարաբաղ» անվանումը կեղծ է ու շինծու, այն չունի ոչ պատմական, ոչ էլ առավել ևս իրավական հիմնավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ա ռ ա ջ ա ր կ ու մ եմ

Քննարկել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությունից «Լեռնային Ղարաբաղ» բառերը հանելու հնարավորությունը՝ այդպիսով պաշտոնապես և վերջնականապես ընդունելով միայն «Արցախի Հանրապետություն» անվանումը:                    Միաժամանակ հայտնում եմ, որ նշյալ առաջարկությունը սույն թվականի ապրիլի 19-ին իմ կողմից գրավոր ներկայացվել է Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Հարգանքով՝

 

Ստեփան Հասան-Ջալալյան

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փորձագետ,

քաղաքագիտության մագիստրոս,

Երևանի պետական համալսարանի ասպիրանտ

——————————————————————————————————————————

Ծանոթագրություն

[1]Միրզա Յուսուֆ Ներսեսով, Ճշմարտացի պատմություն, թարգմանությունը բնագրից, ներածությունը և ծանոթագրությունները Քրիստինե Կոստիկյանի, Երևան, 2000թ., էջ 35:

[2]Ղահրամանյան Կ., Ղազիյան Ա., Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Պետականության ակունքները, Երևան, 2008թ., էջ 11:

[3] Նույնը, էջ 13:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ