19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեռավ արտագաղթելու ցանկությունը

Ապրիլյան պատերազմը շատ դասեր տվեց բոլորիս, ճանաչեցինք մեր երկիրը, մեզ ու մյուս մարդկանց: Հասկացանք, որ իզուր էինք ասում, թե այս ինչ սերունդ է մեծանում… սրանց ոգին մենք՝ “made in USSR”-ներս, հաստատ չունենք: Ես, օրինակ, չգիտեի, որ վտանգի պահին տեղը հանգիստ սթրվելն այդքան դժվար է: Չգիտեի, որ երբ պատերազմ է, քնել չես կարող, ուտել չես կարող, ապրել չի լինում: Գիտակցում էի, որ պարտավոր եմ ինձ այնպես պահեմ, որ երեխաներս վարքիցդ գլխի չընկեն, թե մի բան սովորականի պես չի, բայց չէր ստացվում:

Պատերազմը լակմուսի թուղթ է: Ստեփանակերտցի լուսավոր մի տղա պատերազմի հենց առաջին օրվանից թողեց ընտանիքն ու կամավոր զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, մյուսը՝ նրա տարեկիցն ու համաքաղաքացին, նույն օրը բալեքին առած, փառք Աստծո, դեռ խաղաղ Ստեփանակերտից փախավ Երեվան, մինչեվ հասնելն էլ լուր ուղարկելով, թե վարձով տուն գտեք: Ո՞նց բացատրես այդ փափկամորթին, որ քո գալով քոչվորներին մոտեցնում ես բոլորիս, այդ թվում եվ քո՝ փախեփախի ճամփան ընտրած ընտանիքին:

Ոմանք իրենց քունն ու գործը թողած,աչք քոռացնելով նյութեր էին թարգմանում օտար լեզուներով սոցցանցերում տարածելու համար, մյուսներն իրենց տհաճ կայքերում ապատեղեկատվություն էին ներկայացնում, որ լուրի սպասող մարդիկ կտտացնեն, լեղաճաք լինեն, ու դրանից կայքատերերը փող աշխատեն, թո՛ւ…

Մեկն իր չորս զավակին թողնում գնում է հայրենիքն ու մեզ պաշտպանելու, իսկ նրա անսիրտ գործատուն այդ կամավորականին ազատում է աշխատանքից: Եվ մի՞թե նրա կոլեգաները չէին կարող այնպես աշխատել, որ այդ բացը չզգացվեր…

Պետական մի շարք ծառայողները նորակառույց շենքերում բնակարաններ են ստանում հենց այն պահին, երբ հայրենի հողը պաշտպանելիս զոհված պայմանագրայինի որբերն անտուն են կամ խոնավ վարձով տանը…

Թալիշից դուրս եկած մի ընտանիք արհեստականորեն այնքան է թմբկահարում իր խնդիրը, որ արդյունքում մայրաքաղաքում տան տեր է դառնում, հինգ երեխատեր լուսահոգի մայորի հպարտ քույրը լրատվամիջոցներով փոխանցում է՝ մենք օգնության կարիք չունենք, մեր երեխեքին կպահենք: Ա՛յ հորքուր, ախր նրանք էլ մենակ ձեր երեխեքը չեն, մերն էլ են, թույլ տուր իմ բալեքի մանկասայլակը ձեզ տամ…

Մենք մեզ էլ ճանաչեցինք: Ես, օրինակ, հասկացա, որ չեմ ուզում այս երկրից մի քայլ անգամ հեռանալ, մեռավ արտագաղթելու իմ ցանկությունը: Հանկարծ հասկացա, որ ես եմ երեխայիս ու գլխիս տերը, որ ո՛չ գնալու տեղ կա, ու կարեվորը՝ ոչ էլ արդեն ցանկություն: Նույնիսկ գիտակցելով, որ արտերկրում գուցե զավակներիս ապագան ավելի լավը լինի, այլեվս գնալ չեմ կարող: Հասկացա, որ զավակիս չափ թանկ հայրենիքն է, վերջապես տեղ հասավ, թե ինչ էր զգում Հ.Շիրազը, երբ ասում էր՝

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա… 

Օֆելյա Կամավոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ