29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ մարդու իրավունքների պաշտպանին

image_18289

“ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Նամակում ասված է.

“Հարգարժան պարոն Կարեն Անդրեասյան,

Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը:

Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց  “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է: 3-րդ հոդվածն ասում է. “…ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում”: 

Դրա հետ մեկտեղ նախարարության աշխատակիցները,  ովքեր ապահովում են նախարարության հրավիրած անձանց մուտքը, հրաժարվեցին անցագրեր տրամադրել “Շանթ”, “Իջեւան”, “Սիվիլնեթ” հեռուստաընկերությունների, “Լրագիր” տեղեկատվական կայքի, “ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:

Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց “Զանգվածային լրատվության մասին” օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. “Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը”:

Նախարարության պարզաբանումը, որ բոլոր նրանց մասնակցությունը, որոնց թույլ չի տրվել մասնակցել լսումներին, ապահովված է lifestream-ով,  որեւէ քննադատության չի դիմանում:

Նշենք, որ lifestream-ը չի ապահովում մասնակցություն, այլ ապահովում է կողքից հետեւելու հնարավորություն: Ի տարբերություն դիտորդների` մասնակիցները, այդ թվում եւ լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալու, արտահայտելու իրենց կարծիքը, աշխատելու հասարակական լսումների մյուս մասնակիցների հետ:

Այս հնարավորություններից նրանք զրկվեցին նախարարության մեղքով: Խնդրում ենք Ձեզ իրավական գնահատական տալ նախարար Արամ Հարությունյանի  եւ նախարարության մյուս իրավասու անձանց գործողություններին, ովքեր պատասխանատու էին մարտի 15-ի միջոցառման կազմակերպման համար, որոշել, թե որքանով են այդ գործողությունները ենթակա վարչական կամ այլ պատասխանատվության` համաձայն ՀՀ ազգային օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների  պահանջով Հայաստանի ստանձնած պարտավորությունների”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ