25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ազգասեր քավորի մոմենտով». Առավոտ

Ճիշտն ասած, հրատապ խնդիրների մասին այնքան շատ է խոսվում եւ գրվում, որ վերջերս իմ մեջ մեծ ցանկություն է առաջացել գոնե երբեմն իմ սյունակներում անդրադառնալ, այսպես ասած, «արմատներին»: Ինչպես է ստացվում, որ այն, ինչ մենք անվանում ենք «4-օրյա պատերազմե, ազդել է հասարակական տրամադրությունների եւ քաղաքացիների գիտակցության վրա, բայց գրեթե չի ազդել քաղաքական վերնախավի եւ հատկապես իշխանության վրա: 25 տարի խոսվում է այն մասին, որ իշխանությունը «ազգասեր» չի, «մենակ իր գրպանի մասին է մտածում» եւ այլն: Այդ գնահատականները մեծ մասամբ տեղին են, բայց դրանք սխալ ուղղությամբ են տանում հասարակության պահանջները:

Մեզ պետք չէ «ազգը սիրող» կամ «ազգի մասին մտածող» իշխանություն` դրանք չափազանց սուբյեկտիվ քնարական զեղումներ են: Մեզ պետք է իշխանություն, որը ադեկվատ կարձագանքի հասարակության պահանջներին: Իհարկե, կասեք՝ դրա համար լեգիտիմություն է պետք: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց իրականությունն այլ է: 90-95 թվականների Գերագույն խորհրդի, 91-96 թվականների նախագահի լեգիտիմությունը գրեթե ոչ ոք կասկածի տակ չի առնում: Բայց (իհարկե, ընկերներս ինձ հետ կվիճեն) այն ժամանակ էլ իշխանությունն անհաղորդ էր քաղաքացիների պահանջներին, անտարբեր էր, մեծամիտ եւ հաճախ գռեհիկ:

Այնպես որ՝ իշխանության ներկայիս «դանդաղաշարժությանե պատճառը պետք է այլ տեղ փնտրել: Հատկապես այսօր «քաղաքական վերնախավիե ներկայացուցիչները աչքի են զարնում իրենց մի տեսակ «ժամանակավրեպ», «ոչ տեղին» դրսեւորումներով: Գուցե ճշգրիտ բառը չեմ գտնում, եւ հիմա ասվում են շատ ավելի խիստ, շատ ավելի ծանր բառեր, բայց ավանդական որակումներն էլ ամբողջությամբ չեն բնութագրում երեւույթը: Իմ ընկալմամբ՝ նրանք 90-ականների «նոր հայերնե են, որոնք ոչ միայն ինչ-որ հրաշքով հայտնվել են 21-րդ դարում, այլեւ փորձում են այս` «ոչ իրենց» ժամանակում ինչ-որ հարցեր լուծել:

Այդ «հարցերըե բխում են իրենց մտահորիզոնից` ինչ-որ բան «սեփականաշնորհել», ինչ-որ բիզնեսի մեջ խցկվել, ինչ-որ «օբէկտ աշխատցնել» եւ «մի կտոր հաց ուտել»: Այդ ամենը` «ազգասերիե եւ «մտածողի» տեսք ընդունելով: Այս տարիներին աշխարհի եւ Հայաստանի կտրուկ փոփոխությունների ֆոնին այդ բրածոները նման են մի մարդու, որը բարձր տեխնոլոգիաներին նվիրված գլոբալ ֆորումի ժամանակ կենաց է արտասանում «քավորի մոմենտով»: Այդ «ոչ ադեկվատությունը» կար անցած 25 տարում, բայց այսօր առավել ցայտուն է եւ, թող թույլ տրվի ասել` զավեշտալի:

«Անցյալից եկած մարդկանցե առկայությունը մասամբ բացատրվում է նրանով, որ քաղաքական դիսկուրսից առայժմ ամբողջությամբ չեն վերացվել «ազգասեր» լինելու պահանջը եւ այլ հնամաշ մոտեցումները: «Ազգասիրությանե հեղհեղուկ դաշտում այդ «դինոզավրերը» դեռ ասելիք ունեն, որովհետեւ դա ի վերջո նույն` «քավորի մոմենտով» կենացի տարբերակն է: Բայց դրա ժամանակը սպառվում է: Ընդ որում` սպառվում է սրընթաց կերպով: Պահանջը հիմա դրվելու է շատ ավելի կտրուկ` կատարեք ձեր պարտականությունները պետության առջեւ: Իսկ թե ում եք դուք սիրում եւ ինչ եք մտածում` ձեր գործն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ