19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահաթմա Գանդին նախագահ չէր. Առավոտ

Ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին “ավանդաբար” հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում` այդ ամենը ճիշտ է, եւ դրա բազմաթիվ հաստատումները կան նաեւ մեր թերթում եւ կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում` պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: 

Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով` կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հռչակել հանրապետության նախագահ, թե՞ “Վազգեն, նախագահ”, “Ստեփան, նախագահ”, “Լեւոն, նախագահ” եւ “Րաֆֆի, նախագահ” կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն:

 Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետեւյալ փաստարկը` “բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարեւան-բարեկամ ունեմ` Րաֆֆիին է ձայն տվել”: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ: Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ “Ժառանգության”  հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետեւում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այդ թուղթը, պարզապես կհավատամ նրանց:

Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել` ոչ թե “ես ընտրվել եմ”, “ես ազգընտիր եմ”, այլ` “ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել”:

 Դա նաեւ ընդդիմությանը որոշակի մանեւրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ` ես ընտրվել եմ, բերեք իմ գահը: Կամ` վերջին տարբերակով` ես նախագահ եմ ընտրվել, իսկ հիմա կզոհվեմ, խարակիրի կանեմ` դա ապացուցելու համար: Վստահ չեմ, որ դա քաղաքական օրակարգ է:

Ինքնին հացադուլը գուցեեւ ուշադրություն գրավելու եւ պայքարելու միջոց է [չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլեւս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ` պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին: Երկրորդ` այդ անհատական ինքնագոհության քայլը պետք է զուգակցել քաղաքական քայլերի հետ: Օրինակ՝ ինչպես որ դա առաջարկում է “Հանրապետություն”  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կոչով դիմել ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներին` վայր դնել մանդատները: Հետաքրքիր է, ո՞վ է այդ կոչին անսալու:

…Համենայնդեպս, հիշեցնեմ  նաեւ, որ Մահաթմա Գանդին ոչ նախագահ էր, ոչ էլ նախագահի թեկնածու, եւ նա հացադուլով ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում: Նրա հացադուլները զուտ բարոյական քայլեր էին եւ ուղղված էին իր երկրում ազգամիջյան բախումները կանխելուն:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ