23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահեստային տարբերակ չկա. Առավոտ

Եթե որևէ քաղաքական գործիչ դեռևս չի հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ պնդել, որ այդ գործիչը իր թեկնածուն է: Ինձ թվում է` նման հայտարարությունը ժամանակավրեպ կլինի: Բայց ՀԱԿ-ը հենց դա է անում. ասում է` Տեր-Պետրոսյանը իր թեկնածուն է, բայց ավելացնում, որ վերջինս դեռ չի կողմնորոշվել: Իհարկե, անհատական ցանկությունների մակարդակով ամեն մի քաղաքացի կարող է իր ցանկությունների մասին հայտարարել` ասել, ենթադրենք` ուզում եմ, որ առաջադրվի Իսրայել Հակոբկոխյանը: Բայց դա քաղաքական ուժի դիրբորոշում չէ, մի բան է` օդի մեջ ասել` ես ուզում եմ, մեկ այլ բան` կուսակցության կողմից հայտարարել` մեր թեկնածուն այսինչ մարդն է: Պարզ է, որ Կոնգրեսի դեպքում դա արվում է տարբեր տեսակի ասեկոսեները և խարդավանքները կանխելու համար: Բայց անորոշ վիճակը, որը տեսականորեն կարող է տևել ևս երկու ամիս, մի կողմից` կարող է ինչ-որ գաղտնիքի շղարշ ստեղծել և դրանով բարձրացնել հետաքրքրությունը տվյալ քաղաքական ուժի նկատմամբ, մյուս կողմից էլ` ցեմենտի [ի դեմս Տեր-Պետրոսյանի] փաստացի բացակայության դեպքում կարող է խարխլել ՀԱԿ-ի` առանց այդ էլ ոչ այնքան կուռ շարքերը:
Երբ Կոնգրեսի կուսակցության ներկայացուցիչներն ասում են, թե ՀԱԿ-ի ներսում շարունակվում են քննարկումները այդ հարցի շուրջ, նրանք, մեղմ ասած, անկեղծ չեն: Առաջին նախագահի բնավորությունը իմանալով` կարող եմ 99 տոկոսի հավանականությամբ ենթադրել, որ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու խնդիրը չի քննարկվում, ավելին` առաջին նախագահը բավականին կտրուկ ձևով կանխում է մերձավորների` այդ թեմայի շուրջ խոսակցությունները` բավականին չոր տոնով ասելով` “երբ կորոշեմ, ձեզ կասեմ”: Դա, իհարկե, միայն իմ ենթադրությունն է` որևէ տեղեկատվություն Կոնգրեսի խոհանոցից ես չունեմ: Ի դեպ, կարծում եմ, որ մոտավորապես նույն վիճակը նաև ԲՀԿ-ում է: Տրամաբանությունը, հավանաբար, հետևյալն է. եթե առաջադրվողը ես եմ, եթե ես եմ այդ բեռն իմ վրա վերցնելու, առաջին հերթին ես եմ ստանալու բոլոր հնարավոր հարվածները, ապա ինչո՞ւ ես պիտի դա ինչ-որ մեկի հետ քննարկեմ: Բայց մեր քաղաքական ուժերը [ոչ միայն ՀԱԿ-ը], իմ կարծիքով, սխալ պատկերացում ունեն, այսպես ասած, “թայմինգի” մասին: Եթե չկա 100 տոկոսանոց վստահություն, որ նախագահի թեկնածու է դառնալու հենց կուսակցության առաջնորդը, ապա ոչ թե հիմա, այլ ընտրություններից գոնե մի տարի առաջ պետք է աշխատել նաև պահեստային տարբերակի վրա: Ենթադրենք, Տեր-Պետրոսյանը վստահ չէ, որ նա առաջադրվելու է, այդ դեպքում նա իր շրջապատից պետք է առանձնացներ մեկին, որին այս տարվա սկզբից հարկավոր էր “ռասկրուտկա” անել` համոզելով հասարակությանը և զինակիցներին, որ հենց նա է նախընտրելի իրավահաջորդը: Մեզ մոտ դա ոչ ոք չի անում: Ճիշտ է, ԲՀԿ-ի դեպքում “օգնության հասավ” իշխանությունը` “առաջ քաշելով” Վարդան Օսկանյանին: Ախ հա, մոռացա, դա զուտ իրավական խնդիր է:

Արամ Աբրահամյան, ԱՌԱՎՈՏ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ