18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՊՀ ուսանողները ԱԺ-ում էին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների ՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը: Նա ասաց, որ դա խիզախ քայլ էր հատկապես ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Եվրոպայի՝ առողջ ձգտումներով քաղաքական գործիչները կարեւորում են ինքնորոշման ճանապարհը բռնած ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

 Նրա գնահատմամբ՝ Լիտվայի ժողովուրդը ու նրա քաղաքական գործիչները միշտ էլ աչքի են ընկել քաղաքացիական կեցվածքով եւ անտարբեր չեն եղել ազատության համար պայքարող ժողովուրդների ճակատագրի հանդեպ: Էդուարդ Շարմազանովը Լիտվայի խորհրդարանում Արցախի հետ պատգամավորական բարեկամական խմբի ստեղծումն ու դրա հետ կապված հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին լուրջ քայլ համարեց:

Այն հարցին, թե Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար ինչ սկզբունքներ են կարեւոր, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն ինքը պետք է տնօրինի եւ ինքն էլ որոշի, թե ինչպես է ուզում ապրել:Երկրորդ կարեւոր հարցն այն է, որ Արցախը պետք է բանակցային կողմ ճանաչվի, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առաջին սկզբունքը, երրորդ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռասիստական քաղաքականությունը, սթափ գնահատի ստեղծված իրավիճակը եւ իրատես լինի, ինչի համար միջազգային հանրությունն ավելի հետեւողական պետք է լինի:

Այնինչ Ադրբեջանը շարունակում է կառչել տարածքային ամբողջականության սկզբունքից՝ անտեսելով Արցախի ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ հայ ժողովուրդը այսքան միասնական չի եղել ազգային նպատակների իրագործման հարցում, որը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ:

“Այս ճանապարհին մենք իրավունք չունենք արկածախնդրության դիմելու,-ասաց ԱԺ փոխնախագահը,-ներկա պահին Արցախի միակողմանի ճանաչումը, ինչը այսօր պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փակուղի կարող է տանել:

Ես անընդունելի եմ համարում այս խնդրի շահարկումը, բայց եւ կտրականապես դեմ եմ արցախյան խնդրի անվան տակ երկրի ներսում առկա թերությունները կոծկելուն:

Ներքին քաղաքականության մեջ կարող են անհամաձայնություններ լինել, բայց արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես արցախյան խնդրում իշխանություններն ու ընդդիմությունը պարտավոր են միասնաբար գործել»:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ, եւ» սկզբունքով՝ հիմքում դնելով ազգային-պետական շահը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել:

Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն:

“Մենք անկախ պետություն ենք, եւ մեր պետական շահից ելնելով՝ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ եւ թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին՝ տեղեկացնելով, որ այդ խնդիրը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է:  

“Ակնհայտ է, որ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարի, մինչեւ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

-Տեղին է հիշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հղումը ՀՀ նախագահի խոսքերին. “Գնդակը Թուրքիայի դաշտում է”: Միաժամանակ Հայաստանի համար անընդունելի է, երբ իր հետ խոսում են նախապայմանների լեզվով. սա շատ լավ է հասկանում նաեւ միջազգային հանրությունը”,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Ի պատասխան ուսանողների այն հարցին, թե Իրանի նկատմամբ արեւմուտքի պատժամիջոցները չեն վնասում արդյոք հայ-իրանական հարաբերություններին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է որդեգրել նաեւ այս հարաբերություններում:

Նրա գնահատմամբ՝ Իրանը մեր երկրի կարեւոր գործընկեր հարեւաններից մեկն է, եւ Հայաստանը նրա հետ տարածաշրջանային, ինչպես նաեւ տնտեսական լուրջ շահեր ունի եւ շահագրգռված է խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ միջազգային հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ