24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր պոմպակայաններ` բազմաբնակարան շենքերին

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակում «Երևան ջուր» ընկերության կողմից բարձրահարկ բազմաբնակարան շուրջ 100 շենքերի համար կառուցվում են բակային 30 նոր պոմպակայաններ: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ Հարևանության ներդրումային գործիք հիմնադրամի կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցներով:

Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել ջրամատակարարումը, այլև նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսն ու վթարների քանակը, ապահովել ջրի պահանջվող ճնշում ու բարձր որակ: Ստորգետնյա և կիսաստորգետնյա պոմպակայանները հագեցած են ժամանակակից ավտոմատ համակարգերով, որոնք կապահովեն անվտանգ սպասարկում:

Վարչական շրջաններում ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Երևանի քաղաքապետարանը ջրամատակարարման ցանցի բարելավման ուղղությամբ հատկապես վերջին տարիներին լայնածավալ ծրագրեր է իրականացնում: Նախկին կաթսայատներում և դիատահորերում տեղակայված տեխնիկապես հնամաշ պոմպակայանների փոխարեն, որոնք վերակառուցման անհրաժեշտություն ունեին, այսօր վարկային միջոցներով կառուցվում են ամբողջությամբ նոր և նորագույն սարքավորումներով հագեցած պոմպակայաններ, որոնք կապահովեն անխափան և հուսալի ջրամատակարարում, ինչն առաջնային խնդիրն է մեզ համար»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Արդեն 11 հասցեներում աշխատանքներն ավարտվել են, և պոմպերը գործարկված են: Մյուս հասցեներում աշխատանքները սահմանված ժամանակացույցով շարունակվում են: Խիստ հսկողություն է սահմանված հատկապես որակի նկատմամբ:

«Երևան ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել է, որ սպասարկման որակի բարձրացումը դիտարկելով ընկերության կարևորագույն խնդիր՝ նոր պոմպակայաններն իրենց բարձր արդյունավետության հետ մեկտեղ ապահովում են գրեթե անձայն աշխատանք:

«Ընկերության կողմից պոմպակայանների մեծ մասը տարիների ընթացքում արդեն իսկ վերակառուցվել է: Պոմպերը, կախված վայրից, տարբեր հզորության են և սպասարկելու են մեկ կամ մի քանի շենքեր»,-նշել է Գոռ Գրիգորյանը:

Վարկային ծրագիրը ներառում է ևս մի քանի կարևոր բաղադրիչ: Ջրամատակարարման համակարգում կորուստների կրճատման, ջրամատակարարման հուսալիության և շահագործման արդյունավետության նպատակով նախատեսվում է սեփական տնատիրությունների հատվածից ջրաչափական սարքերի տներից դուրսբերում, առանձին ջրաչափական դիտահորերի կառուցում, 8 վարչական շրջաններում 152 կմ նոր ջրաբաշխիչ ցանցի ստեղծում: Նշված բաղադրիչի ուղղությամբ արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերը, մեկնարկել է աշխատանքների և ապրանքների գնման գործընթացը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ