29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել Մոսկվայում եւ Բուլղարիայում

image_17311

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաեւ մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը՝ ընդգծելով, որ 25 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: “Այս օրերին Ռուսաստանում կազմակերպված տարաբնույթ միջոցառումները, հուշ-երեկոները կոչված են վերստին հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում անմեղ զոհված հայերի հիշատակին եւ դատապարտելու 1988թ.-ի սարսափելի իրադարձությունները: Համոզված եմ, որ ջարդերի, վայրագությունների եւ մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպի չդատապարտումը հանգեցնում է դրանց խրախուսմանը: Հիրավի, եթե սումգայիթյան ջարդերին ժամանակին տրվեր համապատասխան գնահատական, ապա հայ բնակչության հանդեպ հետագայում վայրագություններ տեղի չէին ունենա Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում եւ այլ քաղաքներում”, – նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգեւորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Փետրվարի 24-ին Սոֆիայի “Երեւանյան” պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ զետեղելու արարողություն` ի հիշատակ  Սումգայիթի  անմեղ  զոհերի:

Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական Խորհրդի Ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի ղեկավարներ եւ անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Արարողությունից հետո Սոֆիայի “Սուրբ Աստվածածին” եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան սուրբ պատարագ: Նույն օրը հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաեւ  Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա եւ Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:

Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող “Հայ դատ” հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան` “Սումգայիթ. ողբերգությունից 25  տարի անց” խորագրով: Զեկույցներով հանդես եկան բուլղարահայ եւ  բուլղար  մտավորականներ ու  գիտնականներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը եւ ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը` ընդգծելով, որ Սումգայիթի  ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ արժանացան պետական բարձր պարգեւների ու պաշտոնների: Շարունակելով իր խոսքը` դեսպանը զուգահեռ անցկացրեց` նշելով, որ  25 տարի անց,  ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը հերոսացնելով մարդասպանին այսօր եւս շարունակում է այդ նույն քաղաքականությունը: “Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից”,-իր խոսքն ամփոփեց դեսպան Սհոյանը:

Զեկույցներով հանդես եկան նաեւ բուլղարահայ եւ բուլղար մտավորականներ ու  գիտնականներ, որոնք, հանգամանորեն անդրադառնալով ոչ միայն բուն սումգայիթյան իրադարձություններին, այլեւ հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը, դատապարտեցին սումգայիթյան ջարդերը եւ միավորվեցին մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող հայտարարագիր եւ հրապարակել այն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ