20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Լրագրությունն իմ կինն է, իսկ երգը՝ սիրուհիս» /վիդեո/

Մարտի 23-ին     «Նարեկացի»  արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հանրային հեռուստաընկերության   «Մենք ենք, մեր սարերը» նախագծի հաղթող, «Կոմիտաս» համահայկական երգի փառատոնի առաջին մրցանակակիր Արմեն Հայրապետյանի՝ «Ազգայինը՝ առաջնային» խորագրով մենահամերգը: Այս մենահամերգով Արմեն Հայրապետյանը մեկնարկեց «Սայաթ-Նովայի հետ» միջոցառումների շարքը:

Արմենը մասնագիտությամբ տնտեսագետ է: Արդեն չորս տարի է, ինչ աշտատում է  «Ար» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող: Բացի այս՝ նա երգում է  Արսեն Գրիգորյանի հիմնադրած «Հայ երգասաններ» մեներգիչների խմբում, որի կազմում մասնակցում է համերգաների:

Արմենը զրուցել է Henaran.am-ի հետ՝ պատմելով իր առաջին բեմական քայլերի, մենահամերգի,  նոր տեսահոլովակի ստեղծման ու անելիքների մասին:

-Արմեն, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երգել: Պատմե՛ք Ձեր առաջին քայլերի մասին:

-Երգել սկսեցի դեռ ինը տարեկանում: Մեր ընտանիքում բոլորը երաժիշտներ են: Մորեղբայրս՝ Արսեն Ոսկանյանը, «Լիլիթ» համույթի երաժշտական մասի ղեկավար էր: Ասաց՝ շուտով համերգ է լինելու. կարող ես մասնակցել դրան՝ որպես մենակատար: Եվ այդպես, ինձ համոզեցին, և ես երգեցի. դա եղավ իմ առաջին քայլը մեծ բեմում: Այդպես էլ սկիզբ առավ իմ բեմական կյանքը, որը շարունակվում է մինչ օրս:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

-Երբ արդեն պիտի բուհ ընդունվեի, Կոնսերվատորիայում ուսանելու գաղափարը մտքիցս հանել էի, քանի որ ես իմ առաջ նպատակ էի դրել սովորել անվճար ուսուցման համակարգում: Իսկ Կոնսերվատորիայում անվճար հիմունքներով ընդունվելու հավանականությունը շատ փոքր էր: Եվ այդպես, ընդրությունը կանգ առավ ՀՊՏՀ-ի վրա: Փառք Աստծո, ընդունվեցի, սովորեցի անվճար համակարգում: Այդ ընթացքում ընդունվեցի նաև Երգի պետական թատրոն: Այնտեղ հանդիպեցի իմ վարպետին՝ Արսեն Գրիգորյանին (Մրրո): Հետագայում ես սկսեցի երգել նրա ղեկավարած  «Հայ երգասաններ» խմբում: Արդեն  տասներեք տարի է, ինչ երգում եմ այդ խմբում: Այդ ընթացքում  հնարավորություն ընձեռվեց աշխատել հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող, և ես առիթը  բաց չթողեցի, քանի որ դա իմ երազանքներից մեկն էր:

-Ռուս  հանճարեղ գրող Անտոն Չեխովը, ով մասնագիտությամբ բժիշկ էր, մի առիթով ասել է. «Բժշկությունն իմ կինն է, իսկ գրականությունը՝ սիրուհիս»: Իսկ ձեր պարագայում ինչպե՞ս է:

-Իհարկե, իրականում սիրուհու կարգավիճակում որևէ մեկին չեմ պատկերացնում (ժպտում է՝ հեղ.): Բայց այս պարագայում,  սիրուհիս երգն է, կինս՝ լրագրությունը:

Պատմե՛ք Ձեր մենահամերգի և նոր տեսահոլովակի մասին: Ինչպե՞ս հղացավ նոր տեսահոլովակ ստեղծելու գաղափարը:

-Վերջին շրջանում բեմում չէի եղել: Այս մենահամերգն ինձ համար վերադարձ էր դեպի բեմ: Կցանկանայի շնորհակալություն  հայտնել նվագակցողներին՝ Վլադիմիր Կռոյանին, Մխիթար Խաչատրյանին, Ալբերտ Օրդինյանին, Արթուր Հարությունյանին և  Դավիթ Հայրիկյանին:

Ինչպես հայտնի է, իմ նոր տեսահոլովակի պրեմիերան եղավ հենց մենագամերգի ընթացքում: Վարպետիս՝ Արսեն Գրիգորյանի հետ տարիներ առաջ ոշորել էինք, որ պետք է ստեղծվի տեսահոլովակ Աշուղ Գևորգի   ‹‹Մշո առավոտ›› երգի հիման վրա: Երգը ձայնագրվեց: Այդ տարիներին դեռևս բանակում էի ծառայում: Մասնագետների հետ խորհրդակցեցի. ասացին, որ  տեսահոլովակում հարսանիք պետք է լինի, որը, բնականաբար, մեծ ծախսեր էր պահանջում: Եվ այդպես, իմ նպատակն այդ ժամանակ չիրագործվեց: Եվ երբ տարիներ անցան, ու ես ամուսնանում էի, հասկացա, որ կադրերը կան, երգը կա, կարելի է առիթն օգտագերծել ու նկարահանել տեսահոլովակ: Նկարահանողներն ընկերներս էին՝ Արսեն Կարապետյանը, Արտյոմ Բազունցը, Հրայր Սիրականյանը: Հետո երգը կրկին ձայնագրեցինք մյուս ընկերոջս՝ Վահան Հարությունյանի աջակցությամբ: Իսկ մոնտաժի աշխատանքներն արվեցին Կարեն Մելքոնյանի մոտ: Այսպես՝ ընկերներիս գործուն ջանքերի ու աջակցության շնորհիվ ծնվեց իմ նոր տեսահոլովակը:

-Ի՞նչ նպատակներ, անելիքներ ունեք, որոնք շուտով պետք է իրականացնեք:

-Երկու տարի առաջ ձայնագրել եմ գուսան Աշոտի «Անջիգյար» երգը: Վարպետիս՝ Արսեն Գրիգորյանի խորհրդով ծրագրում եմ մոտ ապագայում նոր տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա:
Առաջիկայում կունենանք համերգաշար՝ Վանաձորում, Մարտունիում և ամենայն հավանականությամբ՝ նաև Կապանում:

Կուզենայի մեր երիտասարդներին հորդերել, որ  սովորեն ու սիրեն մեր ազգային արժեքները: Կարևոր է, որ հայ մարդու մեջ լինի սեր՝ հայ երգի, պարի և, առհասարակ, մեր մշակույթի նկատմամբ, քանի որ մեր մշակույթն ունի բազմադարյա պատմություն,  հարուստ է և յուրօրինակ:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Մանրամասները՝ տեսանյութում

 

https://www.youtube.com/watch?v=QotHhDlei-A&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ