19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հատուկ նշանակության «կոտոշավորներին

«Մեր գյուղը մի մեծ եկեղեցի ուներ՝ բավական հին ու գեղեցիկ մի բազիլիկ կառույց, որ ամբողջովին կառուցվել էր գյուղացիների ջանքերով: Սովետի ժամանակ ադրբեջանցիները պահեստ էին սարքել, բայց դռան վերևը հստակ կարելի էր կարդալ. «Շինարարությանը մասնակցեց 29 ծուխ, չմասնակցեց՝ մեկը»: Հենա Սովետի ժամանակ գյուղխորհրդի նիստ ա լինում, չգիտեմ ինչ հարց են քննարկում, մեկը ելնում ու գյուղխորհրդի նախագահին ասում ա. – Պարո՛ն նախագահ, ես նվիրյալ կոմունիստ եմ, էդ իմ արյան մեջ ա. հեն ա ամբողջ գյուղը եկեղեցի ա սարքել, իսկ իմ հերը չի մասնակցել, եկեղեցու պատին էլ կա գրված: Ասելիքս էն ա որ հլա էն ժամանակ հերս էլ ա կոմունիստ եղել,ես էլ եմ հիմա կոմունիստ:

Գյուղապետը նայում ա էս մարդուն ու ասում ա. – Հերդ էն գլխից մարդ չէր, դու էլ մարդ չես…»,- ծիծաղելով պատում էր ֆիզիկայի բազմամյա ուսուցիչ Արմիկ Սիմոնյանը (պատմությունը մեջբերել եմ վերհիշելով): Բարձրահասակ, մի փոքր կորցած մեջքով, ճաղատ գլխով այդ մարդը, որ ոսկյա ատամները ցոլացնելով միշտ ժպտում էր ինձ՝ կարճլիկ մատների մեջ ամուր սեղմելով ձեռքս, բացառիկ մի մարդ ու տիպար էր, որ հպանցիկ առնչվելով ինձ` ահռելի ազդեցություն թողեց վրաս:

Սնանկանալու չափ հյուրասեր էր (սեղաններից միշտ անպակաս էր հատկապես Սիմոնյանի գինին), համեստ էր, երբեմն ամաչկոտ, ընկերական էր ու ազնիվ բոլորի հետ, բայց և միևնույն ժամանակ համընդհանուր հարգանք ու հեղինակություն էր վայելում բոլորից: Նախ որովհետև ամենատարեցն էր ուսուցիչների մեջ (եթե չեմ սխալվում) ապա նաև իր համեստ կյանքը, որից մի քանի դրվագ սոսկ լուսաբանվեց ինձ համար, հարգանք էր ներշնչում: Բավական է ասել, որ Արցախյան շարժման սկսվելուն պես Սիմոնյանը հայ բնակչության անվտանգ տարհանման կազմակերպիչներից էր եղել, ապա նաև զբաղվել էր հայ զինվորների զենքի մատակարարումով պատերազմի գոտում:

Իսկ հարաբերական խաղաղության տարիներին ինքն իրեն ամբողջովին նվիրել էր մատաղ սերնդի դաստիարակությանը՝ նախկին թրքաբնակ Զորակ (թուրքական անունը՝ Զանգիլար) գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզիկա և շախմատ դասավանդելով:

…Ուրախ ավտոբուսը հազիվ-հազ մագլցում էր սյունյաց բարձունքները. գնում ենք Տաթևի վանք: Պարոն Սիմոնյանն էլ է ավտոբուսի մեջ, ուրախ է, կատակներ է անում, մերթ ընդ մերթ անհարմար է զգում իր գործընկերների՝ հոգևորականի ներկայությամբ արված ոչ այնքան պատշաճ կատակների համար: Բայց ուրախ է, շատ ուրախ է, աչքերը մանկան աչքերի պես պսպղում են. «էսօր Տեր Հուսիկը ինձ պիտի կնքի»: Համեստորեն ժպտում եմ ու ինքս ինձ հրճվում այս հրաշալի ուխտի առիթով: Միջնադարյան վանքի խորշերում ձայնս հաճելիորեն արձագանքում է՝ տանիքից կաթացող անձրևի հետ ներդաշնակվելով:

Սիմոնյանը, իմ պատկերացրած այդ հսկան, այդ  վաստակավոր, թոռնատեր մարդը տաբատը մինչև ծնկները վեր քաշած, վերնաշապիկի կոճակներն արձակած կանգնած է մի աներևակայելի խեղճությամբ, ուշադիր որսում է գրաբար հնչող ամեն մի բառս ու ուշադրություն էլ չի դարձնում քիչ հեռվում կանգնած գործընկերների գողունի ծիծաղին, որ հարուցել է Սիմոնյան Արմիկի տեսքը: «ՊԵՏՐՈ՛Ս ծառայս Աստուծոյ, եկեալ յերախայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. գնեալ Արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց…»: Պետրոս՝ ժայռ, վեմ, եկեղեցին էլ կրում է Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների անունը, ավելի ուշ պիտի անդրադառնայի, որ մկրտվածի ազգանունը Սիմոնյան էր՝ Սիմոն Պետրոս, ինչպես առաքյալի անունը: Երեկոյան ուրախանում ենք, պրն. Սիմոնայնն էլ է ուրախ. անունը շատ է հավանել:

«Տեր Հուսիկ,- դիմում է ինձ բաժակ բարձրացնելով,- ես կյանքում ոչ մեկի առաջ ծնկի չեմ իջել, ոչ մեկ ինձ չի կարողացել ստիպել այդ անել, դա իմ կյանքի սկզբունքն ա եղել, բայց ես էսօր առաջին անգամ ծնկի իջա, չոքեցի Աստծո առաջ ու դա ամենաճիշտ բանն ա»: Հիշեցրեցի իրեն Վազգեն Առաջին հայրապետի խոսքը .

«Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու»: Ջերմորեն գրկեց ինձ: Բայց ի՛նչն է զարմանալին… Իրականում այս մարդը եկեղեցում ծնկի չէր իջել, բառիս բուն իմաստով ծնրադրման պահ եկեղեցու մեջ չէր եղել, բայց պատկերացրեք, թե որքա՛ն խորն էր նրա ապրումն ու հավատքը, որ ինքը մկրտվելիս իրեն հիշում էր Քրիստոսի առաջ ծնկի իջած…

Հ.Գ. Իրականում այս պատությունը վերհիշեցի համացանցային «հերոսների» բարբաջալից հայրենասիությունից նեղսրտած: Տեսե՛ք, ճանաչե՛ք, իմացե՛ք ով է իրական հայրենասերը, ով է  քրիստոնյա մարդը…

Իրականում Պետրոս Սիմոնյանը Հայաստանից հեռանալու և ավելի ապահով կյանք ունենալու հազարավոր հնարավորություններ է ունեցել և ունի տակավին, բայց նա իր տեղում է, արևից, փոշուց ու անտարբերությունից հեղձվող Զորակի ի՛ր հողի վրա, տարիների հոգսի տակ կքած ի՛ր դպրոցի մեջ (որը փորձում է ոտքի ելնել երիտասարդ տնօրենի ջանքերով), նա շարունակում է հանուն հայրենիքի իր պայքարը, շարունակում է առանց բառեր շռայլելու, շարունակում է իր գործը անելով և սերունդներ կրթելով ու չի մոռանում մարդ մնալու մասին ու չի մոռանում, որ ամենաճիշտը Աստծո առաջ խոնարհվելն է: Իսկ ոմանք պարզապես աշխարհի այն ծայրում գտնվող իրենց հայրենասեր անվանող բամբասչի ու ինքնահռչակ «վտարանդի» գրողներ են, որ իրենք իրենց խոշորացույցի տակ դիտելով հայ կրոնի հեղափոխություն են ուզում անել՝ չհասկանալով, թե Ում դեմ են դուրս ելել. «Ով որ այս վեմին բախվի, կխորտակուի, և ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18):  Ի դեպ, գրվածքիս սկզբում բերված փոքրիկ պատմությունն էլ այս տեսակի «հեղափոխական» մարդկանց ու նրանց ջատագովներին է վերաբերում, նրանց, որ հակապատկերն են սիմոնյանների:

Աղբյուրը՝ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ