25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մագդան էլ է ժողովրդի ներկայացուցիչ. Առավոտ

1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց եւ շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով` դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով “կարմիրներին”, բայց նաեւ չհակադրվելով նրանց: Այդպիսի “ապաքաղաքական” մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր “ուղեկիցներ” [попутчики]` ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք` մեր` բոլշեւիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչեւ որ մենք կունենանք մեր` սեփական կադրերը, որից հետո մենք այդ “ուղեկիցներին” կոչնչացնենք: Պետք է ասել, որ դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան ենթադրում էր այդ ընթացքում “ժողովրդի թշնամի” հայտարարված այդ հեղափոխականը, եւ նման խելահեղ քայլի հետեւանքները մենք զգում ենք առայսօր: Հարգելով “ապաքաղաքական” մտավորականությանը եւ ստեղծելով սեփականը`”կարմիրը”, մենք տասնամյակներով հետ գցեցինք գիտությունը, կրթությունը, հասարակությունը` դարձնելով վերջինիս գործողությունները “բնազդային”, անուղեղ: Մտածողության այս ոճը շարունակում է գերիշխող լինել նաեւ անկախ Հայաստանում: Այդ մտայնությունից ծնվում է հետեւյալ հարցը` իսկ ինչո՞ւ դու ժողովրդի կողքին չես: Հատկապես զավեշտական է, իհարկե, երբ այդ հարցը տալիս են մարդիկ, որոնք արդեն 20 տարի է` Հայաստանում չեն` 90-ականներին այստեղ չեն մրսել, սոված չեն մնացել առավել եւս` ռազմաճակատում չեն եղել: Սրբորեն հարգում եմ ազատ տեղաշարժվելու իրավունքը` այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը կազմակերպել այլ երկրներում, բայց երբ նրանք մեզ` Հայաստանում ապրողներիս, կոչ են անում լինել միասնական կամ լինել ժողովրդի կողքին, դա բավականին ծիծաղելի է:

Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ այն մայրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել եւ հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսեւորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին:

Ժողովրդի, այսինքն` իրականում սեփական քաղաքական թիմի կողքին լինելը թեստ չէ, որով հնարավոր է գնահատել մարդու մտավոր եւ բարոյական որակը: Մի անգամ չէ, որ լսել եմ` պաշտոն կստանան [կամ ստացել են] նրանք, ովքեր իմ կողքին պայքարել են: 90-ականների սկզբին նման բան արդեն եղել է` “պոպուտչիկներից” ազատվել են շատ արագ: Դրա արդյունքը հայտնի է: Բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը [հավանաբար, իր ոչ խորհրդային ծագման պատճառով] փորձում է դուրս գալ բոլշեւիկյան կաղապարներից: Կապանում խիստ ընդդիմադիր հոծ զանգվածի առաջ Րաֆֆին քաջալերեց ոմն Մագդայի, որը սեփական նախաձեռնությամբ կամ Լիցկայի դրդմամբ բարձրացավ հարթակ եւ սկսեց պաշտպանել “քրեածին” մարզպետին: Եվ դա ճիշտ է` Մագդան նույնպես ժողովրդի ներկայացուցիչ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ