16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի փաթաթեք վզիս. Առավոտ

Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դասադուլին.

 

Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձեւակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից` իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում: Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի, մեզ մոտ կրեդիտային համակարգ է [կամ, համենայնդեպս, պիտի լինի], պարտադիր չէ` նստես դասերին, հանձնեցիր` կստանաս, չհանձնեցիր` հաջողություն:

Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը` փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում եւ այլն` պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց”վերեւից” հրահանգում են իշխանության միջոցառումներին “գլխաքանակ” ապահովել, ինչը նրանք իրականացնում են “փողկապավոր” ՀՀԿ-ական “կոմսոմոլների”` այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով:
Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ` ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաեւ ընդդիմադիր գործունեությունը:

Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է` կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե` դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար եւ կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշեւիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան եւ լարել երիտասարդներին իրար դեմ:

Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ,  ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած:
Մի խոսքով` մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք` առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ “մենք պետք է պայքարենք միասնաբար”. “ով հայ ժողովուրդ…” եւ այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, “միասնավարը” առօրյա լեզվով նշանակում է` “իմ ուզածով”: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ