29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

naxahag 1

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. Զինված ուժերի գործունեության և պատրաստության պլանի համաձայն և նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:

Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին և կարևորել միջոցառման անցկացումը մի քանի տեսանկյունից, այդ թվում՝ այն, որ վերոնշյալ նպատակներից բացի, հավաքները պետք է ծառայեն այլ զորքերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը: Մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումներին, հրատապ հարցերին և կարծիքներ փոխանակելու դրանց վերաբերյալ: «Ընթացիկ հավաքի կարևորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների և մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարևոր գործընթացների ավարտին և զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ և նոր ջանքեր է պահանջում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է անցյալ տարեվերջին կայացած հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրության փոփոխություններին և կարևորել օպերատիվ հավաքների ընթացքում քննարկումը, թե ինչպիսին են նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով կատարված բարեփոխումները: Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին:

Նախագահն անդրադարձել է նաև անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաև իրավիճակին Հայաստանի Հանրապետության մերձատարածքում` այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում: «Տարեվերջին ՀՀ Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,-ասել է Նախագահը և մի շարք այլ առաջարկություններ ներկայացրել ու համապատասխան ցուցումներ տվել օպերատիվ հավաքների մասնակիցներին:

Հանրապետության Նախագահը ներկաներին մաղթել է արգասաբեր աշխատանք ու ակտիվ մասնակցություն օպերատիվ հավաքներին և պատասխանել հավաքի մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վիճակին, սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, դաշնակից պետությունների հետ համագործակցության ընթացիկ հարցերին, ազատամարտիկների, վետերանների և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և այլն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ