20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Պրծավ. դու հերոս ես »

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին խորհրդարանական քննարկումների ժամանակ փորձառու գործընկերներիցս մեկը հայտարարեց, թե խորհրդարանը, քաղաքական ուժերն ու առանձին գործիչներն արդեն անցել են նախընտրական հռետորաբանության ռեժիմի: Նա մոռացավ նշել, սակայն, որ նույն ռեժիմի են անցել նաև նրանց կից գործող լրատվության միջոցները:

Բայց, եթե մեզ՝ քաղաքական գործիչներիս, նույն լրատվության միջոցները, լրագրողները կարող են ճշգրտող հարցեր տալ, բացահայտել մեր խոսքում առկա հակասությունները, վերհանել սխալներն ու պարզ շահարկումները, ապա լրատվամիջոցի պարագայում դա գրեթե անհնար է՝ գրեցի՞ր, տպեցի՞ր, տարածեցի՞ր, դարձա՞վ հանրային սեփականություն՝ վերջ, կինոն համարյա պրծավ. մնում է՝ տանը քո իսկ ձեռքով գրածը, որպես հղման չեզոք աղբյուր, դեմքի դժգոհ, խիստ վճռական ու խիզախ արտահայտությամբ հրապարակել խորհրդարանում ու վերջ, կինոն արդեն իսկապես պրծավ. դու հերոս ես՝ գրեթե ինստիտուցիոնալ ընդդիմադիր:

Իմ գործընկեր Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթը (մեղա՜, մեղա՜, գործընկերս կապ չունի օրաթերթի հետ, քանի որ Սահմանադրությու՜նն արգելում է) հերթական ակնհայտորեն սուտ տեղեկությունն է հրապարակել Սուրբ Աթոռում ՀՀ-ի դեսպան Միքայել Մինասյանի, այս անգամ, նրա ներկայացրած եկամուտների և գույքի տարեկան վերջին հաշվետվության մասին:

Ձի՛գ բռնվեք, ըստ թերթի հրապարակման, նա «800 միլիոն դրամով վաճառել է իր Ducati Diavel տեսակի մոտոցիկլետը, որն այսօրվա փոխարժեքով հավասարազոր է 1 միլիոն 647 հազար դոլարի»: Համաձայնվեք, որ գեղեցի՜կ տրյուկ է. ներկայացված թվին ավելացնում ես մեկ 0, կամ չտեսնելու ես տալիս դրա բացակայությունը, հետո «,00»-ն ներկայացնում ես ոչ թե որպես թվի հարյուրերորդական ցուցիչ, ինչպես ընդունված է ֆինանսական հաշվետվություններում, այլ որպես ամբողջ թվի մի մաս ու վերջ՝ «տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի երջանիկ քաղաքացինե՛ր», լրատվական-քաղաքական աջաբսանդալն արդեն ինստիուցիոնալ է և պատրաստ մատուցման՝ 800 000,00-ը գրչի մի շարժումով դարձավ 800 000 000, իսկ դեսպան Մինասյանի՝ մոտ 1700 դոլարով օտարած հին ու շարքից դուրս եկած մոտոցիկլետի օտարման արժեքը՝ « 1 միլիոն 647 հազար դոլար»:

Հետո էլ, գործընկերս զարմանում է, թե այդ ի՜նչ զարմանահրաշ նկարչական ձիրքով են օժտված մեր ընտրական հանձնաժողովներն ու վիճակագրական ծառայությունը: Համարյա ինստիտուցիոնալ, պարո՛ն Փաշինյան»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ