28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկնարկային լավ արդյունքներ

Hovik-Abrahamyan1

Համաշխարհային Բանկը 2016թ.-ին ՀՀ տնտեսության համար մոտ 2.5 տոկոսանոց աճ է կանխատեսում: Նման ցուցանիշը Համաշխարհային Բանկի փորձագետները պայմանավորում են առավելապես արտաքին գործոններով: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի կարծիքով,  խնդիրը լոկալ չպետք է դիտարկել:

«Համեմատաբար զգուշավոր կանխատեսումների պատճառն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական այն իրողություններն են, որոնք այսօր առկա են և իրենց շատ որոշակի ազդեցությունն են ունենում Հայաստանի տնտեսության վրա:

Այսօր իրականում մենք գործում ենք բարդ իրավիճակում: Ընդ որում, գրեթե նույն տիպի ռիսկերի և վտանգների առջև են կանգնած նաև տարածաշրջանի մյուս երկրները: Եթե մեր երկրի տնտեսական աճի կանխատեսումները համադրենք տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա ակնհայտ կլինի, որ մենք վերջին տեղում չենք»,- նշեց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով, երկիր մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալի էական նվազումը, դոլարի արժևորումը, տնտեսության վրա գնաճային ճնշումները լուրջ մարտահրավեր են ՀՀ տնտեսության համար, և հենց այդ մարտահարվերների առկայությունն է ստիպել Համաշխարհային Բանկի փորձագետներին ընդամենը 2,5 տոկոսանոց աճ կանխատեսել:

«Համաշխարհային Բանկի Հայաստանին վերաբերող վերլուծությունում կարմիր գծի պես անցնում է Ռուսաստանի տնտեսության անկումային վիճակն ու դրանով պայմանավորված մեր տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցությունները:

Համաշխարհային Բանկի հրապարակման մեջ անդրադարձ կա նաև ներքին գործոններին ու դրանց ազդեցությանը: Մասնավորապես խոսվում է բանկային համակարգում 2015թ.-ին տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Ինչպես գիտենք 2015թ.-ին բանկային վարկավորման ծավալները մոտ 3 տոկոսով կրճատվել են, միաժամանակ նվազել է վարկերի վերադարձելիությունը և համեմատաբար բարձրացել է նաև տնտեսության դոլարացման մակարդակը: Սրանք գործոններ են, որոնք չեն կարող տնտեսության վրա չազդել: Մյուս կողմից էլ 2016թ.-ի պետական բյուջեով հաստատված տնտեսության տարբեր ճյուղերին ուղղվող սուբսիդիաները որոշակի դրական ազդակներ կհաղորդեն տնտեսությանը»,- ընդգծեց Կ. Խաչատրյանը:

Ըստ նրա՝ իրականում, եթե 2016թ.-ի համար կանխատեսված 3 տոկոսանոց աճի ցուցանիշը համեմատում ենք նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշի հետ, ապա պետք է ընդունենք, որ այն որոշ չափով իջեցվել է:

Հիշեցնենք, թե միջազգային կառույցների, թե ներքին աղբյուրների հաշվարկներով 2015թ.-ին մենք ունեցել ենք մոտ 3 տոկոսանոց տնտեսական աճ:

«Թեև արդարացի լինելու համար պետք է հիշեցնեմ նաև, որ նույն միջազգային կառույցներն ու վարկանիշավորող գործակալությունները 2015թ.-ի սկզբին այդքան էլ լավատեսական կանխատեսումներ չէին անում մեր տնտեսության զարգացումների վերաբերյալ: 2015թ.-ի սկզբին կանխատեսվում էր զրոյական աճ, որոշ դեպքերում անգամ տնտեսական անկում: Այդուհանդերձ, ի հաշիվ հիմնականում գյուղատնտեսության և արդյունաբերության, մենք 2015թ.-ը փակեցինք շուրջ 3 տոկոսանոց աճով:

Հարկ եմ համարում նշել նաև, որ 2016թ.-ի առաջին ամսվա տվյալներով մենք մոտ 5.5 տոկոսանոց աճ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով: Եվ 2015թ.-ի հունվարի ցուցանիշների հետ համեմատած միարժեքորեն 2016թ.-ին ավելի լավ մեկնարկ ունենք, ինչը ստիպում է ենթադրել, որ նախադրյալներ կան ավելի լավ ցուցանիշ արձանագրելու»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ