19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնամաքրման ճանապարհին

Այս տարի՝ մարտի 2-ին, Միջինք է: Այն հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահել պահքը: Այդ օրը անդրադառնում ենք, որ մինչ Հիսուսի հրաշափառ հարության լուրը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր:

Մարտի 27-ին քրիստոնեական գլխավոր տոնն է՝ Սբ. Հարությունը: Մինչ այդ Միջինքը հիշեցնում է, որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են: Այս օրերը մարդուն հնարավորություն են տալիս անդրադառնալու սեփական կյանքին, ներելու, խնդիրները հարթելու, բարեգործություն անելու, որին հետևելու է Քրիստոսի հարությամբ ուրախանալը:

Միջինքին եկեղեցական արարողությունները այնքան էլ հարուստ չեն: Միայն այդ օրվանից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ:

Միջինքի ժողովրդական սովորությունները

Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում և բաժանում տան բոլոր անդամներին. բաժին է հանվում նաև անասուններին, հողին:

Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է: Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաներին, որոնք էլ այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են Միջինքի բաղարջը:

Միջինքի կարկանդակը հայտնի է նաև միջունք (Վաղարշապատ, Թալին), միջնաբաղջ (Վայոց Ձորի բնիկներ), կլոճ (Վայոց Ձորի գաղթականներ), պալից և չորուկ (Նոր Նախիջևան), հարեգիլ (Մուշ-Տարոն), միջնակ լոճ (Սուրմալու), միջնապլիթ (Արճակ), մաջինք (Մեղրի), կուտապ (Երևան) և այլ անուններով:

Միջինքին որոշ շրջաններում թխում էին կուտապ: Կուտապ պատրաստելու համար ալյուրը շաղում էին ձեթով, խմորի գնդերը գրտնակով տափակացնում և յուրաքանչյուր գնդի մեջ դնում խաշած լոբի, սիսեռ, բակլա, սոխ կամ այլ բանջարեղեն, ապա այն ծալում էին բոլորակաձև կամ ձվաձև և թխում թոնիրի մեջ: Երբ կուտապը պատրաստ էր, հարսերն ու աղջիկները իրենց բաժինները վերցնում էին և հարևան ընկերուհիների հետ գնում կանաչապատ որևէ հարմար տեղ: Այդ օրը հարսներն ու աղջիկները ազատ էին, ոչ մի տարիքավոր կին չէր ընկերանում նրանց: Իրենց ընկերուհիներին պատմում էին իրենց ցավերը կամ նոր կյանքի լավ ու վատ կողմերը: Ապա շուրջպար էին բռնում, իսկ վերջում ուտում իրենց կուտապը:

Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում, բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում և Միջինքի երեկոյան մատուցում սգավոր ազգականներին:

Նոր Նախիջևանում Միջինքին կտրում էին հերթական շաբաթը խորհրդանշող փետուրի միայն կեսը՝ ցույց տալու, թե պահքն արդեն կիսվել է: Մուսալեռցիների մոտ այն հայտնի էր Աղցուց կիս (Մեծ պահքի՝ աղ ու հացի կես) անունով: Միջինքն այստեղ նշանավոր էր իր նվիրական ուտեստով՝ աղցուց կլուրով (աղուհացի քյուֆթայով):

Սիսիանում, Միջինքին, նշանված երիտասարդի տնից հարսնացուի տուն հատուկ նվեր (խոնչա) էին ուղարկում, որի տեսականին ձեթով պատրաստված գաթաներ էին, մի կուլա գինի և մի շիշ օղի: Օղի տանելու սովորույթն այնքան մեծ տարածում ուներ, որ Դերսիմում Մեծ պահքի առաջին երկուշաբթին կոչվում էր «Օխտը րախիի օր»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուրը` surbzoravor.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ