19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում

Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է  Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 2-ին է: Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում:

Ընտանիքի անդամներից ում բաժին է հասնում մետաղադրամը, նրան ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում: Պահքի խմորեղենը կոչվում է նաև բաղարջ, ծիսական հաց, տապլա և այլն: Նշենք, որ Միջինքի արարողությունը եկեղեցական նշանակություն չունի:

Օրվա ծիսաբանական նշանակության, ավանդույթների մասին «Հայերն այսօրը» զրուցել է բանաստեղծուհի և հաղորդավուհի Սոնիա Թաշչյանի հետ:

Տիկին Թաշչյանը տեղեկացրեց, որ Պահքի սկզբում մեծ մայրիկը պատրաստել է Ախացել կոչվող տղամարդ-տիկնիկը՝ երեխաներին զգուշացնելու համար, որ պահքը չխախտեն: Ըստ ավանդության, նրա յոթ  փետուրներից երեք սևը խորհրդանշում են ձմռան շաբաթները, երեք  սպիտակը` գարնան ամիսները, իսկ մոխրագույն փետուրը՝ ձմեռ-գարուն անցումային շաբաթը, այսինքն` Միջինքը: Ամենայն հավանականությամբ՝ այն եղել է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին, որը երբեմն որպես Ամանոր է նշվել: Մարտի 21-ը նաև Վահագն աստուծո ծննդյան օրն է. մեր նախնիները այդ առավոտյան միասնաբար դիմավորել են Արև-Վահագնին: Տոնը խորհրդանշում է բնության զարթոնքը և ընդհանուր կյանքի նոր սկիզբ:

Մեկ այլ հին սովորության համաձայն՝ տանտիկինը, բացելով տան դռներն ու պատուհանները, ձեռքի շորով դուրս է վտարում ձմեռային ոգիներին և ներս հրավիրում գարունը: Քանի որ երկարատև ձմեռից հետո ժողովուրդը կարոտել է բնությունը, այդ օրն ընտանիքներով գնում են դաշտերը բանջար հավաքելու և տոնախմբություն կազմակերպելու:

Միջինքի օրը հայաստանյան նահանգներում և գավառներում տարբեր կերպ է նշվել, որոնց մասին գեղեցիկ ավանդազրույցներ են պահպանվել: Վանում, օրինակ, երիտասարդները գնում են իրենց արտը «ողջունելու» և ավետելու գարունը հետևյալ խոսքերով. «Աշխարհըն լույս տալու եկողը` թող քեզ ալ լիություն տա»:

Մուսալեռում հողագործներն անպայման նախ այցելում են իրենց արտերը՝ ստուգելու ծլարձակած բերքի վիճակը: Ուստի հարկ է նշել, որ  տոնն անմիջականորեն առնչվում է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ: Այդ մասին են վկայում տոնածիսական ճաշերը:

«Միջինքի ճաշացանկը բազմազան է, որոնց գլխավոր բաղադրիչը հատիկեղենն է: Մուսալեռցիները պատրաստում են աղցուց (աղուհաց=պահք, քլուր=կոլոլակ), որի միջուկը հատիկեղենով է լինում: Իսկ սկեսուրները հատիկեղենի մատուցարաններով ու նվերներով գնում են խնամիների տուն՝ այցելելու հարսնացուին:

Նոր Ջուղայեցիներն ավանդաբար Միջինքի օրը պատրաստում են թթվեպասը, որը հատիկեղենով ապուր է: Այնթապցիների խոհանոցին յուրահատուկ է սիսեռով ու թահինով կոլոլակը, տիգրանակերտցիների մոտ տարածված է թթապուրն ու թփուկ կոլոլակը, իսկ ամենատարածված ուտեստը սիսեռով պատրաստվող թոփիկն է»:

Սովորություն է եղել նաև պատրաստել միջինքով ծիսական գուշակության հացեր, այսինքն` մեջը պայմանական նշան դրված հաց: Նոր Նախիջևանցիները թխում են «պալից» կոչվող քաղցրահամ հացը, իսկ մշեցիների ընկույզով և չամիչով զարդարված այդ հացը կոչվում է «հարեգիլ»: Այդպիսի յուրահատուկ հաց է տապլան, որը պահքային գաթա է»,-մեջբերեց Սոնիա Թաշչյանը:

Վերջում Սոնիա Թաշչյանը ներկայացրեց Միջինքի տոնածիսական ճաշատեսակներից մի քանի բաղադրատոմսը, որի պատրաստման ձևը ներկայացնում ենք ստորև:

ՏԱՊԼԱ -3 բաժակ ալյուր 1 – 1 ½ բաժակ ջուր ½ բաժակ շաքարավազ 2 թեյի գդալ  թթխմոր, 3 ճաշի գդալ ձեթ,  ¼ բաժակ մեղր,  ¼ բաժակ չամիչ,  ¼ բաժակ ընկույզ:

Շաղել խմոր՝ խառնելով ալյուրը, շաքարավազն ու թթխմորը, ապա ձեթն ու ջուրը: Թողնել հանգստանա  2 ժամ: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, վրան ջուր քսել, ապա լցնել չամիչն ու ընկույզը և թխել ջեռոցում միջին ջերմաստիճանով՝ 30 – 40 րոպե: Ջեռոցից հանելիս վրան մեղր քսել:

ԹՈՓԻԿ Խմորի համար.- 2 բաժակ նախապես թրջած սիսեռ, 2 խաշած կարտոֆիլ, աղ միջուկի համար, 3 սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, ½ բաժակ թահին, ½ բաժակ ընկույզ,  ½ բաժակ չամիչ, քիմիոն կարմիր և սև պղպեղ:

Սիսեռը աղալ, ավելացնել խաշած կարտոֆիլը և շաղել, ապա վերածել ընկույզի մեծությամբ գնդիկների: Միջուկի համար առատ սոխառածի վրա ավելացնել մնացած բաղադրիչները: Պատրաստել 15×15 սմ չթից կտորներ, վերցնել ընկույզի մեծությամբ խմորը, փոսիկ անել, լցոնել միջուկով, փակել, ապա կտավի մեջ դնել,ապա “բոխչա” անել (ծրարի նման կապել):

Երբ բոլորը պատրաստ են, խաշել առատ աղաջրի մեջ, մինչև որ ծրարները ջրի երես բարձրանան: Մատուցել կիտրոնով, սխտորով,ձեթով և կծու պղպեղ թացանով:

 

Մանրամասները` սկզբանղբյուր կայքում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ