20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի՛ մահացիր ժամանակից առաջ

Այսօր Սոց. Ծառայության մեր գրասենյակ մտավ մի կին՝ աննկարագրելի այլայլված, սարսափելի տխուր ու հուսահատ: Պատմեց, որ իր մոտ մի քանի շաբաթ առաջ կրծքագեղձի չարորակ ուռուցք են հայտնաբերել ու որ հիմա, օրեր հետո, պիտի մի անալիզ հանձնի, որի շնորհիվ հասկանալի կդառնա իմաստ ունի՞ արդյոք վիրահատության դիմելը, թե՝ ոչ. բժիշկն ասել էր՝ եթե բախտդ բերի տարածված չլինի, կվիրահատենք, կապրես երկար, չէ՝ ուրեմն ձեռք չենք տա, կգնաս ինչքան կապրես, կապրես:

Հետո պատմեց, որ ամուսինն իրեն լքել է դեռ երիտասարդ հասակում, ասաց, որ կորցրել է երեսուն տարեկան իր տղային, որ ունի մի դուստր, ով ամուսնացած է եղել մի թմրամոլի հետ, որից մի կերպ ազատվել ու տուն է վերադարձել երկու երեխաների հետ՝ բազմաթիվ առողջական խնդիրներ շալակած… և այլն և այլն:

Անընդհատ ասում էր, որ կյանքից բան չհասկացավ, որ ինքը միայնակ է ու դժբախտ: Եւ ինչպես ընդհանրապես միշտ ինձ հետ լինում է, այս անգամ էլ, անկախ տիկնոջ թույլ տված սխալները գիտակցելուց ու դրանց բնական հետևանքները տեսնելուց, տխրեցի, մտորումների մեջ ընկա, բայց և շատ արագ հավաքեցի ինձ, մտքումս փոքրիկ աղոթք արեցի, խնդրեցի Տիրոջը, որ ինքը խոսի իմ փոխարեն, որովհետև ես ոչինչ չէի կարող ասել ու սկսեցի զրույցը (մինչ այդ գրեթե միայն ինքն էր խոսում):

Առաջին բանը որ արեցի, որքան էլ որ զարմանալի է՝ կատակելն էր, չգիտեմ որտեղից մտքիս փչեց, բայց դարձա ու շատ լուրջ դեմքով ասացի՝ փաստորեն հիմա ձեր մոտ էն դեպքն ա, որ պիտի մաղթենք շուտափույթ վիրահատություն հա՞: Զարմանալի է, բայց հարցս տիկնոջն իսկապես զվարճալի թվաց (սև հումորն էլ մեկ-մեկ պետք է, փաստորեն):

Մինչ տիկինը ժպտում էր, մի ակնթարթ հիշեցի Վիկտոր Ֆրանկլին ու իր բազում հրաշալի գրքերից իմ ամենասիրելին՝ “Психолог в концлагере” զարմանահրաշ աշխատությունը, որի գլուխներից մեկը՝ «Հումոր»-ը, պատմում է, թե ինչպես էին կատակում ու հումոր անում նույնիսկ ամենադաժան տանջանքների ենթարկվող, բոբիկ ու ցրտից կապտած ոտքերով նացիստական ամենազարհուրելի ճամբարներից մեկում՝ Աուշվիցում երկաթգծի վրա աշխատող գերիները: Եվ հումորը, կատակը, ծիծաղն ու խինդը նրանց ուժ էր պարգևում, հնարավորություն էր տալիս վերափոխելու անցանկալի իրականությունը:

Ինչևէ… այս մեկ ակնթարթ տևած զեղումից հետո, վերադարձա և խոսակցությունն արդեն շարունակեցի աղոթքի ու Սուրբ Գրքի ընթերցանության վերաբերյալ: Պարզվեց մկրտված չէ, բայց հենց սկսեցի վկայակոչել Քրիստոսի խոսքերն՝ ուղղված Նիկոդեմոսին, ինքը շարունակեց (ծանոթ էր Աստվածաշնչին): Պայմանավորվեցինք մկրտության համար: Խոստացա, որ եթե վիրահատելու լինեն, ապա Երևանի իմ ընկերներն ու ես ինքս, հերթով կայցելենք իրեն ու թույլ չենք տա, որ միայնակ զգա (իսկապես ոչ ոք չունի):

Ինչո՞ւ եմ այս ամենը պատմում. շատ պարզ պատճառով. Մարդի՜կ, իմ սիրելի՛ մարդիկ, ապրեք կյանքը լիաթոք, նույնիսկ եթե ձեզ միայն մեկ օր է մնացել, ապրեք այն սիրով, սեր տվեք ու սեր առեք… մի՛ մահացեք ժամանակից առաջ: Երբ դուք սկսում եք մտածել մեռնելու մասին ու վախենալ, դուք արդե՛ն սկսում եք մահանալ, դանդա՜ղ, կամա՜ց-կամաց:

Ապրե՛ք նույնիսկ ձեր վերջին րոպեն: Մեկ րոպեն անգամ անասելի մեծ ժամանակահատված է, մեկ վայրկյանը, ակնթարթը նույնիսկ պետք չէ վատնել, ապրե՛ք ձեր կյանքը՝ անկախ դրա տևողությունից:

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ