19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԶԾ 50-ամյակի նախարարական հանդիպմանը

Բռնություններով ուղեկցվող հակամարտությունների կանխարգելում, խաղաղասեր հասարակությունների կառուցում

Տիկնայք և պարոնայք,

ՄԱԿ-ի կանոնադրությունն առաջնորդում է անդամ պետություններին` ձեռնարկելու արդյունավետ հավաքական քայլեր` խաղաղությանն ուղղված սպառնալիքները կանխարգելելու նպատակով: Տարիների ընթացքում կանխարգելման հայեցակարգը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերում: Այդուհանդերձ, նոր բռնություններով ուղեկցվող հակամարտություններ են ի հայտ գալիս՝ պատճատ դառնալով մեծ թվով մարդկային կորուստների։ Դա միջազգային հանրությունունից պահանջում է առավել մեծ ջանքեր ներդնել՝ կանխարգելման կարողությունները կատարելագործելու համար:

Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդու իրավունքների իրացման կոպտագույն խախտումների և բռնություններով ուղեկցվող հակամարտությունների միջև: Սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները:

2030թ.-ին միտված օրակարգում միջազգային հանրությունը վերահաստատել է կայուն զարգացման և խաղաղության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջև առկա փոխկապակցվածությունը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն՝ աշխարհով մեկ իր ընդարձակ ներկայացվածությամբ, ՄԱԿ համակարգում դիտարկվում է որպես կանխարգելման և վաղ կանխազգուշացման գործառույթի կարևոր դերակատար: Մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կանխազգուշացումը, ազդարարումը և արձագանքումը ՄԱԶԾ-ի դաշտային առաքելությունների առանցքային գործառույթների շարքում են և ուղղված են անկայունության առաջացման ազդակների հայտնաբերմանը:

Տիկնայք և պարոնայք,

Ակներև է գլոբալ անվտանգության և զարգացման միջև կապը: Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար: Որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում: Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԶԾ-ի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։

Կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից։

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ