20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլը գործի է անցնում` նոր ընդդիմադիր բեւեռ

Henaran.am-ի  ունեցած հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ից դժգոհ հայտնի ուժերը փետրվարի նախագահական ընտրություններից հետո մտադիր են նոր ընդդիմադիր բեւեռ ստեղծել, որտեղ առանցքային դեր կստանձնի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, սեփական կուսակցության ստեղծման գործին է լծվել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ը լքած գործիչների հետ: Նման մի հանդիպում էլ օրերս տեղի է ունեցել ԺՀԿ նախագահի հետ:

Այսօր  Henaran.am-ի հետ զրույցում տեղեկությանը անդրադարձավ  ‘’Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

‘’Հայաստանում ամեն  ինչ գաղտնազերծվում է, հա՞’’ ,-կեսկատակ նկատեց Պետրոս Մակեյանն ու շարունակեց. ’’Չնայած տարիքային տարբերությանը, Նիկոլ Փաշինյանի հետ մենք նախ ընկերներ ենք: 2006-2007 թվականներից ‘’Այլընտրանք’’, այնուհետ ‘’Իմպիչմենտ’’ դաշինքով ենք  հանդես եկել, հետո համագործակցել ենք  Կոնգրեսում: Այսինքն, մենք հաճախակի հանդիպում ենք եւ մեր քննարկումները բազմաշերտ են: Բնականաբար, մտահոգված ենք  նաեւ ստեղծված իրավիճակով եւ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Միայն այդքանը’’:

Մեր ճշտող հարցին, թե այսուհանդերձ, նոր քաղաքական միավորման սաղմերը երեւո՞ ւմ են այդ հանդիպումների ու քննարկումների ծիրում, Պետրոս Մակեյանը պատասխանեց.’’ Հայաստանում նոր քաղաքական իրողություն է ձեւավորվել եւ շատ բան, որ նախկինում կար, այսօր չկա: Ընտրություններից հետո այդ քաղաքական իրողությունն իր հստակ տեսքը կունենա եւ բնականաբար, բոլոր մտահոգ մարդիկ, այդ թվում եւ Նիկոլը , եւ եւ մյուսները, կփորձեն ինչ-որ բան հասկանալ եւ առաջ շարժվել’’:

Ինչ վերաբերում է մեր տեղեկությանը, թե նոր շարժման լիդերը հենց Նիկոլ Փաշինյանն է լինելու, Պետրոս Մակեյանն ասաց, որ այս պահի դրությամբ այդ հարցից խոսելն  անիմաստ է: Ինչ վերաբերում է ‘’Ժողովրդավարական հայրենիքին’’, ապա, Մակեյանի խոսքով, իրենք ամբիցիաներ չունեն, ինչը նաեւ դրսեւորվեց  ‘’Իմպիչմենտ’’-ի ժամանակ, երբ հիմնական ուժն իրենց կուսակցությունն էր, բայց  առաջնությունը զիջեց երիտասարդ կադրերին` Նիկոլ Փաշինյանին եւ Միքայել Հայրապետյանին:  

‘’Երբ դրվում է խնդիրը լուծելու եւ առաջ գնալու հարցը, անձամբ ես եւ մեր կուսակցությունը ամբիցիաները մի կողմ ենք դնում: Այս պահի դրությամբ գնում է իրավիճակի հասունացումը, որը պետք է  գնահատվի եւ հստակեցվի’’,- Henaran.am-ին ասաց Պետրոս Մակեյանը:

Նոր համախմբման շուրջ ընթացող քննարկումներին ներգրավված կլինեն նաեւ ՀԱԿ-ից եւ այնտեղից դուրս եկած ուժեր ու քաղաքական դեմքեր:

‘’Ինչ էլ ձեւավորվի, երբ ձեւավորվի, իրավիճակը ցույց կտա, բայց  մարդակենտրոն` մեկ անհատի եւ մեկ առանցքի շուրջ ձեւավորվող որոշումների մեխանիզմը չպետք է լինի: Ավելին, ես կարող եմ ասել, որ ամենալավագույն լուծումը եղել է ժամանակին Ղարաբաղ կոմիտեի օրինակը, որը կարողացավ եւ պատերազմը հաղթել, եւ փլատակների տակ չմնալ հենց որոշումների կայացման հստակ մեխանիզմների գոյությամբ, որովհետեւ մեկ անձը, թեկուզ Աստված էլ լինի, կարող է սխալներ թույլ տալ: Մենք այդ սխալը թույլ չենք տա’’,-  եզրափակեց Պետրոս Մակեյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ