25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւր են «Իսկանդեր»-ները. Ժամանակ

Երեկ «Ինտերֆաքս» ռուսական գործակալության տարածած տեղեկությունից հայտնի է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողության վարկային համաձայնագրով Հայաստանի ձեռք բերելիք սպառազինության ցանկը: Ըստ այդմ՝ Հայաստանը ձեռք է բերում «Սմերչ» համակարգեր, «Իգլա» տեսակի զենիթահրթիռային կայաններ, նռնականետներ, զրահամեքենաներ, հրետանային այլ տեսակի կայաններ և այլ սպառազինություն:

200 միլիոն դոլարի վարկային այս համաձայնագիրը կնքվում է տասը տարով: Սրա մասին հայտարարվել էր դեռ նախորդ տարի ամռանը, «Էլեկտրիկ Երևանի» օրերին: Այդ հայտարարությունը դիտվեց որպես Հայաստանի իշխանության հմուտ մարտավարության արդյունք, երբ «Էլեկտրիկ Երևանը» մայդանային տագնապներ առաջացրեց ՌԴ իշխանությունների մոտ: Իհարկե, հետագայում գրեթե բոլորը հավաստիացնում էին ռուսներին, որ Մայդան չկա:

Այսպիսով, նախնական հայտարարությունից ամիսներ անց հայտնի դարձավ, ի վերջո, թե ինչ սպառազինություն է ստանում Հայաստանը: Ինչո՞ւ էր այդ ցանկը ձգվում, պատճառները տեխնիկակա՞ն էին, ընթացակարգայի՞ն, թե՞ քաղաքական: Արդյո՞ք ցանկի հստակեցումը կապ ունի ռուս-թուրքական հակամարտության հետ, թե՞ կան այլ պատճառներ: Այսպիսի հարցերը բազմաթիվ են, սակայն երևի թե ամենաշատ տրվող հարցը կլինի այն, թե, իսկ ո՞ւր են «Իսկանդեր»-ները:

Բանն այն է, որ 200 միլիոն վարկային համաձայնագրի մասին հայտարարություններից հետո հասարակության մեջ ոչ պաշտոնապես իհարկե, սակայն տարածվեցին խոսակցություններ, որ խոսքը վերաբերում է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համակարգերի մատակարարմանը: Եվ պետք է ասել, որ չնայած այս խոսակցությունների ոչ պաշտոնական բնույթին, այնուհանդերձ հասարակությունում և մամուլում լայնորեն շոշափվող այս տեղեկությունները պաշտոնապես ոչ հաստատվում էին, բայց ոչ էլ հերքվում:

Եվ ուրեմն՝ ո՞ւր են «Իսկանդեր»-ները, որոնք տակտիկական զսպող նշանակություն պետք է ունենային Հայաստանի համար: Դրանց մասին տարբեր պատճառներո՞վ չի բարձրաձայնվում, թե՞ պարզապես «Իսկանդեր»-ները փոխարինվել են նոր ցանկով, նոր զինատեսակներով: Այս մասին հարցերի ոչ բոլոր պատասխանները, իհարկե, կստացվեն առաջիկայում՝ հաշվի առնելով և այն, որ այստեղ անկասկած առկա է ռազմական գաղտնիքի գործոնը:

Ինչ խոսք, անգամ սպառազինության այս ցանկի պարագայում, Հայաստանի անվտանգության ամրացմանն ուղղված բոլոր քայլերը ողջունելի են, սակայն այդուհանդերձ նմանօրինակ համագործակցությունը՝ խորհրդավորության նմանօրինակ շերտերով, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում ռազմավարական դաշնակից և բարեկամ հանդիսացող երկրների, և նաև միևնույն ռազմա-քաղաքական բլոկում գտնվող երկրների միջև հարաբերությունների տրամաբանությանն ու ոգուն: Առավել ևս, եթե նկատի ենք առնում, որ օրինակ՝ ոչ դաշնակից Ադրբեջանին ՌԴ-ն միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառում առանց այլևայլ և ավելորդ խորհրդավորությունների: Եվ այդ խորհրդավորություններն են, որ հայ-ռուսական գործարքի հանդեպ առաջացնում են անվստահություն և թերահավատություն:
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ