29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Մաքուր էջից». Ժամանակ

be0da82111b4666e1e253d25d60f81831

Ազգային ժողովում ավտոճանապարհային վարկի քննարկումը առաջ բերեց բավական աղմկոտ բանավեճեր թե՛ վարկային ծրագրերի արդյունավետության, թե՛ ընդհանրապես Հայաստանի արտաքին պարտքի ծավալների շուրջ: Հայաստանի արտաքին պարտքը արդեն մոտենում է 6 միլիարդ դոլարին: Պետք չէ կասկածել, որ շուտով այն կհատի այդ սահմանն էլ, քանի որ Հայաստանի կառավարությունը վարկային միջոցների ներգրավման շնորհիվ տնտեսական կայունությունը պահելուց բացի, այլ տնտեսական գործիքի չի տիրապետում, անգամ տնտեսական մտքի չի տիրապետում, որից հետո առաջանա որևէ գործիքի միջոցով այդ միտքը իրականացնելու հարց:

Արտաքին վարկերը տրամադրվում են, ինչը պայմանավորված է իհարկե աշխարհաքաղաքական հանգամանքներով: Այստեղ և՛ Հայաստանի կայունությունն է կարևոր՝ տարածաշրջանային կոնտեքստում, և իհարկե կա ազդեցությունների համար պայքար, որում ֆինանսական գործիքները բավական կիրառելի են:

Մեծ հաշվով, վարկն ինքնին որպես տնտեսական քաղաքականության գործիք, միանշանակ մերժելի չէ: Ի վերջո, եթե ընդունում ենք, որ Հայաստանն ունի երկու տասնամյակից ավելի խորացող համակարգային խնդիրներ, որոնք բերել են տխուր իրականության, ապա առաջանում է նոր մեկնակետի անհրաժեշտություն, և այստեղ տեսականում կարելի է քննարկել այդ նոր մեկնարկը արտաքին վարկային միջոցներով տալու տարբերակը: Սակայն, այդ նոր մեկնակետը պետք է լինի «մաքուր էջի» սկզբունքով: Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանի վարկային պատմությունը պետք է մաքրվի:

Ինչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ Հայաստանում պետք է լինի հանրային լիակատար կոնսենսուս վարկային պատմության շուրջ, և հասարակությունը պետք է իմանա, որ իր վրա պարտավորություն է հայտնվում արդարության և իրավականության երկրում: Հանրային կոնսենսուսը միայն Սահմանադրության համար չէ, որ պետք է:

Ավելին՝ այս խնդրում հանրային կոնսենսուսը պետք է ավելի, քան Սահմանադրության դեպքում, որովհետև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու արտաքին պարտքի ծավալը հասել են մի այնպիսի իրադրության, որ ավելի մեծ և ճակատագրական նշանակություն են ստացել, քան Սահմանադրությունը: Ավելին՝ այս տեսանկյունից դրանք ավելի են գործնական ազդեցություն թողնում ընթացիկ կառավարման հարցում, քան Սահմանադրությունն ու օրենքները:

Իհարկե, սա ինչ որ իմաստով պայմանական, պատկերավոր դիտարկում է, սակայն անկասկած խնդիրը պահանջում է հանրային փոխհամաձայնություն և «մաքուր էջ»: Ահա սրա բացակայությունն է խնդիրը, ոչ թե վարկային որևէ նոր ծրագրի արտահայտությունը: Իսկ «մաքուր էջի» համար պետք է պատասխան տալ մինչ այժմ վերցված վարկային միջոցների համար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ