25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչը Շարմազանովի կյանքում իր գործն արել է. Իրատես de facto

-Պարոն Շարմազանով, վերջերս ինչ-որ սկսել եք շատ շրջագայել` «Помню как сейчас: лечу это я, лечууу…» տարբերակով. ոնց որ գնացել էիք նաև հեռու երկիր Պինգվինաշե՞ն:
-Հեռու էր, բայց Պինգվինաշեն չէր` բալթյան երկրներից մինչև Չեխիա ու Հունաստան:

-Մայրիկի մո՞տ. Հունաստանը Ձեր մայր երկիրն է, չէ՞:
-Նախ` մայրիկիս մոտ չէր, այլ հարազատներիս, և ապա Հունաստանի հետ բարեկամական խմբի ղեկավարն եմ, դրա համար էի մեկնել:

-Առաքելության նպատակը ո՞րն էր:
-Սերտացնել թվածս երկրների հետ քաղաքական օրակարգը, նրանց համար հասկանալի դարձնել մեր օրակարգը:

-Ասում են` մեր օրակարգն այդ երկրներում հաստատելու համար հետներդ տարել էիք «անտի-խավիար» և «անտի-նավթ»:
-Մենք «անտի» չենք տանում, մենք «հանուն» ենք տանում. մենք տանում ենք հայկական արդարություն, ղարաբաղյան արդարացիություն:

-Քանի՞ աստղանի, պարոն Շարմազանով:
-Առանց աստղի:
-«Разливной?»:
-Մենք կոնյակով չենք հարցերը լուծում, մենք հոգևոր-մտավոր գործիքներով ենք համոզում այլ երկրներում մեր գործընկեր-բարեկամներին:

-Փաստորեն, համոզեցիք. ԵԽԽՎ-ում գոնե ՈՒոլթերի զեկույցը մերժվեց:
-Փաստորեն: Երկրները, ուր ես եղել էի, ԵԽԽՎ-ում դրական արդյունք ապահովեցին: Ստացվեց, որ հոգևորն ու միտքն ավելի զորեղ են:

-Պարոն Շարմազանով, Դուք մտավախություն չունե՞ք, որ ԱԺ-ում Ձեզ կսկսեն չհասկանալ: Գիտեք, սկզբում, երբ ես ևս ամբողջովին թաթախվեցի հոգևորի մեջ, ինձ սկսեցին մի քիչ դժվար ընկալել, հիմա չե՞ք վախենում, որ Ձեզ նույնպես չեն ընկալի, ինչ-որ շատ եք սկսել խոսել հոգևորից, հավատքից, Աստծուց:
-Ես ոչ մեկից, ոչնչից չեմ վախենում. եթե Աստված կա քո մեջ, դու ոչ մեկից չպետք է վախենաս:

-Դո՛ւք ասացիք: Իսկ Սերժ Սարգսյա՞նն ինչպիսին է այդ առումով:
-Կարծում եմ` Դուք էլ լավ գիտեք, որ մեր նախագահը, որպես պետական գործիչ, այն քչերից է, որ իսկական, առաքելական, հոգևոր հայ է:

-Իսկ ճի՞շտ է, որ Դուք Դղերի վանքի խաչեղբայրն եք եղել այս տարի. ասեմ` իմանաք. Դղերն իմ ամենասիրելի` ամենա-ամենաթա՜նկ վայրն է աշխարհում:
-Խաչեղբա՛յրն էի:

-Էդ ո՞նց էր Ձեր մտքով անցել. Դղերը միայնակ վանք է, շատ հազվադեպ է պատահում, որ այնտեղ լինես, ու էլի ուրիշ մարդիկ լինեն. նա լուռ վանք է:
-Մենք հաճախ ենք ընտանիքով այնտեղ լինում: Դղերի հոգևոր աուրան շատ զորեղ է: Վանական համալիրն այդ բարձունքում պատահական չի կառուցվել, Մամախաթունը վայրը պատահական չի ընտրել. այն բուժիչ հատկություն ունի, առաջին հերթին` հոգևոր առումով: Եվ ինձ համար մեծ պատիվ էր, երբ Դղերի հոգևոր հայրերը ցանկացան, որ ես լինեմ խաչեղբայրը:

-Մամախաթունն այլ եկեղեցիներ էլ է կառուցել, բայց Դղերն այլ է, բալասանող է, այո: Երևի նաև նրա համար, որ Մամախաթունն ու իր իշխան ամուսինը թաղված են հենց այդ եկեղեցում:
-Այո, այո. Վաչուտյան իշխանական տոհմի ներկացուցիչներն անտեղ են թաղված, դա ևս լրացուցիչ զորություն է հաղորդում եկեղեցուն: Գիտե՞ս, էդ օրը շատ ցուրտ էր, բարձր է տեղը, գիտես, մի քսան աստիճան կլիներ. եկեղեցին չէր տաքացվում. հոգևոր հայրն ասաց` եկեղեցում ահավոր ցուրտ է, տաք հագնվիր, նոր վրայից պատմուճանը հագիր. ես ընդամենը մի վերնաշապիկով պատմուճանը հագա. և 40-50 րոպե վերին խորանում կանգնած ոչ մի րոպե ցուրտ չզգացի. էդ հոգևոր բանն է էլի, որ տաք է պահում մարդուն, ու դա ինձ համար ամենալուսավոր օրն էր իմ կյանքում: Հիմա խաչը գտնվում է իմ օջախում. խաչը ես մեկ-մեկ տանում եմ իմ հայրական օջախ, ընկերներս են գալիս` համբուրելու, ու հասկանում ես, թե քրիստոնեական միջավայրն ինչքան կազդուրիչ է։ Հիսուն օր անց խաչը կվերադարձնենք Դղեր:

-Երբեք չի եղել, որ ես գնամ Դղեր, և այդ օրը նշանների ու հրաշքների լեզուն «չխոսի» իմ կյանքում, հոգևոր փոփոխություններ չլինեն իմ կյանքում։ Հիմա, երբ խաչը Ձեր տանն է, Դուք սովորակա՞ն, թե՞ «նշանների» աշխարհում եք ապրում:
-Էդպես ավելի մոտիկից ես «խաչը» զգում. այն անցնում է քո միջով, փորձությունների ու հաղթությունների տեսքով. էդ էլ ուրիշ խոսակցության թեմա է

-Հա՜, Շարմազանով, խաչը ՀՀԿ-ի ու քո կյանքում իր գործը, փաստորեն, արել է. ես ուրիշ Շարմազանով տեսա այսօր:
-…

-Փաստորեն, խախտեցիք բլիցիս օրակարգը. բա հիմա չե՞ք վախենում, որ Ձեզ ԱԺ-ում կասեն «տերտեր Էդոն»:
-Ինչի՞, դու հիմա «տերտեր» Կարմենն ե՞ս:

-Այո՛, այո՛, մենք երկուսս «տերտերներ» ենք, Շարմազանով… ու փառքն Աստծունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ