24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայքար «կյանքի ջրի» համար

Վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը,  որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, առիթ տվեց անդրադառնալ ԼՂՀ ջրային ավազանին:

Ուսումնասիրությունների համաձայն` ԼՂՀ ջրային պաշարները բավարար են ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլև այն «արտահանելու» համար։ Մասնագետները պնդում են, որ  մինչ օրս որոշ ենթակառուցվածքների բացակայության պատճառով առկա ջրառատ գետերը հանրապետության տարածքից դուրս են բերում հսկայական քանակությամբ ջուր` այդպիսով հագեցնելով հարեւան Ադրբեջանի հողերի «ծարավը», եւ  բնության «սպիտակ ոսկու» քիչ քանակն է ամբարվում երկրի ներսում: Վիճակագրության համաձայն` ԼՂՀ ջրային ռեսուրսների ընդամենը 8-9 տոկոսն է օգտագործվում ոռոգման նպատակով:

ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության տվյալների համաձայն` ԼՂՀ տարածքում հոսող 13 խոշոր գետերի ընդհանուր երկարությունն Արցախի տարածքում մոտ 300 կմ է, ջրային հոսքը միջին հաշվով կազմում է  73 խմ/վայրկյանում, համապատասխանաբար` օրվա կտրվածքով՝ 6.3 մլն խմ։

Դեռեւս խորհրդային տարիներին` 1976 թվականին, շահագործման հանձնված 560 մլն խմ ջրատարողության եւ լավագույն սարքավորումներով հագեցած Սարսանգի ջրամբարը նախատեսված էր ոռոգման եւ էներգետիկ նպատակով: Տեխնիկապես այն թուլացավ պատերազմի տարիներին: Սակայն դրանից հետո որոշ ծրագրեր իրականացվեցին եւ շտկվեցին բացթողումները: Կառույցը, որոշ գնահատականներով, տարածաշրջանում համարվում է ամենաբարձրերից, ինչն էլ կարող է թշնամի երկրին մտահոգվելու տեղիք, քանի որ Սարսանգի ջրամբարի թիրախում են ոչ միայն Թարթառ գետի ավազանում կառուցված` սահմանամերձ Մադաղիսի ջրամբարը, այլ նաեւ ադրբեջանական խիտ բնակեցված խոշոր բնակավայրերը:

Այսինքն` ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցի հիմքում ոչ թե դրված է այն, որ հարեւան երկրում ծարավ են մնացել, այլ այն, որ ադրբեջանցիները կարճամիտ քաղաքականությամբ ցանկանում են վերահսկողություն սահմանել Սարսանգի ջրամբարի վրա:

Սակայն հիշեցնենք, որ որքան էլ ԼՂՀ-ն, որպես առանձին պետություն, չի ստորագրել ՄԱԿի  ԵՏՀ «Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքերի պահպանության եւ  օգտագործման մասին» կոնվենցիան (Հելսինկի, 1992թ.), որով նախատեսված է  անդրսահմանային մակերեսային եւ ստորգետնյա ջրերի պահպանության եւ էկոլոգիապես մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդում, պաշտոնական Ստեփանակերտը 1998-ին և 2003-ին պատրաստակամություն հայտնեց Բաքվի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման վերաբերյալ։

Անգամ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը 2013-ին հայտարարեց, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող գետերի ջրերի մասին է։ «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, եւ խորհրդային տարիներին կառուցված ջրանցքերը ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն ե’ւ հայկական կողմը, ե’ւ ադրբեջանական կողմը»,– հայտնել էր փոխվարչապետը՝ ընդգծելով, որ եթե անգամ հարեւան Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, ԼՂՀ կառավարությունը ստիպված կլինի  խոշոր ներդրումներ կատարել՝ հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ հասցնելու համար։

Սակայն Բաքուն չարձագանքեց եւ ոչ միայն չսեղմեց Ստեփանակերտի մեկնած ձեռքը, այլ նաև, միանգամից անցնելով գործի, մշակեց իրեն հարմար տարբերակը` վարձելով ոմն Միլիցա Մարկովիչի, որի զեկույցի հիմքում ադրբեջանական լրատվամիջոցների` դեռեւս 2013 թվականի հրապարակումներ են, թե Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից` ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար, եւ ոչ մի նախադասություն ԼՂՀ իշխանությունների բարի կամքի մասին:

Պաշտոնական Երեւանը հենց ԵԽԽՎ-ում պետք է հայտարարեր, որ այդ հարցը վերաբերում է պաշտոնական Ստեփանակերտին, որ նա է տնօրինում իր ջրային պաշարները: Նույն ամբիոնից Հայաստանը պետք էր հիշեցներ, որ հարեւանների հետ մեր երկիրը անդրսահմանային ջրային հոսքերը կառավարում է խելամտորեն եւ առանց խնդիրների:

Դա չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն արդեն երկու տասնամյակ է` միայնակ է օգտվում սահմանամերձ Ջողազի ջրամբարից (Տավուշի մարզ), որ ժամանակին կառուցել են հայերը:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

maxresdefault

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ