29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սոցիալական նոր նախաձեռնություն` ուսանողական արտոնյալ վարկեր

image_15883

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են նոր սոցիալական ծրագրի մեկնարկը: ՀՀ կառավարության եւ Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությունն  աննախադեպ վարկային ծրագրի իրականացումն է, որի հիմնական շահառուները պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն են:

Ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման տեսակետից Հայաստանում  երկար տարիներ հանրային կարծիքը թելադրում էր հրամայական դարձնել ուսանողական վարկերի ներդրման գործընթացը: “Իհարկե, նման ծառայություն մատուցում են Հայաստանի մի շարք բանկեր, սակայն առկա է դրա մատչելիության խնդիրը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում առավել մատչելի մեխանիզմների կիրառում, ավելի մեծ թվով ուսանողների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, առավել հասանելի կրթական ծառայությունների մատուցում բուհերի կողմից եւ կրթություն ստանալու խոչընդոտների մեղմացում: Այսինքն, այս ծրագիրը նախեւառաջ միտված է բարձրագույն կրթության հասանելիությանը եւ մատչելիությանը: Համալիր գործողությունների արդյունքում` լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա կրթություն ստանալ եւ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով` վարձահատույց լինել այն ներդրումների համար, որոնք արվել են պետության կողմից”,-նշել է Արմեն Աշոտյանը:

 Հայաստանի բանկերի միության նախագահն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է հայաստանյան բանկերի ուշադրության կենտրոնում, եւ վերոնշյալ ծրագիրն էլ այդ նախաձեռնություններից մեկն է: “Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչեւ 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից:  Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին”,-ընդգծել է Աշոտ Օսիպյանը` հավելելով, որ ծրագիրն  իրականացվելու է  14 առեւտրային բանկերի միջոցով:

 Ասուլիսի ընթացքում բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ