29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Սիրելիին նամակն» ու մեծ շրջադարձը. Ռաքել Դինք /ֆոտո/

001_rd_1200x480

Ռաքել Դինքի ճակատագիրն ասես Թուրքիայի հայության վերջին հարյուր տարվա պատմության հայելային անդրադարձը լինի: Նրա պատմությունը չափազանց դժվար է պատկերացնել առանց ամուսնու` Հրանտ Դինքի. նրանց կյանքը միաձուլված է լույս ու ստվերի պես՝ մինչ օրս, գրում է 100LIVES.COM-ը:

Ռաքել Դինքը ծնվել է 1959 թվականին հայկական Վարդո գերդաստանում: Նրա մեծ հայրը` Վարդանը, որի անունից էլ ծագում է ցեղախմբի անունը, վանեցի է եղել: Խուսափելով ջարդերից` Վարդանը հարազատների հետ հաստատվել է Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմանին գտնվող Ջուդի լեռան լանջերին: Գոյությունը պահպանելու համար գերդաստանը թաքնվում է լեռան խոռոչներից մեկում: «Ասում են՝ այդ խոռոչը չի եղել, բայց Աստված մեզ համար այդ խոռոչը բացեց: Այդպես էին ասում: Շատ երկար ժամանակ այդտեղ են ապրել»,- պատմում է տիկին Ռաքելը բերնեբերան փոխանցված ընտանեկան լեգենդը:

«Մինչեւ 2007-ը նրա սիրելին էի միայն, զավակների մայրը, տան տիկինը` այդքանը միայն: Ինձ համար շատ բան փոխվեց, երանի թե չփոխվեր…»

Վան քաղաքի տեսարան, լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի

Գերդաստանը կոտորածից փրկվել է արաբական Թայան ցեղախմբի օգնությամբ: Նույնպես լեռան լանջերին հաստատված այս ցեղախմբի անդամները թաքցրել են հայերի` այդ տարածքում գտնվելու փաստը:

«1915-ին, երբ թաքնված են եղել, մեծ մայրիկիս քույրը փոքր երեխա է ունեցել, ու վտանգի ժամանակ երեխայի լացի ձայնը չեն կարողացել կտրել: Սկեսուր մայրիկը երեխային ձեռքից առել է, որպեսզի ձայն չհանի, ու չգտնվեն այդ ձայնի միջոցով, ու…  չեմ կարող այդ բառը ասել… մի խոսքով՝ այդ երեխային կորցնում են»,- ընտանիքի ապրած սարսափների մասին պատմում է Ռաքելը Դինքը:

Ռաքելի հայրը` Սիյամենթը, եւ մայրը` Դելալը, վեց երեխա են ունենում: Ընտանիքի երկրորդ զավակ Ռաքելն ութ տարեկան էր,  երբ հիվանդության պատճառով մահանում է մայրը: Նրա հայրը կրկին ամուսնանում է եւ ունենում եւս յոթ զավակ: Ընտանիքում ո՛չ հայերեն են իմացել, ո՛չ էլ թուրքերեն՝ խոսել են միայն քրդերեն: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եղել:

Երբ Ռաքելն ութ ու կես տարեկան էր, Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ նրանց գյուղ են այցելում մի խումբ հոգեւորականներ (այդ օրերին Պոլսից քրիստոնյա հոգեւորականներ էին շրջում Անատոլիայում` փնտրելու ցեղասպանությունից մազապուրծ հայերին եւ մյուս քրիստոնյաներին): Այդ խմբի մեջ էին նաեւ Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ Հրանտ Գյուզելյանն ու Օրհան Յունքեշը, որոնք մի խումբ տեղացի հայ երեխաների տեղափոխում են Ստամբուլ` կրթություն տալու նպատակով: Երեխաների երկրորդ խմբի մեջ էր նաեւ Ռաքել Դինքը՝ երկու եղբայրների հետ. «Եկանք Ստամբուլ, որ կարողանանք կարդալ-գրել սովորել, հայերեն սովորենք: Մեր գյուղին մոտ դպրոց չկար, ոչ ոք գյուղում կարդալ չգիտեր»: Ստամբուլում խումբը կանգ է առնում Թուզլայի հայ երեխաների ճամբարում` «Քամփ Արմեն»-ում:

Ռաքելն ու Հրանտ Դինքը «Քամփ Արմեն»-ում

«Քամփի մեջ մեզ մի քիչ «այբ, բեն, գիմ» սովորեցրին, մի քիչ թուրքերեն սովորեցինք: Գյուղում աթոռ ասվածը չէինք տեսել, միայն հնձել, ցանել, հերկել, այդպիսի բաներ էինք տեսել, այդպիսի բաներ գիտեինք»,- Ստամբուլում անցկացրած առաջին օրերն է հիշում տիկին Ռաքելը: Այնուհետեւ Ռաքելը տեղափոխվում է Գետիկփաշայի հայկական եկեղեցու գիշերօթիկ դպրոց` կանոնավոր կրթություն ստանալու, իսկ ամառներն անցկացնում էր «Քամփ Արմեն» ճամբարում: Նա հիշում է, որ դպրոցական տարիներին ստիպված էին անընդհատ օթեւանից օթեւան տեղափոխվել, քանի որ թուրքական պետությունը փակում էր այդ օթեւանները` պատճառաբանելով, թե դրանք անօրինական են: Հետագայում ստիպված Ստամբուլ են տեղափոխվում Ռաքել Դինքի հայրն ու ազգականները, քանի որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում քրիստոնյաները բռնությունների էին ենթարկվում:

Ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլ տեղափոխվելու հենց առաջին օրերին: Հրանտ Դինքը եւս ամառները «Քամփ Արմեն»-ում էր անցկացնում, իսկ դասերի ժամանակ ապրում էր Գետիկփաշայի գիշերօթիկում: «Քամփում սիրահարված էինք արդեն»,- աղջկական ամաչկոտությամբ հիշում է Ռաքել Դինքը:

 

Ռաքել ու Հրանտ Դինքերի պսակադրության օրը

1977 թվականի ապրիլի 23-ին նրանք պսակադրվում են: Այդուհետ Ռաքելը դառնում է Հրանտի կյանքի անբաժան ուղեկիցը, խորհրդատուն, գործընկերը: Հրանտ Դինքը կրթությունը շարունակում է Ստամբուլի համալսարանում` ուսումնասիրելով կենդանաբանություն ու փիլիսոփայություն: Նրանք ունենում են երեք երեխա` Պայծառը (Դելալ), Արարատը եւ Սերան:

 Հրանտ Դինքի ընտանիքը (ձախից աջ՝ Հրանտը, զավակները՝  Սերան, Արարատը, Դելալը, թոռը՝ Նորան, եւ կինը՝ Ռաքել Դինքը) 

Պսակադրությունից բազում տարիներ անց «Ակօսի» համարներից մեկում Հրանտ Դինքը գրելու էր. «Անշուշտ ապրիլի 23-ները հատուկ են ինձ համար: Այդ օրը նաեւ իմ եւ իմ շատ սիրելի կնոջ ամուսնության օրն է: Ապրիլի 23-ը ապրիլի 24-ին միացնող գիշերը մեր առաջնեկին լույս աշխարհ բերելու գիշերն էր: Ո՛չ ապրիլի 23-ն էր, ո՛չ էլ ապրիլի 24-ը. երեւի այդ պահը ապրիլի 23.5-ն էր»:

Երբ «Քամփ Արմեն» ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանը ձերբակալվում է (պետությունը նրան մեղադրում էր ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու մեջ), Հրանտ եւ Ռաքել Դինքերը հանձն են առնում ճամբարի խնամակալությունը մինչեւ 1983 թվականը, երբ պետությունը վերջնականապես փակում է ճամբարն ու հայ համայնքից խլում սեփականության իրավունքը (2015թ. ճամբարի տարածքի սեփականատերը որոշել էր քանդել ճամբարի շենքը, սակայն Պոլսում բնակվող հայ երիտասարդների ու համախոհների ջանքերով 175 օր տեւած պայքարից հետո ճամբարը վերադարձվեց հայկական համայնքին):

                             Հրանտ եւ Ռաքել Դինքերը «Քամփ Արմեն» ճամբարի երեխաների հետ

Դրանից հետո Հրանտ Դինքը զբաղվում է գրական գործունեությամբ, գրում Պոլսի «Մարմարա» հայկական օրաթերթում: Քաղաքական հայացքների համար 80-ականներին երեք անգամ բանտարկվում է: 1993-ին ընկերներով հիմնում են «Արաս» հրատարակչատունը: 1996-ին, զգալով Թուրքիայի հանրությանը հայկական խնդիրներին ծանոթացնելու կարեւորությունը, հիմնադրում է Թուրքիայի առաջին հայկական թուրքերեն շաբաթաթերթը` «Ակօս»-ը: «Թուրքիայում փոքր պրոբլեմ երբ լինում էր, անմիջապես ասում էին` «թշնամի հայ»: Հային թշնամի սարքելով` իրենք իրենց քաղաքականությունն էին անում: Սա Հրանտի համար կարեւոր նյութ դարձավ՝ թե պետք է մենք մեզ ցույց տանք, մեզնից պետք է սովորեն մեր խնդիրները, մեր ով լինելը»,- ամուսնու մտորումների մասին հիշում է Ռաքել Դինքը: «Ակօսի» առաջին համարը լույս է տեսնում Սուրբ Զատիկի օրը. «Առաջին էջի գլխագիրն էր` «Ահա ձեզ համար ակոս բացեցինք, ով բարի հունդ ունի, թող բերի, ցանի»: «Ակօսը» դեռ շարունակվում է, բայց ինքը… »:

«Միասին էինք ամեն բանի մեջ: «Ակօս» անունը երբ դնում էին, ասացի` շատ աղվոր անուն է, Հիսուսի առակներում կա, որ բարի մշակը սերմը ցանում է, ակոս է բացում, ինչ լավ կլինի, որ դրա հետ կապես»:

Հրանտի ողջ գործունեության ընթացքում Ռաքել Դինքին չեն լքել մի կողմից՝ հպարտության, մյուսից՝ անհանգստության զգացումները. «Երբեմն մայրիկները կասեին` տղաս, վախենում ենք քեզ համար, այսքան համարձակ մի խոսիր: Բայց մյուս կողմից էլ հպարտանում ու ուրախանում էին, որ իրենց տեղը մեկը խոսում է: Ես էլ էի հպարտանում, ես էլ էի սիրում նրա այդ ազատ խոսքը՝ ինչպե՞ս ես քաջ մարդով հպարտանում, ուրախանում: Ոճիրից հետո երբեմն ինքս ինձ հանցավոր եմ զգում, որ բնավ հետ չքաշեցի, չասացի` բավ է, մինչեւ ե՞րբ… Երանի թե ավելի շատ ասեի…»:

Հրանտ եւ Ռաքել Դինքերը

2007 թվականի հունվարի 19-ին տեղի է ունենում Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը: Այդ օրը անկյունաքարային եղավ Թուրքիայի պատմության մեջ. հարյուր հազարավոր քաղաքացիներ հուղարկավորության ժամանակ փողոց դուրս եկան «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսով:

«Հուղարկավորությունից երկու օր առաջ ասացին` Ռաքել, դու պիտի խոսես: Ասացի` կխոսեմ, բայց ի՞նչ պիտի խոսեմ: Աղոթեցի…ասացի՝ ով Տեր, ես քո զավակն եմ, ես ու ամուսինս իրար շատ էինք սիրում, այս սերը պետք է ցոլացնեմ: Ասացի` պիտի ջանամ Թուրքիայի մեջ եղած անիրավությունները բացատրեմ,- հիշում է տիկին Ռաքելը,- այդ նամակը` «Սիրելիին նամակը» գրեցի, եւ այդ օրն այդ ելույթից հետո իմ կյանքն էլ փոխվեց»: Նամակում Ռաքել Դինքը գրում է.

«Ո՞վ կարող է մոռանալ քո գրածներն ու ասածները, սիրելիս: Ո՞ր խավարը կարող է մեզ ստիպել մոռանալ. վա՞խը, ճնշված կյա՞նքը, նյութական աշխարհի հաճույքնե՞րը, մի՞թե մահը: Ոչ, սիրելիս, ոչինչ չի կարող ստիպել մեզ մոռանալ»:

 

Այդ օրից Ռաքել Դինքն իր կյանքը նվիրել է Հրանտ Դինքի թողած ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին: Հենց այդ նպատակներով էլ 2007 թվականին ստեղծվում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի խորհրդի նախագահն է Ռաքել Դինքը: Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր` նվիրված Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին, հայերի եւ մյուս փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը, ատելություն պարունակող հռետորաբանության ուսումնասիրությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

Կյանքի դժվար փորձությունների միջով անցած, բայց նաեւ սիրով ու քնքշությամբ շրջապատված Ռաքել Դինքը լավատես է: Նա հավատում է, որ ապագան իր երջանկության հիմնական աղբյուրների` իր թոռնիկներ Նորայի, Նարեի, Սարենի ու Հրանտ Դինք կրտսերի համար լուսավոր է լինելու:

Աղբյուր՝ https://100lives.com/hy/stories/detail/premium/9027/-

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ